Ռուզանը և նրա քննադատները

«ՌՈԻԶԱՆԸ» ԵՎ ՆՐԱ ՔՆՆԱԴԱՏՆԵՐԸ


Համեստության ու պատշաճի տեսակետից դատելով՝ լավ է, որ սեփական երկի մասին երբեք չխոսե հեղինակը, որովհետև որքան էլ անկեղծ լինի նա, դարձյալ կգտնվին մարդիկ, որոնք նրա խոսքին կհակադրեն հայտնի առածը թե՝ «Ոչ ոք յուր թանին թթու չի ասում»։ Բայց և համեստության այդ պահանջին հնարավոր է, կարծում եմ, պատկառ մնալ այնպիսի երկրում, ուր նախ՝ կան ճշմարիտ քննադատներ, այսինքն՝ մարդիկ, որոնք պատրաստություն և կոչումն ունին գրական երկերի անաչառ քննիչն ու դատավորը լինելու, և երկրորդ՝ ընթերցողների մեծ մասը զարգացած է այնքան, որ կարող է յուր կարդացածի մասին գաղափար կազմել՝ ազատորեն կարդալով անձամբ հեղինակի գրվածքը և ոչ թե կուրորեն ենթարկվել առաջին պատահած տգետ, անբարեխիղճ գրողի կարծիքներին, եթե ի դեպ դրանք արտահայտվեն կրքով, որոշ դիտումներով։

Մեր մեջ, դժբախտաբար, հազվագյուտ են քննադատներ բառի իսկական նշանակությամբ. դրանց փոխարեն կան բազմաթիվ պոլեմիստներ, որոնք այս ու այն գրական երկի մասին հայտնում են իրենց հայացքն ու կարծիքները որոշ դիտումներով ու նպատակներով՝ աչքի առաջ ունենալով ավելի գրողի անձը, քան գործը։

Այս երևույթն ունի յուր բնական պատճառները։ Մեր երկրի հայ մամուլը յուր աշխատակիցներին ու ընթերցողներին, կամ, ընդհանուր առմամբ, մտածող հայ հասարակությանը բաժանել է ականների և մկրտելով նրանց ազատամիտ ու պահպանողական, առաջադեմ ու հետադեմ անուններով՝ հասարակաց է դարձրել այն միտքը թե՝ երկու հակառակ բանակի մարդիկ միևնույն ճշմարտությունը դավանել չեն կարող, թե մեկի գտած լավը` մյուսը պիտի հռչակե, կամ ցույց տված բարին պիտի ընդունե չարի տեղ, այդ իսկ պատճառով ես կարծում եմ անհետացել են ասպարեզից ճշմարիտ քննադատներ և նրանց տեղն անցել զուտ պոլեմիստներ, կամ գրական մարտիկներ, որոնք կոչումն ունենալով այս կամ այն բանակի պատերազմը պատերազմելու, բնականաբար, անկարող պիտի լինեն հակառակորդի պաշտպան կամ փառավորիչ հանդիսանալ՝ նույնիսկ եթե սա արժանի լիներ դրան, կամ դատել ու պարսավել իրենց կուսակցին, եթե նրա գործը պարսավի լիներ արժան։

Քննադատը, սակայն, ուրիշ է։ Իմ կարծիքով, նրա համար չկա կուսակցություն, չկան բանակներ, ազատամտի կամ պահպանողականի շահեր. նա ճանաչում է միայն ազատ ստեղծագործությունը և սրա արժանիքը: Նրան կարող է հետաքրքրել և խոսեցնել ամեն մի գործ, որ առնչություն ունի գեղարվեստի, նրա զարգացման և շահերի հետ: Եվ երբ հարկ լինի խոսել, կխոսե արդարությամբ, առանց աչառելու, առանց բարեկամ և հակառակորդ ճանաչելու։ Կգովե սիրով, ինչ որ արժանի է գովության, և կպարսավե աներկյուղ, ինչ որ պետք է պարսավել։

Հայտնի Բելինսկին իրավամբ կրիտիկոսին անվանում է «գեղեցկի դատավոր» և կրիտիկայի նպատակը համարում այն՝ որ նրա շնորհիվ ստեղծագործության կամ գեղարվեստի հիմնական օրենքները բացատրեին տեսականապես, իսկ նրանց ճշմարտությունը հաստատվի գործնականորեն:

Այս անել կարողանալու համար, հարկավ, կրիտիկոսը ոչ միայն ծանոթ և հմուտ պիտի լինի ստեղծագործության հիմնական օրենքներին, հապա ձիրք էլ պիտի ունենա այդ օրենքները ըստ պատշաճին բացատրելու՝ դրանց հիման վրա հեղինակի գործը քննելու, ըստ որում այդ օրենքներից դուրս եկող ըմբռնումով քննություն կատարելը ոչ այլ ինչ է, եթև ոչ կամայականություն, որ հարկավ պոլեմիստին, բայց երբե՛ք կրիտիկոսին՝ վայել ունակություն է։

«Կրիտիկոսի ձիրքը, ասում է Բելինսկին, հազվագյուտ ձիրք է, այդ պատճառով էլ բարձր գնահատելի... Սխալվում են նրանք, որոնք կրիտիկոսի արհեստը համարում են դյուրին և քիչ թե շատ ամենքին մատչելի։ Կրիտիկոսի տաղանդը հազվագյուտ է, իսկ ճանապարհը դյուրասահ և վտանգավոր։ Եվ, իրավ, մի կողմից՝ ո՜րքան բարեմասնություններ պիտի ամփոփե յուր մեջ այդ տաղանդը. և՛ խոր զգացմունք, և՛ վառ սեր դեպի արվեստը, և՛ խիստ ու բազմակողմանի ուսումնասիրություն, և՛ օբյեկտիվ մտածություն, որ աղբյուրն է անաչառության, և՛ չհրապուրվելու ընդունակություն. իսկ մյուս կողմից՝ որպիսի՜ ծանրություն՝ ստանձնած պարտավորության, (վասնզի) դատապարտյալի սխալներին նայում են իբրև սովորական բանի, մինչդեռ դատավորի սխալը պատժվում է կրկնակի ծաղրով»։

Կրիտիկոսին այսպիսի անձն ճանաչելուց հետո ո՞ր ճրշմարիտ գրագետը չի ցանկանա արդյոք, որ յուր երկն արժանանա նրա ուշադիր քննության։ Այդ ցանկությունը բնական է. որովհետև, ինչպես Տենն է ասում, «յուրաքանչյուր արվեստագետ շարադրում է նրա համար՝ որ իրեն գնահատեն ու գովեն. այդ է արվեստագետի աոաջին ցանկությունը»։ Տենի խոսքը իհարկե վերաբերում է նրանց, որոնք իսկապես արվեստագետներ են և որոնք դժբախտաբար չեն ծնվում մեր երկրում, այլ այնտեղ, ուր միջավայրն ունի պատրաստ հող դրանց սնուցանելու, ծնելու և շրջապատն առողջ օդ` այդ ծնունդները խնամելու համար։

Իսկ նրանք, որոնք ծնվում են մեր երկրում, թեպետ հանճարներ չեն, բայց գոնե ունեն այնքան արժանիք, որ իրավունք է տալիս նրանը սպասել քննադատներից եթե ոչ գովեստ կամ փառաբանություն, գոնե ուշադիր և անաչառ վերաբերմունք իրենց ստեղծագործության նկատմամբ։ Եթե զարգացած երկրներում քննադատը յուր պարտքն է համարում միայն գովել գեղարվեստի վերաբերյալ երկը կամ պարսավել չհոգալով այն մասին, թե ի՞նչ է պատահում այնուհետև գրո ղի հետ, մեր երկրում քննադատը չի պիտի բավականանա այդքանով. նա ավելի խնամքով և սրտացավությամբ պիտի վերաբերվի մեր աղքատիկ գրականությանը և նրա սակավաթիվ մշակներին, որոնք առանց այն էլ շատ գրկանքներ են կրում՝ իրենց ասպարեզում կանգուն մնալու համար։ Մեր քննադատը ամենամեծ ծառայությունը կմատուցանե, եթե յուր պաշտոնը կատարելու ժամանակ համակերպի Բելինսկու պահանջին, այն է՝ уяснить основные законы творчества теоретически, подтверждать их истину практически, ինչո՞ւ, որովհետև մեր մեջ գրողները թե ընթերցողները մեծ մասամբ սկսողներ ենք, հետևապես և շարունակ սովորելու կարոտ։ Եթե կան մեր մեջ այնպիսի գրողներ, որոնք արդեն կատարելության գագաթնակետին են հասել և այլևս սովորելու ոչինչ չունին, իմ խոսքս, իհարկե, դրանց չի վերաբերիլ. (գոնե ես այդպիսի գրող չեմ ճանաչում, խոստովանում եմ տգիտությունս), բայց ճանաչածներս, որոց թվում և տողերիս գրողը, չափազանց մեծ կարիք ունեն սովորելու, որպեսզի գեթ հասնել կարողանան գեղարվեստի տաճարի գավթին, չերազելով իսկ թե՝ մի օր պաշտոն պիտի մատուցանեն տաճարի մեջ։ Այդ պատվին գուցե կհասնեն նրանք, որոնք մեր հետևից կգան և որոնց համար մենք մասամբ հարթած կլինենք առապարը։

Այսպես, ուրեմն, կարիք ունենալով սովորելու, շարունակ կատարելագործվելու, ընդնմին և իրավունք՝ պահանջելու, որ քննադատի պաշտոն ստանձնեին նրանք, որոնք պատրաստություն ունեն դրա համար և ոչ թե այնպիսիներ, որոնք փոխանակ գեղարվեստի օրենքները ճշմարտությամբ մեկնելու և առաջադրյալ երկը համաձայն այդ օրինաց քննելու ու դատելու և այդպիսով՝ գրչակների կամ հավակնությունը սանձելու, որով և հայ գրականությանը շահավոր ծառայություն մատուցանելու, ընդհակառակն՝ իրենց տգիտությամբ, կամ անաչառ լինելու անկարողությամբ, խեղաթյուրում են այդ օրենքները և այլանդակում ճշմարտությունը։ Այդպիսով, հաճախ արժանիքը ծածկվում է անհայտության մեջ, իսկ ոչնչությունը, կամ, առավելն, միջակ կարողությունը հռչակվում է իբրև գերազանց կատարելություն։ Հետևանքը լինում է այն՝ որ արժանիք ունեցողները հուսահատվում և ետ են քաշվում ասպարեզից, իսկ գրչակները երես առնելով նետվում են առաջ։ Երկու դեպքումն էլ տուժում է հայ գրականությունը և հետևապես հայ ընթերցողը, որ անկարող լինելով սեփական խելքի ուժով լավը վատից, արժանն անարժանից զանազանել, մնում է ստրուկ քննադատի կարծիքներին։ Կույր մշակականը չի կարողանում հավատալ, թե պահպանողական նոր-դարականը կարող է երբևիցե մի գեղեցիկ բան գրել։ նոր-դարականը մշակականի մեջ չի գտնում ոչ մի ազնվություն և ընդունում է, որ «Մշակի» բոլոր հետևողները իրենց դրոշակակրի պես էգոիստ են, չարալեզու, նախանձոտ, անսահման տգետ հայոց լեզվին ու պատմությանը և միայն հայհոյանքի և անեծքի ընդունակ։ Ես կարծում եմ, բնական է, որ այսպիսի հանգամանքների մեջ հայ հեղինակը ասպարեզ գա երբեմն յուր երկերի մասին խոսելու։

Այս դրաման ես գրել եմ տասնևինը տարի սրանից առաջ։ Նա խաղացվել է Թիֆլիսում, առաջին անգամ 1882-ին, այսինքն հայոց թատրոնի փառավոր շրջանում և այնպիսի խմբի ձեռքով, որի աստղերն էին Ադամյան, Մնակյան, Հրաչյա, Գարագաշ են։ Պարզ է, որ այդպիսի խմբերի ձեռքով խաղացված պիեսի հաջողությունը կլիներ կատարյալ և ազդեցությունը մեծ։ Ւնձ այնպիսի ոգևորված ցույցեր արին, որ քիչ էր մնում հավատայի թե` իրավ, արժանի էի դրանց։ Եվ ճշմարիտն ասած, այդ մոլորության մեջ էլ մնացի օրերով։ Նույն դրության մեջ կլիներ և ամեն մի սկսող, որի գրչի առաջին փորձը նման հաջողության էր հանդիպում։ Բայց իմ անձը և գործերը խստիվ քննելու և նրանց իսկական արժեքը ճանաչելու բնավորությունը օտար չէր ինձ։ Այդ պատճառով էլ չնայելով, որ իմ գործը հանդիպել էր հաջողության և շատերը ժամանակակիցներից խնդրեցին, թախանձեցին, նույնիսկ տպագրության ծախքը առաջարկեցին, որպեսզի ես «Ռուզանը» լույս հանեմ առանձին գրքույկով, այնուամենայնիվ ես չհամոզվեցի, որովհետև իմ գործը բավական մշակված ու կատարյալ չէի համարում, ուստի թողեցի այն անտիպ։ Բացի այդ, որոշ ժամանակից հետո էլ, արգելեցի պիեսը խաղալ որևէ տեղ։

Անցան 18 երկար տարիներ, որոնց ընթացքում և ոչ մի օր ձեռս չէի առել «Ռուզանը», նախ` այն պատճառով, որ հայոց թատրոնը գրեթե մեռել էր, իսկ նրա թափառական բեմը չէր ոգևորում ինձ, երկրորդ ծառայությունից դուրս ունեցած սակավաթիվ ժամերս գործ էի դնում վիպական աշխատությանց վրա։

Բայց այդքան երկար ժամանակում շատ բան փոխվել էր, դյուրությամբ ոգևորվելու և միջակ կարողությունները փառաբանելու շրջանը տեղի էր տվել գործին քննատաբար նայող, հետախուզող և ըստ այնմ դատող շրջանին։ Եվ թեպետ այդ ժամանակի քննական կարողությունն էլ հաճախ ջլատում էր կուսակցական «իմ և քո»-ն, այսուամենայնիվ, սրա արտադրած բարին համեմատաբար ավելի էր քան յուր նախորդինը։ Եվ ահա այսպիսի մի ժամանակ «Ռուզանւ»-ի մեջ մի քանի փոփոխություններ մտցնելով, հրատարակեցի այն «Թատրոն» հանդեսի 1900 թ. № 1 տետրակում։

Ւնչ էր նպատակս, իհարկե ոչ այն, որ ընթերցողի ձեռքը տամ մի կատարյալ երկ, այլ միայն այն, որ լսեմ քննադատների կարծիքները, որոնք իմ համոզմամբ պետք է անաչառ լինեին, ուստի և կարող էին որևէ ծառայություն անել ինձ` իմ գործը լավապես մշակելու համար։

Բայց ովքե՞ր և ի՞նչ խոսեցին Ռուզանի մասին։

— Ամենից առաջ մի դերասան (Արաքսյան)։ Ի՞նչ մեղքս թաքցնեմ, այսպիսի սյուրպրիզի չէի սպասում։ Սրանով, իհարկե, չեմ ուզում ասել, թե` դերասանը չէ կարող լավ քննադատ լինել` ինչո՞ւ չէ` Շեքսպիրն էլ դերասան էր և միևնույն ժամանակ աննկուն հանճար, աննման գեղարվեստագետ։ Բայց, եթե ընթերցողը գոհ չէ, կավելացնեմ և մի ուրիշ բացատրություն։ Դերասան Արաքսյանը հայտնել էր «Ռուզանիա մասին «Մշակի» անցյալ 1900 թ» № 245-ում մի քննադատական կարծիք, որ կարելի էր ամփոփել հետևյալ տողերի մեջ:

«Ռուզանը պիես չէ. նրա գործողները խրտվիլակներ են, հոգեբանական հիմքը կեղծ է, ամբողջ գրվածքը կրիտիկայի չէ դիմանում»։

Սրանից էլ լավ քննադատությո՞ւն։ Բայց ավելի հետաքրքրական է շարժառիթը, որ խոսեցնել է տվել Արաքսյանին, այդ այն է, որ պարոնը մասնակցելով անցյալ դեկտեմբերին Բաքվի բեմի վրա խաղացված Ռուզանի» մեջ, դերը չէ իմացել, բառերը աղճատել, խաղն այլանդակել է և հանդիսականների ու ռեցենզենտների ծաղրին առարկա դարձել: Ինչ պետք է անել, իհարկե վրեժն առնել «Ռուզանից»։ Որովհետև, եթե նա դրված չլիներ, ինքը չէր մասնակցիլ նրա խաղին` չմասնակցելով խաղին` չէր էլ խայտառակվիր: Ինչպես տեսնում եք, առարկությունն էլ է ճիշտ, եզրակացությունն էլ։ Ուրեմն` թողնենք դերասանին հանգիստ։

Պ. Գ. Սունդուկյանը յուր տեղական կյանքից վերցրած պիեսաներով այնքան է փչացրել մեր դերասանների ճաշակն ու լեզուն, որ նրանցից շատերը, որոնք սովորել են Սունդուկյանի Թիֆլիսի կոպիտ բարբառին և կինտոյական բացականչություններին, չեն կարողանում իմ քնքուշ, ազնվասեր լեզուն և հարուստ բառերով ու դարձվածներով պարբերությունները սերտել, և իրենք ի բնե տգետ մարդիկ, մայրենի լեզուն չսովորած` վրացերենով և Թիֆլիսի այլանդակ հայերենով սնված, իրենց շատ դժվար կացության մեջ են տեսնում իմ «Ռուզանը» ներկայացնելիս։

Երկրորդ կարծիք հայտնողը «Ռուզանի» մասին եղավ պ. Տ. Հ. «Մշակի» սույն 1901 տարվա N 20-ում։ Պարոնը խոսեց իմ գործերի մասին այնքան, որքան թույլատրելի էր մի օրաթերթի համառոտ մատենախոսության մեջ, և հայտնեց, որ «Ռուզան»-ը թույլ ողբերգություն է։ Ասում էր որ ինձ չէ հաջողել տիպեր ստեղծել, թե իմ մենախոսությունները ջրալի են ու շինծու. բայց գտնում է, որ դիալոգները հաջող են, ազդու և բնորոշ, որ պիեսը զուրկ չէ էֆեկտավոր հատվածներից, որ իմ ոճը լավ է և թե «Ռուզանի» հաջողությունը մեր բեմի վրա պետք է վերագրել այս վերջին կետերին և պիեսայի գլխավոր հնչյունը կազմող հայրենասիրական զգացմանը։

Իմ պիեսայի մեջ կան ուրիշ թերություններ, որ պարոնը չէ նկատել և առավելություններ, որոնց զանց է առել:

Այսուամենայնիվ, գոհ եմ, որ նա գործի վրա նայել է քննադատի և ոչ պոլեմիստի աչքով. այնպես որ, եթե հարկ լինի նրա դիտողություններից օգտվել, այդ ես կանեմ սիրով։ Մի կետում միայն պարոնը թյուրել է հարցը բացատրելով, իբր թե` թաթարաց իշխանը պահանջում է Ռուզանին լինել իրեն հարճ, որպեսզի այդ գնով փրկվի նրա հայրենիքը։ Բայց իմ պիեսայում հարճի խնդիր չկա։ Այնտեղ ասված է, և Բուրան կամենում է առնել Ռուզանին իրեն կնության: Այս խնդիրը չպետք է դիտմամբ շփոթել. հապա թե ոչ այդպիսով անձնազոհության գաղափարը կարատավորվի և դրաման գլխավոր հիմքերից կխախտվի։ Տ. Հովհաննիսյանը դիտմամբ է այդ հարճը հիշել, այդպիսի ստախոսությունը վայել է Լեոյին, որ տգետ, անպատրաստ և որ գլխավորն է, անկիրթի մեկն է, և ոչ փաստաբան և լավապես զարգացած, ինչպես պ. Հ-ը։ Այժմ դառնանք երրորդ քննադատին, որը և առիթ է տվել ինձ այս հոդվածը գրելու։ Դա է պ. Լեո, որ Ռուզանի մասին գրած յուր մատենախոսականը զետեղել է «Մուրճի» ներկա 1901 տարվա մարտի №-ում։

Խոսելով այն մասին, թե ինչպես հայ պատմական պիեսները իրենց շինծու և արհեստական լինելու պատճառով արժանի չեն այլևս բեմ հանվելու», պ. Լ. վկայում է, որ «Ռուզան»-ը մի տեսակ բացառություն է կազմում դրանց մեջ, (որովհետև) մոտ քսան տարի է, ինչ այդ դրաման մտել է հայ թատրոնական ռեպերտուարի մեջ և այժմ էլ հաճախ լսվում է, թե` նա ներկայացվում է զանազան տեղերում։ Այս երկարակեցությունը պետք է յուր հիմնավոր պատճառներն ունենա»— ասում է պարոնը և սկսում «քննել նրան իբրև դրական երկ», որպեսզի (կհետևցնեք դուք տրամաբանորեն) բացատրե նաև «Ռուզանի» այս երկարակեցության պատճառը։

Թեպետ այս առարկությունները ոչ մի կապ չունեն իմ դրամայի ներքին իմաստի հետ, այսուամենայնիվ, ես կամենում եմ շեղվել խնդրից մի վայրկյան` բացատրելու համար, թե` ինչպե՞ս պ. Լ. սխալ է հասկանում նույն իսկ պատմական ճշմարտությունը։ Հայոց պատմական կյանքն ուսումնասիրողը պետք է ուսումնասիրե նաև այդ կյանքի մասին գրող մարդկանց հոգեբանությունը, որպեսզի կարողանա ճշտությամբ որոշել դրանց գրվածքի իսկական արժեքը։ Այդ, եթե Կիրակոսը յուր նկարագրի մեջ Ջալալին դուրս է բերել իբրև մի ճգնավոր, այդ դեռ չէ նշանակում, թե նա իրոք ճգնավոր էր։ Ւբրև եկեղեցվո մի բարեպաշտ վարդապետ, Կիրակոսը յուր ժամանակակից հոգևորականների նման, ամենամեծ արժանիքը մարդու մեջ` համարել է բարեպաշտությունը, ուստի այդ արժանիքն էլ հատկացրել է Ջալալին, կամենալով նրան ավելի «մեծ» ներկայացնել ընթերցողի աչքում։ Բայց Ջալալի, իրոք, պատերազմող լինելու վկայությունը հենց նա ինքն է տալիս յուր պատմության մեջ հիշելով թաթարների` այդ իշխանի հետ կապած հաշտության պայմաններից մինը, որ էր «ամ ամի երթալ զկնի նոցա ի գործ պատերազմի»։ Եթե Ջալալը իրոք ճգնավոր էր, հապա ինչու պետք է ունենար այնքան զորություն, որ դեռ թաթարներին էլ գնար պատերազմում օգներ։ Բացի այդ, հայտնի է, որ Ջալալը հաճախ գտնվում էր ճակատամարտերում յուր մորեղբարց` Զաքարեի և Ւվանեի հետ և հենց այդպիսի մի պատերազմում էլ, երբ հայերն ու վրացիք հաղթվեցան, Ջալալր եղբոր հետ միասին գերի ընկավ խուչախների ձեռքը (իսկ պարտության ժամանակ գերի են ընկնում գլխավորապես հառաջադեմ կռվողները, որոնք փախչելու փոխարեն՝ միջամուխ են լինում թշնամիների մեջ): վերջապես Ջալալը երբեք չէ կամենւմ, որ նրան Համարեն ճգնավոր: Գանձասարի յուր շինած եկեղեցվո արձանագրության մեջ նա անվանում է իրեն՝ ինքնակալ բարձր և արցախական աշխարհի և թագավոր ի հոգնասահման նահագնի.— նրա կին Մամքանը Վաճառու եկեղեցվո խաթունը` մի ուրիշ արձանագրության մեջ՝ կոչում է իրեն դուստր ինքնակալ իշխանաց իշխան Ջալալա և այլն։

Այդ մեծագոչ անվանումները կարծես բավական բնորոշում են Ջալալյաններին և ապացուցանում, որ նրանց ընտանիքը շատ հեռու է եղել «ճգնավորների ընտանիք» լինելու կամ հռչակվելու մտքից։

Նույնիսկ Ջալալի մեծածախ եկեղեցի կառուցելը չէ ապացուցանում նրա քաջությունից զուրկ լինելը. նախ այն պատճառով, որ նա եկեղեցին կառուցել է յուր հոր Վախտանգ Իշխանի կտակի համաձայն և երկրորդ, որ մեր թաղավորներից և իշխաններից շատերը մի ձեռքում միշտ ունեցել են խաչ և մյուսում սուր։ Դրանցից շատերն են վանքեր և եկեղեցի կառուցել և ընդսմին մեծամեծ պատերազմներ մղել թշնամիների դեմ։

Միայն մի կետ մնում է մինչև վերջը անհասկանալի։ «Այս երկարակեցությունը («Ռուզան»-ի) պետք է յուր հիմնական պատճառներն ունենա», ասում էր պ. Լ յուր քննության սկզբում և ապա գտավ, որ պիեսն ունի այդքան շատ թերություններ։ Ուրեմն ի՞նչ. տրամաբանորեն պետք է հետևցնել թե՝ այդ թերություններն էին «Ռուզանի» երկարակեցության պատճառը։

Եթե այս ճիշտ է, այն ժամանակ, իրավ որ, զարմանալի ժողովուրդ են հայերը, որոնք միայն վատ գրվածքներն են երկար ապրեցնում իրենց մեջ։ Այդ հաշվով պետք է որ մեր մյուս պատմական պիեսները ևս երկար ապրեին. հապա ինչո՞ւ մեռան։

Գալով պ. Լեոյի իմ լեզվի մասին արած դիտողությանը, ես արդեն բավական եմ համարում նրա այն վկայությունը, թե` իմ լեզուն «հարուստ է և ողորկ ինչպես հայերենի նմուշ», իսկ մնացյալը թե` ես գրաբարամոլ եմ, թե ես գործ եմ ածում «զի», «կարի», «առ քեզ» և այլև (որոնք, ի դեպ ասած, ամբողջ 64 երեսի մեջ գործ են դրված մի կամ երկու անգամ, այն էլ բառերի համաչափություն կազմելու և խոսքը դյուրալուր դարձնելու համար), իսկ թե ես գտնվում եմ Պեշիքթաշլյանի, Հեքիմյանի և նարպեյի «խիստ» ազդեցության տակ, կարող եմ ասել, որ դրանց թատերական գրվածքներից մի ամբողջ երես կարդացած չեմ լինիլ իմ կյանքում, որովհետև կարդալու բաներ չեն։ Այս բոլորի նկատմամբ ոչինչ չեմ գրում, նախ այն պատճառով, որ հոդվածս արդեն երկարեց և երկրորդ` որ «Ռուզանի» լեզուն ամենքի առաջն է, կարող են կարդալ և դատել։ Ես միայն կցանկանայի, որ մեր գրողներից շատերը նույնչափ բարեխղճաբար վարվեին հայ լեզվի հետ, որչափ ես եմ վարվում։ Այն ժամանակ գուցե պակասեին մեր միջից այնպիսի գրագետներ, որոնք հայ բառերով` գրում են ռուսերեն և որոնք, դժբախտաբար, մեծ թիվ են կազմում մեր մեջ։

Մնացած կետերի վերաբերմամբ ավելորդ եմ համարում խոսել, որովհետև դրանցից յուրաքանչյուրի հերքումը պարունակում է յուր մեջ։

Մուրացան