Իմ կենսագրությունը
ԻՄ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծնվել եմ 1867 թ. մարտի 1-ին, Թիֆլիսում։ Հայրս բրդավաճառ էր, բուն թիֆլիսեցի, Զաքար անունով։ Շատ բարի մարդ էր և անուսում. գիտեր միայն վրացերեն կարդալ-գրել այնքան, որ պահում էր հաշիվները։ Մայրս նույնպես թիֆլիսեցի էր, նույնպես շատ բարի կին և անուսում. գիտեր նույնպես միայն վրացերեն կարդալ-գրել։ Խոսակցական լեզուն մեր տանը հայերեն էր՝ բուն թիֆլիսեցու և բուն հավլաբարցու բարբառով խառն։

Սկզբնական ուսումս ստացել եմ Հավլաբարի ս. Կարապետ եկեղեցու ծխական դպրոցում։

Մի ինքնատիպ դպրոց էր սա 70-ական թվականներին իր առավել ևս ինքնատիպ վարժապետով — ազգանունը Վասիլ Մելքիսեդեկյան։ Սա մոտ 50 տարեկան հիվանդոտ մի մարդ էր՝ ենթակա հարատև գլխացավի, որի պատճառով և միշտ մռայլ տրամադրության մեջ էր։ Թիֆլիսեցի և, կարծեմ, գիմնազավարտ, այս մարդը ուսուցչության հետ միաժամանակ դպրություն էր անում ս. Կարապետ եկեղեցում. ուրարակիր էր։ Կարծես Երուսաղեմ էր եղել, որովհետև ձեռքի դաստակը դաջած էր։ Մոլեռանդ ժամասեր էր և աղոթասեր. ինչքան էլ հիվանդ լիներ, երբեք ժամից ետ չէր ընկնիլ և մեզ՝ աշակերտներիս էլ ստիպում էր նույնն անել։ Աշակերտներս շատ էինք վախենում նրանից, որովհետև անխիղճ կերպով պատժել գիտեր, սկսած անկյունում չոքեցնելուց մինչև հաստ քանոնով մատների ծայրերին զարկելը։ Ապրում էր մեն-մենակ, դպրոցի շենքում, դասարանին կից՝ տախտակամածով զատված բաժանմունքում։ Աշակերտներին ծառայեցնում էր իր անձնական և դպրոցի կարիքների համար.— տրակտիրից կամ դպրոցին մոտիկ ապրող որևէ աշակերտի տնից թեյի համար տաք ջուր էր բերել տարիս, ղրկում էր հացի, կերակրի, նավթի, գինու և այլն, ձմեռը ձյունից մաքրել էր տալիս դպրոցի կտուրը, աղբը թափել էր տալիս և այլն:

Դպրոցում սովորում էին 6—7 տարեկան երեխաներից սկսած համարյա մոտ 20 տարեկան պատանիներ, որոնք բոլորն էլ նատած էին եղած մի հատիկ դասարանում, մեծերը՝ առջևի նստարանների, փոքրերը՝ հետին նստարանների վրա։ Աշակերտների թվում կային և մի երկու վրացիներ, որոնց հետ վարժապետը վրացերեն էր պարապում։ Ուսումը տևում էր տարին չորս բոլոր. ամառվա արձակուրդ ասած բանը գոյություն չուներ, ընդհակառակը, ամառվա ամիսներին դպրոց էինք հաճախում օրական երկու անգամ — առավոտը և երեկոյան։ Երեկոյան դասին վարժվում էինք բացառապես փոխասացությամբ՝ ժամում փոխեր ասելու համար։ Ես այն աստիճան վարժվել էի ժամասացությանը, որ տանը «պատարագ կանգնեցնելը» իմ երեխայական խաղերից մեկն էր դարձել։

Չեմ հիշում քանի տարի մնացի այս դպրոցում, երբ մի օր մայրս տարավ ինձ Ներսիսյան դպրոց։ Բակը ղժվժում էր աշակերտներով, դուրսը պատշգամբում աթոռի վրա նստած էր մի մարդ կարտուզով և «չեքմա-կալոշով»։ (Շատ տարիներ հետո միայն իմացա, որ սա հանրածանոթ պարոն Գրիգորն էր)։ Մոտ կանչեց և հարցրեց. «ասա, տեսնեմ, կոշիկդ ինչի՞ կաշուցն է»։ Չիմացա։ Այս էր իմ հարցաքննությունը, որից հետո ես այլևս հայոց դպրոցի երես չտեսա։

Այս անհաջողությունից հետո մայրս տարավ ինձ քաղաքային նիկոլաևյան երկդասյան դպրոցը, որի տեսուչը Պողոս Քաթանյանն էր — այն ժամանակվա դպրոցական աշխարհում բավական ծանոթ մի դեմք։ Այս դպրոցում ընդունվեցի։

Նիկոլաևյան դպրոցն ավարտելուց հետո Պողոս Քաթանյանը նորավարտներից մոտ 8—18 հոգի, որոնց թվում և ինձ, հավաքեց, տարավ Խոնի (Քութայիսի նահանգ). տեղական ուսուցչական սեմինարիան տալու համար։ Այս սեմինարիայում 8—10 հոգուց միայն ես և մի վրացի հաջող քննություն տվինք և ընդունվեցինք։ Սակայն հենց առաջին իսկ ամսում ես ստիպված եղա թողնել Խոնին և վերադառնալ Թիֆլիս, որովհետև հայրս, մեծ (խորթ) եղբորս դրդմամբ, որից վախենում էր նա, չէր կամեցել ընդամենը մի 100 ռուբլի ուղարկել, իբրև մի տարվա թոշակադրամ, որ պահանջել էր սեմինարիան, խոստանալով երկրորդ տարուց ինձ պահել պետական հաշվին։

Թիֆլիս վերադառնալուց հետո փորձեցի մտնել տեղական երկաթուղային դպրոցը, որը նույնպես չհաջողվեց, դարձյալ փողի պատճառով։

Մի տարի թափառեցի պարապ-սարապ. ծնողներս՝ տգետ, շրջապատս՝ տգետ. հոգացող, ուղի ցույց տվող չունեի։ Մտածում էի մի տեղ խանութի աշակերտ մտնել, բտյց հետո ավելի լավ համարեցի արհեստ սովորել և գնացի մտա Միքայելյան արհեստագիտական դպրոցը (Թիֆլիսում), մանավանդ որ այստեղ ուսումը ձրի էր։

Նույն տարի այս դպրոցը մտավ Ալեքսանդր Ծատուրյանը, որը նոր էր եկել իր հայրենիքից՝ Զաքաթալայից։ Սա էլ, անտեր-անտիրական, ինձ պես շատ էր աշխատել այս կամ այն միջնակարգ դպրոցը ձգել իրեն և ինձ պես չէր հաջողել ու ճարահատված եկել էր արհեստ սովորելու, մանավանդ որ Միքայելյան արհեստագիտական դպրոցում կերակրում էին ձրի։ Հենց առաջին ծանոթությունից ես ու Ծատուրյանը այնքան մտերմացանք իրար, որ շարունակ իրար հետ էինք. դասարանում նստած էինք իրար կողքի, արհեստանոցում բանում էինք իրար կողքի, սեղանատանը ճաշում էինք իրար կողքի, դպրոցից դուրս, ուր էլ լիներ իրար հետ էինք միշտ։ Երկուսս էլ ընտրել էինք փականագործությունը, բայց ոչ ես, ոչ Ծատուրյանը բնավ հակում չունեինք դեպի արհեստը, մեր ամբողջ ուշքն ու միտքը, մեր ամբողջ ձգտումը դեպի գրականությունն էր, հատկապես դեպի բանաստեղծությունն ու վիպասանությունը և մեկ էլ՝ դեպի թատրոնը։

Այս բանի վրա առանձին ուշադրություն դարձրեց մեր հայոց լեզվի և կրոնի դասատու Արսեն ավագ քահանա Բագրատունին — ինքը մասամբ բանաստեղծ (գրում էր Ընծայացի ստորագրությամբ) և գրականության սիրահար, բայց առավել ևս մի հազվագյուտ մանկավարժ, որ կատաղի թշնամի էր դասագրքերի ու չոր ու ցամաք դասատվության։ Նրա ամեն մի դասը մի հետաքրքրական դասախոսություն, մի հաճելի ժամանց, մի կենդանի զրուցատրություն էր աշակերտների հետ լեզվի, գրականության և բարոյախոսության մասին։ Նա ձգտում էր ի հայտ բերել աշակերտների մեջ նրանցից ամեն մեկի անհատական ունակությունն ու ձիրքը և զարկ տալ, ուղղություն տալ այդ ունակությանն ու ձիրքին։ Եվ եթե ես ու Ծատուրյանը վերջը «մի բան» դարձանք, դրա համար մեծապես պարտական ենք հայր Բագրատունուն, որի խրախուսանքները դեռևս դպրոցական նստարանից մի անգամ առ միշտ որոշեցին մեր վիճակը, նետելով մեզ երկուսիս էլ գրականության գիրկը:

Մի բան, որ ոչ ես, ոչ էլ Ծատուրյանը հակում չունեինք դեպի արհեստը, բնականաբար չէինք էլ կարող և չուզեցինք շարունակել ուսումը Արհեստագիտական դպրոցում, ուստի երկուսս էլ մի տարուց հետո թողինք այդ դպրոցը և մեզ տվինք բախտի բերմունքին։

Բախտը Ծատուրյանին տարավ ձգեց նախ Նիժնի-Նովգորոդ, հետո՝ Մոսկվա, ինձ գամեց Թիֆլիսում և նետեց լրագրական ասպարեզ, ուր մինչև օրս էլ ես մնում եմ ցանցված, կատարելով շարունակ քարտուղարի ծայր աստիճան ձանձրալի, հոգնատանջ պաշտոնը։

Այդ պաշտոնում մարտիրոսագրությունս սկսվեց 1890 թվականի հունիսի 1-ից «Նոր-Դարում», որը կլանեց պատանեկությանս և երիտասարդությանս ամենալավ, ամենաբեղմնավոր տարիները, փոխարենը տալով այնքան չնչին նյութական վարձատրություն, որ այժմ կարող է պարզապես մի առասպել թվալ, օրինակ՝ պաշտոնի մտած օրիցս՝ 1890 թվի հունիսի 1-ից մինչև տարվա վերջը, այսինքն 7 ամսվա ծառայությանս համար ստացել եմ ընդամենը 70 ռուբլի. 1891 թվի ամբողջ տարվա համար՝ ընդամենը 136 ռուբլի, և այսպես շարունակ, ամեն տարի, մի քիչ ավելի կամ պակաս:

«Նոր-Դարի» հետ կապվեցի բոլորովին պատահական կերպով։

Բանն այսպես էր.

Ընկերներիցս մեկը, որի հետ աշակերտել էի դեռևս ս. Կարապետի դպրոցում, մի անգամ ձեռքիցս առավ պատանեկան գրվածքներիցս մեկը՝ «Ճշմարիտ բարեկամը», ասելով, որ կտա «Մեղուին» տպելու։ Նա «մեղվական» էր, որովհետև «Մեղուի» խմբագրատան փողոցում նրա եղբայրները մանրավաճառի խանութ ունեին, ուր ծառայում էր ինքը և որտեղից առևտուր էր անում Պետրոս Սիմոնյանը։ Այս բանը, կարծեմ, 1884 թվականին էր, երբ «Մեղու» լրագիրը Սպանդարյանի հեռանալուց հետո հոգեվարքի մեջ էր, յույս էր տեսնում անկանոն կերպով, շաբաթը երկու, թե երեք անգամ։ Պետրոս Սիմոնյանը գրվածքս պահել էր ծոցում ամբողջ ամիսներ և վերջն այնպես էլ վերադարձրեց առանց կարդալու։ Շատ զայրացա այդ անուշադրությունից և ընկերոջս խնդրեցի, որ գրվածքս տանի տա «Մշակին» (ինքս մի տեսակ վախ էի զգում առհասարակ խմբագիրներից՝ անձամբ խմբագրատուն մտնելու համար)։ Գրիգոր Արծրունին իսկույն կարդացել էր գրվածքս և, երբ ընկերս գնացել էր տեղեկանալու՝ կտպվի թե ոչ, խնդրել էր, որ հեղինակին, այսինքն ինձ, տանի իր մոտ, որովհետև ինքը մի քանի ցուցումներ ունի, որոնց համաձայն փոփոխություններ մտցնելուց հետո կտպվի։ Ես ընկերոջս առերես ցույց տվի, թե վիրավորված եմ զգում «հեղինակիս ինքնասիրությունը», որ ուրիշների ցուցումով պիտի բան գրեմ, բայց ճշմարտությունն այն է, որ ես պարզապես սարսափեցի իմ չնչին տեղովս Գրիգոր Արծրռւնու պես մի մեծ մարդու ներկայանալուց։ Ու չգնացի. ես խնդրեցի ընկերոջս, որ գրվածքս առնի տանի տա «Նոր-Դարին»։ Ընկերս այդպես էլ արավ, և ահա պատանեկական անդրանիկ արձակ գրվածքներիցս մեկը՝ «Ճշմարիտ բարեկամը» առաջին անգամ լույս տեսավ «Նոր-Դարի» մեջ 1886 թվին «Միխո—Օհան» (Միքայել Հովհաննիսյան) ստորագրությամբ։

Դրանից հետո նույն ընկերոջս ձեռքով «Նոր-Դարին» ուղարկեցի երկրորդ արձակ գրվածքս «Նունե» վերնագրով, որը սակայն ամենաառաջին վիպական երկն է՝ գրված «Ճշմարիտ բարեկամից» առաջ։ «Նունեն» ևս տպվեց «Նոր-Դարում» նույն 1886 թվին, այս անգամ արդեն Նար-Դոս ստորագրությամբ, թեև այդ գրվածքս ուղարկել էի իմ իսկական ստորագրությամբ և մտադիր էի այդպես էլ շարունակել։

Նար-Դոս կեղծանվան ծագումը հետևյալ պատմությունն ունի:

Սպանդարյանը «Նունեն» ստանալուց հետո խնդրել էր ընկերոջս, որ ինձ տանի խմբագրատուն՝ ինձ հետ անձամբ ծանոթանալու։ Խրախուսված այն բանի, որ մի գրվածքս արդեն տպվել էր, այս անգամ սիրտ առա ու գնացի։ Ընդունելությունը սիրալիր էր և շատ խրախուսիչ։ Եվ մի անգամ, որ ոտք դրի խմբագրատուն, այնուհետև ամեն օր խմբագրատան անխուսափելի այցելուն էի։ «Նոր-Դարի» քարտուղարը և խմբագրության միակ անդամը այն ժամանակ Մելքոն Դանագյոզյանն էր (վերջր՝ Մուշե վարդապետ)։ «Նունեն» տպելուց առաջ սա դիմեց ինձ, թե՝ արի մի լավ կեղծ անուն ընտրենք, քանի որ մեր գրողները բոլորն էլ կեղծ անունով են գրում։ Չհակառակեցի։ Հենց այդտեղ ևեթ վերցրեց առձեռն բառգիրքը և սկսեց ընտրել։ Երկար թերթում էր ու կարդում այս կամ այն բառը։ Վերջ ի վերջո կանգ առավ նարդոս բառի վրա (ծաղկի անուն). «Լավ է, չէ՞,— ասաց,— մեջտեղն էլ գծիկով կբաժանենք ու շատ բարեհնչյուն մի անուն դուրս կգա»։ Համաձայնեցի և այդ օրվանից Նար-Դոս կեղծ անունը մնաց ու մնաց։


* * *

1890 թ. հունիսի 1-ից Մելքոն Դանագյոզյանը գրաքննական կոմիտեի պահանջմամբ հարկադրված եղավ թողնել «Նոր-Դարի» քարտուղարի պաշտոնը (գրաքննիչ Կարախանյանի հետ ընդհարվելով, վիրավորել էր նրան), և այդ օրվանից քարտուղարի պատոնին հրավիրվեցի ես ու վարեցի այդ պաշտոնը, անընդհատ, մինչև այդ լրագրի վերջնակա դադարումը։ Այդ պաշտոնը խլում էր իմ ամբողջ ժամանակը, սկսած առավոտից մինչև գիշերվա ժամը, երբեմն 1-ը և 2-ը, որ ես անց էի կացնում տպարանում ցենզուրականի սպասին և հսկում էի թերթի երեսները կապելուն։ Եվ այդպես ամեն օր, ամբողջ տարիներ։ Իմ սեփական գրական աշխատանքներիս համար մնում էին միայն գիշերային ժամերը, և այդ ժամերին եմ գրել ես գրական երկերս մեծ մասամբ։ Այստեղից պարզ պիտի լինի, թե ինչու ես այնքան քիչ բան եմ գրել համեմատաբար։

«Նոր-Դարի» ժամանակավոր դադարման ժամանակ (1904 թ.), որը հետևանք էր խմբագիր Սպանդարյանի աքսորման, Տիգրան Նազարյանի կողմից հրավիրվեցի վարելու «Աղբյուր—Տարազի» քարտուղարի և սրբագրիչի պաշտոնը։

Այնուհետև, «Նոր-Դարի» վերջնական դադարումից հետո, սկսվեցին իմ թափառումները զանազան թերթերի խմբագրատներ՝ քարտուղարի պաշտոնով։ Սակայն այդ բոլոր թերթերի խմբագրատներումն էլ իմ գործավարությունը կրել է միայն ժամանակավոր և կարճատև բնույթ, այն չափով, ինչ չափով այդ թերթերը գոյություն են ունեցել, բացի մի թերթից, ուր քարտուղարի պաշտոնի հրավիրվեցի 1913 թվից (մայիսի 1-ից) և վարեցի այդ պաշտոնը համարյա ամբողջ 6 տարի, մինչև այդ թերթի դադարումը՝ 1918 թվի վերջը։

Գրել սկսել եմ համարյա մանկական հասակից, ամենաառաջին երկս, որ գրել եմ այդ հասակում, եղել է մի պիես՝ Թիֆլիսի բարբառով։ Թղթերիս մեջ չի պահպանվել այդ գրվածքս, բայց վերնագիրը հիշում եմ— «Մայինի գանգատը»։ Բովանդակությունը մի արբեցողի ընտանեկան կյանքն էր։ Թե ինչու Թիֆլիսի բարբառով էի գրել,— պատճառն այն էր, որ այդ միջոցին կարդացել էի Սունդուկյանի «Պեպոն» և նրա կենդանի լուսանկարչական հարազատությամբ դուրս բերած տիպերն ու լեզուն շատ էի հավանել։ Այս էլ ասեմ, որ այդ միջոցին ես թատրոն, ներկայացում ասած բանը չէի տեսել և ոչ մի գաղափար չունեի թատերական երկերի մասին, այն աստիճան, որ «Պեպոն» կարդալիս ամեն մի գործողության վերջը գրված «վարագույր» բառը չէի հասկանում, թե ինչ է նշանակում։

Այնուհետև պատանեկական հասակումս ես գրել եմ մի քանի պիեսներ, որոնցից թղթերիս մեջ պահպանվել են միայն երկուսը — մեկը «Մեղր ու ճանճեր» վերնագրով մի կոմեդիա (գրված 1886 թվին) և մյուսը՝ «Եղբայր» վերնագրով մի դրամա (1887 թ.), որը կիսատ է մնացել և գրել եմ ոտանավորով, Լերմոնտովի «Դիմակահանդեսի» տպավորության տակ։ Ծատուրյանի հետ ընկերանալուս եմ վերագրում այն հանգամանքը, որ որոշ տարիներ (1883—1887) ես էլ ոգևորված էի ոտանավորներ գրելով և թարգմանելով։ Ամենաառաջին ոտանավորս, «Գարուն» վերնագրով, գրել եմ Պեշիկթաշլյանի հանրածանոթ համանուն բանաստեղծության նմանողությամբ, Արհեստագիտական դպրոցում աշակերտածս ժամանակ Բագրատունու թելադրանքով (նույնպիսի մի ոտանավոր գրել էր և Ծատուրյանը)։ Այդ ոտանավորներից տպված են մի երկուսը Գուլամիրյանի «Արաքս» հանդեսում («Մենաստան» և «Ես սիրում եմ»), կարծեմ 1888 թվին, մեկը՝ Տեր-Գրիգորյան քահանայի «Սոխակում» (չեմ հիշում վերնագիրը և թվականը)։ 1887 թվից հետո միանգամայն դադարեցի ոտանավորներ գրել, որովհետև համոզվեցի, որ չափածո բանաստեղծությունը իմ բանը չէ։

Ընթերցասիրությունն իմ մեջ զարթել է շատ վաղ, «Խենթը» և «Դավիթ Բեկը» կարդացել եմ դեռևս «Մշակում» տպագրվելիս։ Անչափ սիրում էի Րաֆֆիի գրվածքները. ընդհակառակը, Ծերենցը և Պռոշյանը միշտ ձանձրույթով եմ կարդացել։ Աբովյանի «Վերքը» մինչև վերջացրի՝ հոգիս դուրս եկավ։ Կարդում էի ամեն բան, ինչ որ ձեռքս ընկներ, միայն թե ձեռքս ընկներ, իսկ հայերեն գիրք շատ քիչ կար։ Կարդացել եմ «Հյուսիսափայլի», «Կռունկի», «Փորձի» համարյա բոլոր գրքերը և նույնիսկ Ստ. Նազարյանի «Հանդես հայախոսությանի» երկու ստվար հատորները և Շահազիզի «Հրապարակախոս ձայնը»։ Պատմական գրքեր չէի սիրում։

Ռուսերեն կարդացած գրքերի թվում այն ժամանակվա հուշատետրիս մեջ նշանակած ունեմ մի շարք անուններ։ Սկզբում կարդացել եմ ֆրանսիական, ինչպես ասում են, բուլվարային ռոմաններ, օրինակ՝ «Ռոկամբոլ» (12 հատոր) և ուրիշ շատ նման հայտնի ու անհայտ արկածալի վեպեր, հետո Վիկտոր Հյուգո, Ժորժ Զանդ, Դյումա-Հայր և այլն։ Էմիլ Զոլան կարդացել եմ ավելի հասուն հասակում, ինչպես և Գի դը-Մոպասանը։ Ռուս հեղինակներից հուշատետրիս մեջ նշանակված են Գոնչարով, Տուրգենև, Դոստոևսկի, Տոլստոյ, Բելինսկի և այլն։ Գրականության պատմությունից նշանակված են՝ Гетнер — «История англ. и франц. лит. восемьнадцатого века», У Шерр — «Всеобщая история лит.» և այլն։

Ամենամեծ հաճույքով կարդացել եմ Շիլլերը։

Չնայելով, որ Րաֆֆին կարդացել եմ ագահորեն, բայց և այնպես նա ինձ վրա ոչ մի ազդեցություն չի թողել և առհասարակ հայ հեղինակների մեջ ես ուսանելի ոչինչ չեմ գտել։ Ինձ վրա շատ ուժեղ ազդեցություն են գործել ռուս հեղինակները, առանձնապես Գոնչարովը և մանավանդ Տուրգենևը։

Սկզբի շրջանում գրածս երկերից շատ բաներ, իհարկե, տհաս գրչի արդյունք են, տպագրության անարժան, դրանց թվում և այն երկերից շատերը, որոնք արդեն տպագրված են «Նոր-Դարում»։ Այդ է պատճառը, որ վերջիններից շատերը առանձին գրքերով տպագրության չեն հանձնվել[1]։

1918 թ.



  1. Կից ներկայացվում է հեղինակի 1919 թվականին կազմած ցուցակը, ուր նա նշել է իր ստեղծագործություններից, որի տպագրության արժանի լինելը կամ չլինելը։