Իմ երկերի քննադատության առթիվ

ԻՄ ԵՐԿԵՐԻ ՔՆՆԱԴԱՏՈԻԹՅԱՆ ԱՌԹԻՎ

«Բազմավեպ»-ի ներկա տարվա հունվարի տետրում Լեոն շարունակելով «Ռուսահայ վիպագրություն» վերնագրով յուր քննադատականը, բավականաչափ հայհոյանքներ էլ ուղղել է իմ հասցեին։

Պարապ չգտնելով ժամանակին իմ դիտողությունն անել այդ առթիվ, այժմ եմ գալիս նույն պարտքը կատարելու, ընդունելով, որ ճշմարտությունը երբ էլ որ ասվի, կմնա ճշմարտություն։

Նախ՝ ես զարմանում եմ, որ «Բազմավեպ»-ի հարգարժան խմբագրությունը յուր հայտարարության մեջ՝ «արտաքին աշխատակիցներուն» ուղղված պայմանների շարքում «չենք մերժեր թղթակցություններ, եթե գրվին լրջորեն, առանց կուսակցական ոգվույն, առանց կրքերու մղումի» խոսքերը դնելուց հետո, այսուամենայնիվ տեղ է տվել Լեոյի՝ իմ նկատմամբ գրված հատվածին, որ ոչ միայն տոգորված է «կուսակցական ոգվով» ու «կրքերու մղմամբ», այլև ամփոփում է հայհոյանք, ստություն և զրպարտություն։ Եթե հարգելի խմբագրությունը դիտմամբ չէ արել այդ բացառությունը միայն Լեոյի համար, ապա նա կհաճի թույլ տալ և ինձ՝ ասել այդ առթիվ մի քանի խոսք, ընդունելով որ յուր թերթի միջոցով զրպարտվածը իրավունք ունի նույն թերթում արդարանալ։

Ընդունված չէ առհասարակ, որ հեղինակը հրապարակ գա յուր գործերը պաշտպանելու, երբ մատենախոսին մեկը քննադատում է նրանց։ Այդ համարվում է պատշաճից դեմ, այն պարզ պատճառով, որ ամենքը գիտեն թե՝ «Պառավն յուր թանին թթու չի ասիլ»։

Բայց երբ ինքն իրեն քննադատ ներկայացնողը՝ զուրկ լինելով ճշմարիտ քննադատին վայել թե՛ պատրաստությունից և թե՛ բարեխղճությունից, քննության առած նյութը դիտմամբ խեղաթյուրում, կամ հեղինակի անունն արատավորելու նպատակով՝ նրա երկերին հատկացնում է սուտ ու շինծու թերություններ, այդ դեպքում հեղինակն իրավունք ունի մի կողմ թողնելու համեստությունը և հրապարակ գալով՝ մերկացնելու քննադատի չարամտությունը։ Այդ իրավունքը ունիմ և ես, մանավանդ այն պատճառո՜վ, որ իմ երկերը 1880-ից սկսած մինչև այսօր տպվել են միայն պարբերական թերթերում ու հանդեսներում և լույս չեն տեսել առանձին գրքերով։ Հետևապես, եթե անբարեխիղճ քննադատը շինծու թերություններ էլ հատկացնե նրանց, այսօրվա ընթերցողը որ անծանոթ է անցյալին, պիտի հավատա նրան, ըստ որում անկարող է հին թերթերը քրքրելու և քննողի ասածներն անձամբ ստուգելու։

Այսուամենայնիվ, չընդունելով Լեոյին իբրև քննադատ, որպիսին լինելու նա ոչ կարողություն և ոչ էլ պատրաստություն ունի, այլև ուշադրության չառնելով իմ մասին տված նրա վկայությունները, թե' իբր ես անհայտ եմ ընթերցող հասարակությանը, թե վերջինս չէ ոգևորվել իմ պահպանողական ուղղությամբ և այլն և այլն, ըստ որում հայտնի է, որ Արծրունու հաջորդները «հասարակություն» անվանում են միայն նրանց, որոնք իրենց «հավատն» են դավանում և իրենց «կուռքին» երկրպագում, իսկ դրանցից դուրս հայություն չեն ճանաչում— ես, իհարկե, չեմ երկարիլ խոսքս այդ ուղղությամբ։ Բայց կարևոր համարելով ներկայացնել ընթերցողին Լեոյի արժանյաց կշռաչափը, առաջ եմ բերում նրա գրվածքից նախ` ցանկը այն հայհոյանքների, որ նա ուղղել է իմ հասցեին և երկրորդ այն սուտերն ու զրպարտությունները, որ հերյուրել է իմ երկերի նկատմամբ։ Այդքանով արդեն ուշիմ ընթերցողը կարող է բնորոշել նրան թե' իբրև մարդու և թե՚ իբրև քննադատի։

Իմ երկերին նվիրած երկու և կես փոքրիկ սյունակներում Լեոն ինձ անվանել է' «անհամբերող, հետադեմ, խավար հասկացողությունների տեր, ֆանատիկոս, աղանդավոր, սանձարձակ պարսավագրող, ուղղափառ հայրենասեր (ծաղր), ամբոխի ստոր կրքերը գրգռող, զրպարտող, առասպելարկու, տիրացու ազգասեր, մարդկանց միտքը թունավորող, պատմությունը կեղծող, հրեշավոր մեղադրող, կրքից կուրարած, անվանարկող և (վերջապես) գրականությունը պղծող…»։

Առաջ բերելով հայհոյանքների այս ցանկը, ինձ ուրիշ ոչինչ չէ մնում ասել, եթե ոչ հիշեցնել ընթերցողին Բյուֆոնի խսսքը' le style c'est l'homme — ոճը ինքը մարդն է։ Իսկ ընթերցողը դրանցից պիտի եզրակացնե այն` թե երբ մի գրագետ տեր է այսպիսի ոճի, այսինքն`խոսելու կամ գրելու ժամանակ կորցնում է գլուխը այնքան, որ «բաղար»֊ը շփոթում է «դպրության» հետ, այդ արդեն ապացույց է, որ նա զուրկ է բարեկրթությունից, բարեխղճությունից և գրական ասպարեզը մտնելու արժանավոր պատրաստությունից: Եվ որովհետև այդպիսի մարդու մտքի ու խղճի առաջնորդը միշտ կիրքն է լինում, հետևապես նրա պարսավն ու գովեստն էլ նույն արժեքը պիտի ունենան, ինչ որ ամեն մի խոսք, վկայություն, որոնք ծնունդ են լոկ կրքի: Այս տեսակետը` Լեոյի վերաբերմամբ` ավելի լավ են ճշտում հետևյալները։

Շարունակելով խոսել իմ մասին, նա ասում է.

«Զեոքի տակ չունենալով հեղինակի բոլոր գրվածքները, միայն կցկտուր տեղեկություններ կարող ենք հաղորդել նրա մասին»:

Այստեղ, իսկապես, պարոնը պետք է կանգ առներ։ Որովհետև երբ քննադատը առձեռն չունի հեղինակի գրվածքը, կամ զուրկ է այնպիսի հիշողությունից, որ կարողանա կարդացածը անսխալ մտաբերել, պետք է բարեխիղճ լինի և լռե նրա մասին։ Բայց չէ։ Լեոն որոշել է բոլոր վիպասանների մասին խոսել, բոլորին էլ գտնել, վար զարնել, և որովհետև դրանց թվումն է և Մուրացանը— ահա նա, թեպետ ձեռքի տակ չունի նրա գրվածքները, այսուամենայնիվ, սկսում է նրանց մասին խոսել, ապահով լինելով, որ թե չհաջողի պարսավել նրանց ճշմարտությունը գրելով, այդ կանե, գոնե, ստեր հերյուրելով։

Խոսելով «Հայ բողոքականի ընտանիքը» վերնագրով իմ անդրանիկ վեպի մասին, նա խեղաթյուրում ու այլանդակում է նրա բովանդակությունը, մեջ բերելով այնպիսի հետևություններ, որ մի ուրիշը չէր կարող հանել նրա ընթերցումից։ Եվ այդ անում է այն ապահով համոզմամբ, թե ընթերցողը չի պիտի համեմատե յուր գրածը բնագրի հետ։ Եթե այդպես չլիներ, կամ թե նա ընթերցողին ապուշի տեղ չդներ, ապա թույլ չէր տալ իրեն գրել այսպիսի բան. «Երբ մենք կարդում ենք նրա (Մուրացանի) գրվածքների ցուցակը, իմանում ենք, որ նա գրել է և «Իմ կաթոլիկ հարսնացուն» վեպը, կարող ենք թույլ տալ մեզ առանց նույնիսկ վեպը կարդացած լինելու, թե ի՞նչ վերաբերմունք պիտի լինի դեպի այդ կաթոլիկը։ Միայն այս վերնագիրները «Հայ բողոքականի ընտանիքը», «Իմ կաթոլիկ հարսնացուն» բավական են ցույց տալու համար, որ մենք գործ ունենք հայ տիրացուական ազգասիրության ներկայացուցիչներից մեկի հետ»:

Բավական չէ, որ մարդ խիղճ չունենա, ամոթից էլ պետք է զուրկ լինի, որ կարողանա այս տողերը հանձնել մամուլին։ Արդյոք տեսնվա՞ծ է աշխարհում մի քննադատ, որ վիպասանի գրվածքի միայն վերնագիրը կարդալով, դատաստան անե նրա մասին: Մի՞թե այս չէ ապացուցանում այն, որ պարոնը հենց սկզբից է ճգնում նախապաշարել ընթերցողին և տոգորել նրան այն ատելությամբ, ով ինքն է վառված գրողի դեմ: Կա՞ արդյոք այստեղ գրականության ու գեղարվեստին ծառայություն մատուցանելու ցանկության գեթ մի նշույլ։

«իմ կաթոլիկ հարսնացուի» մեջ ես նկարագրել եմ գաղափարական սերը մի կաթոլիկ հայ աղջկա և հայադավան երիտասարդի, որոնց ապագա միության սիրով համաձայնել են իրենց մերձավորները, համարելով այդ երկու ընտանիքների համար մեծագույն մի բախտ: Բայց կաթոլիկ քահանան խանգարում է այդ միությունը` հայտնի պատճառներով, որոնք բացատրված են վեպի մեջ։ -Չե՞ն եղել այդպիսի դեպքեր, չե՞ն լինում և այսօր էլ։ Մի՞թե հանցանք է, որ ես իմ վեպերով հարվածում եմ կրոնական մոլեռանդությունը. կարդացեք վեպը և տեսեք, ա՞յդ է նպատակը թե ոչ։ Եվ մի՞թե միայն բողոքական ու կաթոլիկ հոգևորականների թերությանց մասին եմ խոսել, նույնը չե՞մ արել հայադավան հոգևորականների նկատմամբ։ Եթե առաջինների մեջ հարվածել եմ կրոնական մոլեռանդությունը, վերջինների մեջ էլ եպերել եմ զոշաքաղության ախտը, ծուլությունն ու անգործությունը: Ապացույց ձեզ իմ «Չհաս» վեպը, որի մեջ հայ քահանաների մի ամբողջ խումբ, իրենց եպիսկոպոսի հետ դուրս են բերված կարի անհամակրելի գծերով։ Նույնը չեմ արած և իմ «Առաքյալ»-ի մեջ։ Ինչո՞ւ Լեոն չէ խոսում դրանց մասին, ինչպես և բազմաթիվ պատմական ու առօրյա կյանքից առած վեպերի ու վիպակների, որոնց թիվը հասնում է երեսունի։

Չի խոսիլ, այո՛, որովհետև դրանց մեջ չէ գտնում պատճառ ինձ լավապես հայհոյելու։ Իսկ Լեոն գիտե, որ երբ չէ հայհոյում, յուր գրվածքը արդեն զրկվում է աղից։ Հիշելով իմ «Անդրեաս երեց» պատմական վեպը ասում է.

«Տեր Անդրեասը պատմական անձնավորություն է։ Առաքել պատմագիրը պատմում է, որ նա ուսուցիչ էր Ագուլիսում և Շահաբասը տեղական թուրքերի մատնությամբ նահատակել տվեց նրան: Մուրացանը միևնույն դեպքն է պատմում։ Բայց հայ քահանային պարսից շահի ձեռքը մատնողներր թուրքերը չեն նրա համար, ինչպես վկայում է ժամանակակից պատմիչը, այլ կաթոլիկ հայերը, Նախիջևանի ունիթորները։ Նույնիսկ պատմությունը կեղծել, այս բանից էլ չի քաշվել Մուրացանը»:

Ստախոսությունն ու զրպարտությունը սրանից դենը անցնել չէ կարող։

Նախ' Լեոն, որ ինձ է «պատմությունը կեղծող» անվանում, այդ (թեպետ վիպասանը իրավունք ունի վեպի մեջ որոշ չափով այդ անելու, օգտվելով քերթողական ազատությունից, որի մասին մի անգամ ընդարձակ դաս եմ խոսել Լեոյին «Մուրճում», բայց որը նա իբրև բթամիտ աշակերտ մոռացել է) հենց ինքն է այստեղ պատմությունը խեղաթյուրում։ Առաքել պատմագիրը չէ ասում թե տեղական թուրքերն են տեր-Անդրեասին մատնել շահի ձեռքը, այլ թե նա ինքն է մատնել իրեն, կամենալով ազատել ժողովուրդը։ Երբ Շահաբասը մտնելով Ագուլիս, տեսնում է իրեն դիմավորող բազմության մեջ տեր-Անդրեասի աշակերտների գլուխները զերծած (այդպես էին արել ծնողները, որպեսզի տղաները տգեղ երևալով, շահից չհափշտակվեն), նա զայրացած հարցուփորձ է անում, թե` ո՞վ է արել այդ։ Ծնողները ուրանում են իրենց մասնակցությունն այդ գործի մեջ։ Իսկ տեր-Անդրեասը տեսնելով, որ բազմաթիվ մարդիկ պիտի զոհվեն, եթե գործի իսկությունը բացվի, որոշում է զոհել իրեն ժողովրդին, և շահի մարդկանց առաջ իր վրա է առնում հանցանքը և ապա նույնը կրկնում շահի ատյանում։

Այս ձևով էլ ես առաջ եմ բերել իմ վեպի մեջ, ճոխացնելով այն վիպական մանրամասնություններով։

Բայց Լեոն յուր միջից է հնարում այն, թե իբր ես ցույց եմ տվել որ տեր֊Անդրեասին մատնողները եղել են կաթոլիկ հայերը։ Պնդում եմ, որ այդ սուտ է, անխիղճ հերյուրանք է։ «Անդրեաս երեցը» տպված է «Լումա» հանդեսի 1897 և 1898 թվի գրքերում։ Հետաքրքրվողը կարող է կարդալ։ Այդտեղ ոչ միայն հայ կաթոլիկները չեն ունեցել մասնակցություն տեր- Անդրեասին մատնելու գործում, այլև նրանց կարգապետ Մատթեոս Երազմոսը և պապի նվիրակ Մարիա Չիտտադինին միջնորդելով շահի առաջ` ներումն են ձեռք բերում տեր-Անդրեասի համար, այն վայրկենին, երբ նա կանգնած է լինում կախաղանի տակ։ Միայն թե տեր֊Անդրեասը չկամենալով ազատված հռչակվել ունիթորների շնորհիվ, պատռում է ներման թուղթը և այնպես նահատակվում։

Առաջ բերված այս փաստերով արդեն ընթերցողը կտրող է Լեոյի՝ իմ և իմ երկերի նկատմամբ արած քննադատության արժեքը չափել։

Ինչ վերաբերում է նրա հոդվածի մնացյալ կետերին, որոնք նույն հոգվով ու ուղղությամբ գրված լուտանքներ են, թողնում եմ անուշադիր։ Վասն զի իմ երկերը, որոնք մինչև այժմ ցիրուցան էին պարբերական թերթերում, այս տարվա առաջին կիսից սկսած, հետզհետե պիտի լույս տեսնեն առանձին հատորներով։ Ցանկացողներն, հարկավ, կկարդան և ըստ այնմ իրանց դատաստանը կանեն։

Մուրացան