Իմ երազները ինձ պես կավից են,
Քիչ ծառակերպ են,
Քիչ քարակերպ են,
Քիչ սարակերպ են,
Քիչ դարաբեկ են,
Քիչ էլ...
Ես ներաճում եմ նրանց խորքերում,
Նրանց աչքերով իմ խորքն եմ նայում՝
Տեսնելու անտես բրուտագործին,
Կանխելու նրա շինվածքները կեղծ,
Փուչ շինվածքները ջարդել-փշրելու,
Մատնահունցվելու շաղախների մեջ։
Իմ երազները ինձ պես կավից են,
Քիչ սիրակերպ են,
Քիչ տխրաբեկ են,
Քիչ ջրակերպ են,
Մի քիչ անկերպ են,
Քիչ էլ...
Թե ջարդվեն՝ մի նոր շաղախ են դառնում,
Ինքս իմ ձեռքով մատնահունցվում եմ,
Մատնահունցվում եմ երազներիս մեջ,
Հեռու-հեռավոր ինչ-որ մի ժամի
Գուցե թե հանկարծ փոխվի միտքը իմ
Եվ իմ փոխարեն կերտեմ մի... կուլա։
Իմ երազներն էլ ինձ պես կավից են,
Կավահողից են,
ցավահողից են,
Չգիտեմ ուրիշ էլ ինչ հողից են...