Կյանքի ժպիտը Իմ կյանքից

Շիրվանզադե

Սարգսի վիշտը
[ 162 ]
ԻՄ ԿՅԱՆՔԻՑ

Սիրելի մանուկներ, ես ուզում եմ ձեզ մի քանի բաներ պատմել։ Կարծում եք դևերի, չար ոգիների մասի՜ն։ Ոչ, իմ տեսածների և իմ լսածների մասին։

Հըմ, ի՜նչ կա, միմյանց երեսին եք նայում։ Երևի վախենում եք, որ ես ձեզ ձանձրացնեմ։ Դուք հանգիստ կացեք. ձեր աչքերի առջև կգան, կանցնին զանազան պատկերներ, ինչպես սինեմոտոգրաֆի մեջ։ Որը ձեզ կծիծաղեցնի, որը կտխրեցնի, որը կհավանեք, որը չեք հավանիլ։ Բայց ինչոր էլ պատմեմ, բոլորը պատահած բաներ են, ոչ մի հնարովի բան, ոչ մի հեքիաթ չկա։

Դեհ, խնդրեմ ականջ դնեք։

I
ՄԵՐ ՔԱՂԱՔԸ

Նախ ասեմ, թե ես ով եմ։

Անդրկովկասի մի անկյունում կա մի քաղաք, անունը Շամախի կամ Շիրվան։

Ա՜հ, հրաշալի է այդ քաղաքի բնությունը։

Այնտեղ երկինքը կապույտ է, ինչպես փիրուզա, երկիրը [ 163 ] բույսերով, ծաղիկներով փարթամ, ինչպես մի սքանչելի պարտեզ։ Այնտեղ ձմեռը եղանակը մեղմ է, դուրեկան, ոչ քամի, ոչ փոթորիկ։ Իսկ գարնանը և ամառը բարձրագագաթ ծառների վրա գիշեր-ցերեկ երգում են անթիվ սոխակներ։

Եվ ի՜նչ համեղ մրգեր կան այնտեղ, եթե գիտենաք, ինչ հոտավետ պտուղներ։

Սուտ չի լինի, եթե ասեմ, որ այդ քաղաքը երկրային դրախտ կլիներ, եթե չունենար մի մեծ դժբախտություն, այն երկրաշարժը։

Գիտե՜ք ինչ ասել է երկրաշարժ։

Օ՜, օ, աստված ոչ անի, որ տեսնեք բնության այդ սարսափելի արհավիրքը։

Ես տեսել եմ երկու անգամ մեծ, շատ մեծ երկրաշարժ։ Ամեն անգամ հենց որ երկիրը սկսում է շարժվել, գետնի տակից լսվում է ինչ-որ խուլ թնդյուն: Կարծես այնտեղ թնդանոթներ են արձակում։ Պատերը դիպչում են միմյանց, կենդանիները սարսափած սկսում են վազել դեսուդեն, շները ոռնալով, կովերը բառաչելով, ոչխարները մայելով, ձիերը խրխնջալով։ Մարդիկ փախչում են իրենց տներից փոքրիկ երեխաներին գրկած։ Ամեն ինչ քանդվում է, ավերակ դառնում տներ, եկեղեցիներ, ուսումնարաններ, բոլորը, բոլորը։

Այս է պատճառը, որ մի ժամանակվա հարուստ և փարթամ Շամախին, այսօր այնքան աննշան է, խեղճ, աշխարհում մոռացված։

Բայց, չնայելով սրան, մարդիկ այնտեղ էլի ուրախ են, զվարթ։ Նրանք սրախոս են, սիրում են կատակներ անել, զվարճանալ։ Հարուստ չեն, բայց ինչ որ ունեն, նրանով գոհ են և պառավ կանանց պես չեն տրտնջում։ Բարի մարդիկ են, շատ հյուրասեր, շատ բարեկամասեր։ Բայց մեր մեջ ասած, մի քիչ շատախոս են և պարծենկոտ։

Ահա այդ պստիկ և աննշան քաղաքում եմ ծնվել ես սրանից հիսունուերկու ու կես տարի առաջ, մի գարնանային գիշեր: [ 164 ]
II
ԻՄ ԾՆՈՂՆԵՐԸ

Իմ հոր անունն էր Մինաս։ Նա մի շատ բարձրահասակ մարդ էր, խոժոռ դեմքով, թանձր շիկագույն բեղերով, որ միշտ ծածկած էին պահում նրա սեղմված բերանը։

Օօ, ես այժմ էլ հիշում եմ նրա խորն ընկած կապույտ աչքերը, որոնք թավ ունքերի տակից կայծեր էին արձակում բարկության միջոցներին։

Մորս անունն էր Օվսաննա։

Դա մի միջահասակ, քնքուշ կազմվածքով կին էր, գեղեցիկ դեմքով և թանձր ու գանգուր մազերով։ Քաղաքում նրան անվանում էին «Սիրուն Սոնա»։

Նա ոչ միայն դեմքով էր սիրուն, այլև հոգով, սրտով, վարքով ու բարքով։

Շատ բարի և զգայուն կին էր: Հիշում եմ նրա դառը հառաչանքները, երբ տեսնում էր մարդկանց ցավն ու տանջանքները։ Հիշում եմ նրա մեղմ, դուրեկան ժպիտները և թույլ ծիծաղը, երբ ուրախ էր։ Նրա կինամոնագույն խոշոր աչքերը նայում էին սիրով ու գուրգուրանքով ոչ միայն իր զավակներին, այլև բոլոր, բոլոր երեխաներին։

Ես նրան պաշտում էի, ինչպես դուք եք պաշտում ձեր մորը, սիրելի մանուկներ։

Որքան մայրս մեղմ էր և հեզ, այնքան հայրս խստաբարո էր և հպարտ։

Այդ մարդը քիչ էր ժպտում, ավելի քիչ ծիծաղում։ Բայց ազնիվ էր, արդարասեր, ճշմարտախոս։ Երբեք սուտ չէր ասում և ատելով ատում էր սուտ խոսողներին։ Ոչ ոքից չէր վախենում և ատում էր վախկոտներին, քանի-քանի անգամ նա մեն-մենակ ձիով գիշերներն անցել է մութ անտառներ և ձորեր։ Քանի՜-քանի՜ անգամ ավազակների է հանդիպել և նրանց հետ հրացանաձգություն ունեցել։ Եվ չնայելով իր արկածալի կյանքին, նա ապրեց ութսունհինգ տարի։

Նա ինձ միշտ ասում էր.

— Է՜յ Ալեքսանդր, կյանքումդ շատ անգամ փորձանքի [ 165 ] կհանդիպես, չվհատիս, հույսդ դիր աստծու վրա։ Թշնամիներ կունենաս՝ զգույշ կաց, բայց մի՛ վախենար։ Բարեկամներ կունենաս, հավատարիմ եղիր նրանց, պահանջիր, որ նրանք էլ հավատարիմ լինեն քեզ։ Սուտ չխոսես, չխաբես, բայց տես, որ ստախոսների հետ էլ գործ կունենաս, չխաբվես։

Թե հայրս և թե մայրս գրել-կարդալ չգիտեին։ Բայց երկուսն էլ զգում էին, որ գրել-կարդալը լավ բան է։

Հայրս ժամանակ չուներ ինձնով զբաղվելու։ Տարենը երկու անգամ նա սրբում էր իր չախմախի երկայն հրացանը, արծաթապատ ծուռ կոթանի ատրճանակը, լայն դաշույնը, ձի նստում և գնում Ղուբա քաղաք մի քանի ամիսներով։

Մայրս էր մեծ մասամբ հոգում իմ մասին։ Եվ ես, ուղիղն ասած, նրան եմ պարտական, որ այսօր գրել-կարդալ գիտեմ։

III
ՈԻՍՈԻՄՆԱՐԱՆ

Յոթ տարեկան էի, երբ մայրս ինձ տվեց ուսումնարան։

Ես միջակ մանուկ էի, ոչ անշնորհք, ոչ էլ մեծ շնորհքով։ Աշխատասեր չէի, բայց շատ էլ ծույլ չէի։ Էհ, ձեզ նման մի բան էի։ Բայց, ներողություն, կարելի է դուք ինձնից լավ եք։ Տա աստված։

Ես շատ միամիտ տղա էի։ Հա, քանի միտս է, պատմեմ ձեզ իմ միամտության մասին մի զվարճալի բան։

Մի օր ուսուցիչս, որին Սարգիս վարպետ էին կոչում, ինձ վրա բարկացավ։ Դասս լավ չէի պատրաստել։ Նա ականջս մի լավ քաշեց, հետո բաց արավ դասագիրքս և, ցույց տալով դասս, ասաց.

— Տես, էգուց այստեղից մինչև այստեղ ջուր կանես։

— Շատ լավ, վարպետ, ջուր կանեմ,— պատասխանեցի ես։

Մեր փողոցից ոչ հեռու կար մի աղբյուր։ Մյուս օրը դասագիրքս տարա, պահեցի նրա տակ այնքան, որ բոլորովին ջուր դարձավ։ [ 166 ] Բերի ուսումնարան և հպարտ-հպարտ ցույց տվեցի վարժապետիս:

Սարգիս վարպետը առաջ մի կուշտ ծիծաղեք։ Բարի մարդ էր։ Բոլոր աշակերտներն էլ ծիծաղեցին։ Ես ապուշ-ապուշ նայում էի սրա նրա երեսին։

Հանկարծ Սարգիս վարպետը կատաղեց։ Նա հրամայեց բաց անել առաջ մի, հետո մյուս ձեռիս ափը և սկսեց քանոնով տուր թե որ կտաս։

Լավ էր, որ քանոնի տափակ կողմովն էր զարկում և ոչ սուր կողմով։ Այնուամենայնիվ, ձեռքերս սաստիկ ցավեցին: Ես լաց եղա։

— Անիրավ,— ասաց Սարգիս վարպետը,— ես քեզ երեկ ասացի, որ դասդ ջուր անես, այսինքն՝ անգիր անես ջրի պես, իսկ դու տարել ես գիրքդ թրջել ու բերե՞լ։ Դե լավ, քիչ տըզա՛, դու դասագիրքդ ես ջուր արել, ես էլ քո աչքերը ջուր արի։ Տես, մյուս անգամ ասածս լավ հասկացիր։ Եվ դուրս բերելով գրպանից մի մեծ գույնզգույն թաշկինակ, սրբեց աչքերիս ջուրը, այսինքն՝ արտասոըքր։

Երկար, շատ երկար ժամանակ աշակերտները չէին մոռանում իմ արածը և միշտ ծաղրում էին ինձ։

Սարգիս վարպետը բողոքական էր։ Նա մինչև անգամ ինքն էր առաջին անգամ բողոքականություն ընդունել հայերի մեջ։ Իսկ իմ ծնողները լուսավորչականներ էին։

Մեր ծխական քահանան, Տեր-Սահակը, ատելով ատում էր բողոքականներին։ Նա միշտ իմ մորը հանդիմանում էր, որ ինձ տվել է բողոքականների և ոչ լուսավորչականների ուսումնարան։ Իսկ մայրս թեև տգետ կին էր, բայց հասկանում էր, որ բողոքական, լուսավորչական, թե կաթոլիկ միևնույնն է, բոլորն էլ մարդիկ են։

— Միայն թե իմ երեխան ուսում ստանա, ասում էր նա տեր-հորը։

Բայց և այնպես ես երկար չմնացի Սարգիս վարպետի մոտ։ Մայրս ինձ դուրս բերեց և հանձնեց Տեր-Ավանեսի դպրոցը: [ 167 ]
IV
ՏԵՐ-ԱՎԱՆԵՍԸ

Հիմա լսեցեք, թե այդ Տեր-Ավանեսն ով էր և ինչ։

Դա մի հասարակ գյուղացի էր եղել, եկել էր մեր քաղաքը, գրել կարդալ սովորել և եկեղեցում տիրացու դարձել։ Թե ինչպես էր քահանա ձեռնադրվել, աստված գիտե։ Գլխավորն այն է, որ ինքը հազիվհազ ավետարանը կարդալ գիտեր, ուսումնարան էր բաց արել և դաս էլ էր տալիս մեզ, ամեն մեկիցս վերցնելով ամիսը մի ռուբլի:

Եվ ի՛նչ դաս, «այբ, ժե, ճե, ռա, բեն, ինի, մեն, սե» և այլն, բայց այն էլ ասեմ, որ մեծ աշակերտները կարդում էին սաղմոսագիրք, ավետարան, ավելի ուսյալները՝ աստվածաշունչ, մինչև անգամ ճարտասանություն։

Ես արդեն ուսյալներից էի։

Մի լղար դեմքով, սև, թանձր և երկայն մորուքով մարդ էր այդ Տեր-Ավանեսը։ Նրա ունքերը միշտ կիտված էին, երեսը թթված, կարծես, միշտ փորը ցավում էր։ Փռշտալիս երեսը խաչակնքում էր և ասում.

— Տեր, դու չարը խափանես։

Երկու բանում նա շատ եռանդուն էր, ուտելում և ծեծելում։

Ամենից ավելի սիրում էր խնձորի տոլմա և փախլավա: Ընկույզի հալվա էլ էր սիրում, բայց ավելի պակաս, քան ճտով փլավ։

Մեր ծնողները այդ բանը գիտեին, ուստի ով կարող էր տեր-հորը բաժին էր ուղարկում։ Ես այսօր էլ զարմացած եմ, թե ինչու այդ մարդը ուտում էր, ուտում, էլի լղար էր մնում։

Նա ծեծում էր մանավանդ այն աշակերտներին, որոնց ծնողները չէին կարողանում խնձորի տոլմա կամ ընկույզի հալվա ուղարկել նրա համար։

Ամենից շատ ծեծվում էր Շամչիանց Ավետը։ Այն էլ ասեմ, որ դա մի վերին աստիճանի անհանգիստ տղա էր. շարունակ թռչկոտում էր, պարում, երգում։ Երբեմն դասամիջոցներին [ 168 ] կանգնում էր ձեռքերի վրա, գլուխը դուրս էր բերում ոտների արանքով և ասում.

— Փի՛շ, փի՛շ, փի՛շ, փի՛շ:

Նա սիրում էր սրան-նրան խտղտել կամ կմշտել: Հակառակի պես միշտ իմ կողքին էր նստում և դասի ժամանակ շարունակ կմշտվում էր ինձ։ Առանց այդ էլ ով ասես, ինձ կմշտում էր, որովհետև մանուկ ժամանակս ես բավական հաստ էի։

Մի օր Ավետը ինձ այնպես պինդ կմշտեց, որ ես գոռացի,

— Վա՛յ, վա՛յ։

— Ի՛նչ պատահեց,— հարցրեց Տեր-Ավանեսը, երկայն ճիպոտը բարձրացնելով։

— Ճանճը կծեց ականջս,— պատասխանեցի ես։

Բանն այն է, որ ես վախեցա մատնել Ավետին։ Նա կարող էր փողոցով անցնելիս ինձ մի լավ ծեծել, որովհետև ինձնից մեծ էր և ուժեղ։

— Ճանճի կծելով կարելի՞ է արջի պես բղավել,— կատաղեց Տեր-Ավանեսը։

Բարեբախտաբար այդ օրը մենք խնձորի տոլմա ունեինք և տեր-հայրն արդեն յուր բաժինը ստացել էր, նա ինձ չծեծեց։

Երբեմն Տեր-Ավանեսը գալիս էր մեր տուն։ Ամեն անգամ «պահպանիչ» էր ասում։ Հետո գովում էր իմ ժրությունը և աշխատասիրությունը։ Մայրս նրան հյուրասիրում էր ջեջի оղիով և մուրաբաներով։

Ծիծաղս գալիս էր, երբ Տեր-Ավանեսը մուրաբա էր ուտում։ Շատ անգամ ձմերուկի մեղրոտ կճեպը կամ վարդի տերևները ընկնում էին նրա երկայն մորուքի վրա և հետո սահում դեպի փարաջեն։ Մի անգամ ընկույզի մուրաբայի հետ երկու ճանճ կուլ տվեց առանց իմանալու։ Եվ կարծում եմ այս էր պատճառը, որ մյուս օրը նա մի լավ ծեծեց երկու աշակերտի, որ ճանճերի հետ խաղում էին։

Առհասարակ, հանգուցյալը համ լավ ուտում էր, համ էլ լավ ծեծում։ [ 169 ]
V
ԱՎԵՏԻ ՔԻԹԸ

Պետք է ասեմ ձեզ, որ Շամչիանց Ավետը շատ մեծ քիթ ուներ։ Եվ օր օրի վրա այդ քիթը մեծանում էր։

Աշակերտները շարունակ ծաղրում էին, անվանելով նրան «քիթ Ավետ»։ Նա բարկանում էր, կատաղում, աջ ու ձախ բռունցքով, ոտով, գլխով սրան էր խփում, նրան։ Բայց ո՞ր մեկին հաղթեր։ Չնայելով իր ուժին և քաջությանը, նա օր օրի վրա ընկճվում էր ու խեղճանում իր քթի պատճառով։

Վերջը, տեսնելով, որ հնար չկա ամենքի հետ կռվելու, սկսեց ինքն էլ ծաղրել իր քիթը։ Կարծում էր, որ եթե ինքը ծաղրե, ուրիշները կդադարեն ծաղրելուց։ Բայց չեղավ։ Քանի նա խեղճանում էր, այնքան աշակերտները երես էին առնում։

Մանավանդ կար մի պստիկ տղա Աղալո անունով։ Դա կատարյալ երկնային պատիժ էր Ավետի քթի համար։

Մի օր դասի ժամանակ Աղալոն թղթից շինեց մի կով, գլուխը թանաքով ներկեց և դրեց Ավետի քթի վրա։ Հետո հանգիստ կերպով գլուխը թեքեց դասագրքին, իբր թե դաս է սովորում։

Ավետը, իհարկե, իսկույն կովը քթից դեն գցեց և բռունցքով մի լավ զարկեց Աղալոյի կողքին։

— Վա՜յ մամա,— գոռաց Աղալոն և լաց եղավ։

— Ի՞նչ պատահեց,— ասաց Տեր-Ավանեսը, որ այդ ժամանակ մի մեծ տանձ էր կճպում, որ ուտի։

— Ավետը ինձ կոփեց,— գանգատվեց Աղալոն, հեկեկալով։

— Իժ, օձի զավակ, ես քո քիթը կջարդեմ,— գոչեց Տեր-Ավանեսը մոտենալով Ավետին։ Դե՛ եկ մեջտեղ, եկ տեսնեմ։

Շատ բողոքեց խեղճ Ավետը, որ մեղավորը Աղալոն է, ինձ էլ վկա բերեց, ոչինչ չօգնեց։

Բանն այն է, որ տանձը Աղալոյի հայրն էր ուղարկել Տեր-Ավանեսի համար։ Ինչպե՞ս կարելի էր նրա որդուն ծեծել գոնե այն օրը։ [ 170 ] — Ֆալախկան բերեք,— հրամայեց Տեր-Ավանեսը։

Ֆալախկան բերեցին։ Այդ մի բավական երկայն և հաստ փայտ էր։ Նրա ծայրերից կապած էր մի կաշվե ամուր թոկ։

— Պառկիր,— հրամայեց Տեր-Ավանեսը։

Ավետը պառկեց խսիրի վրա երեսն ի վեր։

— Ոտներդ բարձրացրու,— շարունակեց Տեր-Ավանեսը։— Այ, այդպես։ Հագցրեք ֆալախկան։ Շուռ տվեք, այ այդպես։

Երկու աշակերտ բռնեցին ֆալախկայի ծայրը։ Ավետի ոտները ցրվել էին օդի մեջ անշարժ։ Պատառոտված գուլպաների միջից երևում էին նրա մատները։

Տեր-Ավանեսը, ճիպոտը տալով ինձ, հրամայեց.

— Զարկիր։

Ուղիղն ասած, ես խղճացի Ավետին: Ինչ մեղավոր էր նա, որ մեծ քիթ ուներ։ Մի քանի անգամ ճիպոտը զարկեցի և կանգ առա։

— Զարկիր,— հրամայեց Տեր-Ավանեսը, շարունակելով տանձն ուտել։

Մի քանի թույլ հարվածներ ևս տալով, էլի կանգ առա: Ավետը բառաչում էր հորթի պես։

Նրա ոտներն արդեն կարմրել էին։ Մատներն այնպես ցցվել էին, որ կարծես, սպառնում էին փորս խրվել։

— Խեղճ է,— ասացի ես,— մեղավոր չէ։

Տեր-Ավանեսը մի ապտակ տվեց ինձ, առավ ճիպոտը և այնքան զարկեց, որ խեղճ Ավետն ուշաթափվեց։

— Ջուր բերեք,— հրամայեց Տեր-Ավանեսը։

Մի կուլա ջուր բերեցին, ածեցին Ավետի գլխին, ուշքի եկավ։ Վեր կացավ և տնքտնքալով ու կաղեկաղ գնաց, նստեց յուր տեղը։

Հետևյալ օրը նա ուսումնարան չեկավ։

Երրորդ օրը եկավ գույնը թռած, լղարած և լուռ նստեց յուր տեղը։ Նա ոչ մի խոսք չարտասանեց մինչև վերջ։

Աշակերտները փորձեցին դարձյալ սրախոսել նրա քթի վրա, ուշադրություն չդարձրեց։ Ես մի քանի անգամ լսեցի նրա ծանր հառաչանքները։ Որքան էլ փոքր լինեի և միամիտ, հասկացա, որ ընկերս տանջվում է: Ես խղճացի նրան, [ 171 ] կամեցա կարեկցությունս արտահայտել։ Պետք է ասած, որ Տեր-Ավանեսի ուսումնարանում սեղաններ չկային, մենք նստում էինք հատակի վրա, ծալապատիկ։ Ես մի քանի անգամ ծնկովս կամացուկ զարկեցի Ավետի ծնկանը։ Նա չհասկացավ, կարծեց չարություն եմ անում։ Այն ժամանակ ես բռնեցի նրա ձեռը և ամուր սեղմեցի։

Այս անգամ նա հասկացավ, նայեց ինձ և բարեկամաբար ժպտաց։

— Ալեքսան,— դարձավ նա ինձ, երբ փողոց դուրս եկանք։— Ես ուզում եմ քեզ հետ խոսել։

Նրա ձայնը դողում էր, դեմքը լուրջ էր։

— Ասա ինչ որ ուզում ես,— պատասխանեցի ես։

— Մեկէլ օրը դու չէիր ուզում ոտներիս ճիպոտով խփել։ Ես հասկացա, որ խղճում ես ինձ։ Շնորհակալ եմ։ Դու լավ տղա ես, դու մեր հարևանն ես։ Դու չես ծաղրում իմ քիթը: Ձեռդ տուր, բարեկամներ ենք։

Ես զգացված սեղմեցի ձեռը։

— Գալով Աղալոյին,— շարունակեց նա,— դու կտեսնես այս րոպեին, թե ինչպես կխրատեմ նրան։

Այս ասելով, Ավետը վազեց առաջ, բռնեց Աղալոյի թևերը երկու ձեռքերով և ասաց.

— Այ դու կատվի դունչ, մկան պոչ, խլեզ, քո պատճառով իմ ոտքերը ֆալախկայի մեջ դրին, ծեծեցին, ուռցրին։ Հիմա էլ ցավում են։ Դու ծաղրում ես քիթս հա՞։ Դե կեր։

Եվ սկսեց ծնկով արագ-արագ խփել Աղալոյի ծնկներին, փորին, կրծքին, այնքան, որ տղան բղավեց, մեզ կանչելով օգնության։

Մենք հազիվ կարողացանք Աղալոյին ազատել Ավետի ամուր ճանկերից։

Այդ օրից Ավետը և ես դարձանք բարեկամներ: Ես կռվում էի ամենքի հետ՝ ով ծաղրում էր նրա քիթը։ [ 172 ]
VI
ՏԱՏԻՍ ՎԵՐՔԸ

Հայրս աստվածաշունչ շատ էր սիրում և ամեն երեկո ինձ ստիպում էր կարդալ։

Ես նստում էի մինդարի վրա ծալապատիկ և բարձր ձայնով կարդում։

Մայրս, մի կողմ նստած, թոռ էր հյուսում, մեծ մայրս շարունակ քթախոտ էր քաշում և փռշտում։ Իսկ հայրս, ոտները ձգած, երկայն չիբուխը բերնին, աչքերը հատակին մի կետի հառած, ուշադիր լսում էր։

— Տեղ-տեղ նա ընդհատում էր ինձ, ասելով.

— Այդ կտորը մեկ էլ կարդա։

Այսպես էին անցնում իմ երեկոները։

Գիշերները քնում էի տատիս հետ։ Եվ ամեն գիշեր նա ինձ պատմում էր հեքիաթներ։ Օօ, ես շատ էի սիրում այդ բարձրահասակ, հաղթանդամ պառավին, ոչ պակաս, քան մորս և ավելի, քան հորս։

Մի գիշեր, երբ նա շապիկը փոխում էր, ես նրա աջ կողքի վրա տեսա մի մեծ սպի, այսինքն՝ վերքի հետք։ Նրա երկայնությունը կլիներ մի մատիտի մեկ ու կիսի չափ։

— Տատ, այդ ինչ է կողքիդ վրա,— հարցրի ես հետաքրքրված։

Տատիս դեմքը մռայլվեց։

— Քո բանը չէ,— ասաց նա։

Ես լռեցի, բայց այնուհետև սպին ինձ ավելի հետաքրքրեց։

Ամեն երեկո հարցնում էի տատիս, թե ինչպե՞ս և որտեղ է ստացել այդ վերքը, նա պատասխանում էր.

— Հետո կպատմեմ, հետո։

Եվ միշտ, երբ այս ասում էր, նրա ձայնը դողում էր, դեմքը մթնում։

— Տեր աստված,— մտածում էի ես,— այդ ինչ է նշանակում։

Հետաքրքրությունից սիրտս թրթռում էր, ես անհամբեր [ 173 ] սպասում էի, երբ պիտի տատս պատմի յուր վերքի մասին։ Բայց նա շարունակ հետաձգում էր յուր պատմությունը։ Երբեմն, երբ ես շատ էի թախանձում, բարկանում էր վրես։

Չմոռանամ ասել, որ այդ կինը յուր որդու պես մռայլ էր և խստաբարո։ Նա միշտ տխուր էր։ Ասեմ դրա պատճառը քանի միտս է։ Նա ուներ երկրորդ որդի, որ իմ հորեղբայրն էր։ Այդ մարդը, որի անունն էր Հարություն, շատ սանձարձակ էր, ծույլ, շռայլ և արբեցող։

Ամեն գիշեր նա թափառում էր գինետներում, կռվում սրա ու նրա հետ, ծեծում, ծեծվում։

Տատս նրան սիրում էր անչափ և միշտ աղերսում էր նրան թողնել գինետները, վատ ընկերներին և դառնալ բարի, աշխատասեր մարդ։ Ոչինչ չէր оգնում։

Ամեն գիշեր տատս հատակի վրա դնում էր մի սիսեռ և ասեղի ծայրով մի կլոր շրջանակ գծում նրա շուրջը։

— Տատ, այդ ի՞նչ ես անում,— հարցրի ես մի անգամ։

— Հորեղբորդ պահպանում եմ փորձանքներից։

— Ուրեմն, սիսեռը հորեղբայրս է։

— Այո, իսկ այս շրջանը նրա պահապանը։

Ասաց տատս և սկսեց երեսը խաչակնքել ու աղոթել:

Մի երեկո նա, վերջապես, զիջեց իմ թախանձանքին և համաձայնվեց պատմել յուր կողքի վերքի մասին։

— Օհ,— ասաց նա,— քեզնից ազատվել չի կարելի։ Նստիր և ականջ դիր։

Եվ նա, մի պտղուց քթախոտ քաշելով, փռշտաց մի քանի անգամ և ահա թե ինչ պատմեց…

VII
ՏԱՏԻՍ ՊԱՏՄՈԻԹՅՈԻՆԸ

— Աիրելի թոռնիկս,— այսպես սկսեց տատս իր պատմությունը, մազերս շոյելով յուր չորացած և պողպատի պես ամուր մատներով,— դու գիտես, որ ես բացի երկու որդուց, ունիմ չորս աղջիկ։ [ 174 ] – Նուրջի, Ոսկի, Շուշան և Թագուհի հորաքույրերս,– շտապեցի ավելացնել ես արագ-արագ:

– Այո, շարունակեց տատս,– մի անգամ ևս քթախոտ քաշելով և փռշտալով: Ամենից փոքրը Թագուհին է և ամենից հարուստը: Դեռ սրանից քսան տարի առաջ նրա ամուսինն ամեն ամառ գնում էր Ռուսաստան ապրանք բերելու: Ահա հենց այդ ժամանակվա մասին է պատմությունս:

Ականջ դիր:

Ես արմունկներս դրի ծնկներիս վրա, գլուխս հենեցի ձեռքերս ափերին, աչքերս հառեցի տատիս երեսին և սկսեցի ուշադրությամբ լսել:

– Երբ Թագուհու մարդը քաղաքից հեռանում էր, աղջիկս մնում էր մեն-մենակ: Նա երիտասարդ էր, նոր էր ամուսնացել, դեռ երեխաներ չուներ: Նրա տունը լիքն էր Խորաստանի գորգերով, Քիրմանի շալերով, Չին ու Մաչինի ամաններով, Մոսկովի թանկագին մաշկեղենով, ոսկեղենով, արծաթեղենով: Այն ժամանակ շաբաթ չէր անցնում, որ գողերից և ավազակներից պաշտպանեմ:

Ես խորին պատկառանքով նայեցի տատիս հսկայական թիկունքներին և առնական բազուկներին: Դեռ երեկ նա ցորենի ջուալը մեն-մենակ բարձրացրել էր և դրել մշակի մեջքին: Ինչ ուժ կունենար քսան տարի առաջ:

– Մի գիշեր ես ու հորաքույրդ քնած էինք տան պատշգամբի վրա,– շարունակեց նա մռայլ ձայնով :– Ամառային գիշեր էր, սենյակում տոթից շունչ քաշել չէր լինում: Դու գիտես, որ այդ պատշգամբի ծայրում կա մի լուսամուտ, որ նայում է դեպի մի փոքրիկ պարտեզ: Շատ էի քնել, թե քիչ- չգիտեմ, մեկ էլ լսեցի, որ լուսամուտից ինչ-որ ծանր բաներ ընկան պատշգամբի վրա: Ես զարթնեցի, նստեցի անկողնիս մեջ: Լռություն. ամեն ինչ հանդարտ էր: Միայն հեռվից, շատ հեռվից լսվում էին շան հաչոցներ: Լուսին չկար, բայց երկինքը պարզ էր, աստղերը պսպղում էին ալմաստի պես:

Նայեցի աջ ու ձախ – ոչ ոք և ոչինչ: Հորաքույրդ հանգիստ քնած էր: Ես նորից պառկեցի և վերմակը քաշեցի գլխիս: [ 175 ] Նոր աչքերս խուփ էի արել, հանկարծ ոտներիս վրա զգացի մի ինչ-որ ծանրություն և ցավ։ Կարծես մեկն ինձ կոխկրտելով, անցավ...

— Տատ,— գոչեցի ես,— ընդհատելով պառավի խոսքը,— ես վախենում եմ։

Տատս գրկեց ինձ, սեղմեց յուր լայն կրծքին։

— Հիմար, ինչի՞ց ես վախենում, ես այստեղ եմ,— շարունակեց նա, գլուխս համբուրելով։ Ես արագությամբ ոտքի թռա, գոռալով, «Ո՞վ էր նա»։ Աստղերի լուսով պատշգամբի ծայրում նշմարեցի հինգ-վեց մութ պատկերներ։ Մեկը նրանցից կամացուկ մոտեցավ այն սենյակի դռներին, որտեղ գտնվում էին հորաքրոջդ թանկագին իրերը։

Ես իսկույն հասկացա բանի էությունը։ Ավազակներ էին։ Իմ ձայնից հորաքույրդ զարթնել էր և նույնպես ոտքի կանգնել։ Սև պատկերներից երկուսը մոտեցան ինձ։ Կիսախավարի մեջ նկատեցի, որ նրանք զինված են մեծ-մեծ դաշույններով։ Թոռնիկս, մարդ վտանգների ժամանակ չպիտի ուշքը կորցնի։ Սառնությունը հաղթության քույրն է։ Ես չշվարեցի։ Առանց երկար մտածելու վերցրի վերմակս և մի ակնթարթում ձգեցի ինձ մոտեցողների գլխին։ Հորաքույրդ հետևեց իմ օրինակին։

— Անիծվածներ, ես ձեզ կխեղդեմ շան պես,— գոչեցի ես թրքերեն,— և երկուսին միասին գրկելով, բարձրացրի ու գցեցի լուսամուտով դեպի պարտեզ...

Արտասանելով այս խոսքերը, տատս կանգ առավ։ Երկյուղից և ուրախությունից սիրտս թրթռում էր բռնված ծտի պես։

Տատս հանգիստ էր։ Նա քթախոտ էր քաշում։

— Հետո՞, հետո՞,— գոչեցի ես անհամբերությունից շնչասպառ։

— Օօ՜, հորաքույրդ քաջ կին է,— շարունակեց պառավը հիացմամբ։ Նա իմ աղջիկն է իսկ և իսկ։ Նա էլ մեկին շպրտեց դուրս։ Ես վերցրի բարձս և ձգեցի այն մեկի երեսին, որ մոտեցել էր դռներին։

Մնացյալները մոտեցան ինձ։ Բայց ես այլևս վախ չունեի։ Հարձակվեցի նրանց վրա, երկայն մինդարը վերցնելով։ [ 176 ] — Օգնություն, օգնություն,— աղաղակում էր հորաքույրդ,— մեզ սպանում են։

Սկսվեց անհավասար կռիվ երկու անզեն կանանց և երեք ավազակների մեջ։ Օօ, եթե ձեռքիս լիներ մի դաշույն, ոչ մեկին կենդանի չէի թողնիլ:

Բակում լսվեցին ձայներ։ Մեկը հրացան արձակեց։ Դրանք մեր հարևաններն էին, որ եկել էին մեզ օգնելու։ Նրանք զինված էին որը հրացանով, որը դաշույնով, որը փայտով:

Հանկարծ կողքիս վրա զգացի ինչ-որ տաքություն, ապա սաստիկ ցավ։ Ձեռս մոտեցրի, զգացի թացություն։

Ինձ վիրավորել էին դաշույնով։ Արյունը հոսում էր աղբյուրի պես։ Ես ուշաթափվեցի ընկա։

Բայց տունն և աղջկաս կյանքը ազատված էին։ Ավազակները փախան, տանելով իրենց հետ ջարդված ընկերներին։

— Ահա իմ վերքի պատմությունը, թոռնիկս,— ավարտեց տատս, մի անգամ ևս քթախոտը մոտեցնելով յուր քթի լայն պնչերին։— Հանգստացա՞ր։ Այժմ պառկիր և քնիր։

Բայց ես այնքան էի ազդվել, այնքան հուզվել, որ այդ գիշեր մինչև լույս չկարողացա աչքերս փակել։

VIII
ՄԵՐ ԹԹԵՆԻՆԵՐԸ

Մենք ունեինք հինգ թթենի — մեկը բակում, չորսը փողոցում։

Հենց որ թթի ժամանակը գալիս էր, այդ ծառերը դառնում էին իմ պարծանքը և հոգսը։

Ազատ ժամերիս մեծ մասը նրանց էի նվիրում։

Չարաճճի մանուկները հանգստություն չէին տալիս խեղճերին։ Ով ճարպիկ էր — բարձրանում էր նրանց վրա և կապիկի պես ճյուղից ճյուղ ոստոստալով, ուտում էր համեղ պտուղները։ Ով չէր կարող — ցածից քարեր և փայտեր էր գցում և թութը թափում գետնին։ Էլ չէին սպասում, որ պտուղը հասունանա, կարգին թափ տանք և բաժանենք ամենքին։

Չեք կարող երևակայել, թե այդ բանը որքան վշտացնում [ 177 ] էր ինձ։ Հազիվ անմեղ պտուղները զարդարում էին կանաչ ճյուղերը, հազիվ ծառերը սկսում էին հպարտ-հպարտ մտիկ անել դեպի վեր — կապույտ երկնքին, դեպի վար — անցորդներին — կողոպուտը սկսվում էր։

Ես ասում էի ամենքին.

— Տղերք, որքան ուզում եք կերեք թութը, բայց ծառերին մի չարչարեք: Մեղք է։

Ով էր լսում ինձ։ Չար ձեռքերը օրը մինչև երեկո քարեր ու փայտեր էին արձակում խեղճերի վրա և նրանց տանջում։ Շատ անգամ մի երկու թթի համար ահագին ոստեր էին կոտրում։

Ես էի միայն նրանց պաշտպանը։ Ախ, այդ կանաչազարդ ոստերը, որպիսի ճչով և աղաղակներով էին պոկվում ճյուղերից և ընկնում գետնի վրա։ Ամեն անգամ, երբ տեսնում էի նրանց սալահատակի վրա սփռված, սիրտս էր մղկտում։ Ինձ թվում էր, որ դրանք իրանց մայրերի կրծքից խլված ու սպանված երեխաներ են, և մայրերը ողբում են նրանց։

Ամենից ավելի կարմիր թթի ծառերն էին չարչարվում, որովհետև նրանց պտուղն ավելի համեղ էր։ Լացս էր գալիս, երբ վայր ընկնող ոստերի հետ ընկնում էին հասունացած հատիկները: Կարծես դրանք ծառերի արցունքները լինեին։ Կարմիր արցունքներ, արյան արցունքներ։

Օ՜օ, սիրելի ծառեր, մանկությանս սքանչելի ընկերներ, երեսունուհինգ տարի է ձեզ չեմ տեսել։

Չորացե՜լ եք արդյոք, թե՞ անգութ կացինը կտրել է ձեզ բնից։ Եթե դեռ կենդանի եք, ո՞վ է ձեզ պաշտպանում ձեր ծերության հասակում, ազնիվ բարեկամներ։ Հիշում եմ ձեզ անհուն սիրով և երախտագիտությամբ։ Դուք ինձ շատ եք ուրախացրել, շատ հիացրել, շատ կերակրել։

Եվ քանի՜-քանի՜ անգամ ամառվա շոգ օրերին պատսպարել եք ինձ ձեր հովասուն ճյուղերի տակ ու զովացրել։ Քանի՜-քանի՜ անգամ ես ձեր պատճառով ծեծվել եմ և ծեծել։

Ահ, հիմա էլ գլխիս վրա մնում է այն վերքի տեղը, որ ստացա մի պատանու գցած քարից:

Մնացեք բարև, ազնիվ ընկերներ, ես այլևս ձեզ չեմ տեսնիլ… [ 178 ]
IX
ՊԱՏԵՐԱԶՄ

Մի օր ուսումնարանից նոր վերադարձած, մածոնի փրթոշ էի ուտում։ Դարձյալ լսեցի մեր թթենիների աղաղակը։

Նրանք ինձ օգնության էին կանչում։ Վազեցի փողոց և ինչ տեսա, տեր աստված… Թուրք պատանիների մի մեծ խումբ վայրի գազանների նման հարձակվել են բարեկամներիս վրա և անխնա փշրտում են նրանց ոստերը, մինչև անգամ ճյուղերը։

Արյունս գլխովս տվեց, աչքերս մթնեցին։

Գոռալով հարձակվեցի թուրքերի վրա, մեկին ապտակեցի մյուսին աքացի տվեցի, երրորդին թավալեցի գետնին։ Բայց ո՞ր մեկի հետ կռվեի։ Նրանք տասը հոգուց ավելի էին։

Հեկեկալով վազեցի տուն և տատիս գանգատվեցի։

Պետք է ասեմ, որ վերքի պատմությունը լսելու օրից տատս իմ աչքում դարձել էր հերոսուհի։ Ինձ համար այլևս չկար աշխարհի երեսին ավելի քաջ ոչ միայն կին, այլև տղամարդ։

Տեսնելով արտասուքս, նա կատաղեց վագրի պես։ Այդ ութսունհինգ տարեկան պառավը ոտքի թռավ ինչպես քսան տարեկան աղջիկ։ Գնաց բակը, վերցրեց մի բահ և վազեց փողոց։

Ես հետևեցի նրան, զինվելով մի մեծ փայտով։

— էյ, լակոտներ, ինչպես եք համարձակվում Բոշանց Ծաղիկի թոռնին լացացնել։

Տեղն է ասել — սիրելի մանուկներ, որ տատիս անվանում էին Բոշանց Ծաղիկ։ Ասում էին, թե իբր նրա պապը եղել է բոշա, այսինքն՝ գնչու։

Թուրք պատանիները առաջ ծիծաղեցին տատիս տեսնելով, հետո հարձակվեցին մեզ վրա, փոքրիկ գայլերի պես:

Ես այսօր էլ լսում եմ տատիս սարսափելի գոռոցը, այսօր էլ տեսնում եմ օդի մեջ նրա զարհուրելի բահը: Առաջին հարվածը նա տվեց մի չեչոտ հաստավիզ պատանու։

Թուրքերն ավելի կատաղեցին։ Օգնության հասավ Ավետն [ 179 ] երեք-չորս ընկերներով, փայտերով զինված և չուխաները կոներին փաթաթված, ինչպես վահան։

Փայտերի հարվածներ էին, որ տեղում էին մեկ և մյուս կողմից կարկտի պես։ Մենք կամ նահանջ էինք տալիս, կամ հարձակվում, նայելով հանգամանքներին։

Ավե՜տ, Ավետ, երբեք չեմ մոռանա այդ օրը։ Երբեք քո քիթն այնքան համակրելի չէ եղել ինձ համար, որքան այդ օրը։ Հենց այդ օրն էր, որ ես զգացի, թե մարդ կարող է ունենալ մեծ քիթ, ծուռ աչքեր, կուզ մեջք, կաղ ոտներ, բայց այդ չի խանգարում նրան լինել, միևնույն ժամանակ, քաջ տղա, ազնիվ ընկեր, վեհանձն հոգի։ Հենց այդ օրն էր, որ ես վճռեցի ոչ միայն չծաղրել մարդկանց մարմնավոր թերությունները, այլև ոչ ոքի թույլ չտալ ինձ մոտ ծաղրելու։

Հաղթությունը մենք տարանք, տատիս և քաջ Ավետի շնորհիվ։

Մենք ետ դարձանք հպարտ-հպարտ ինչպես հաղթական պատերազմից վերադարձող զորք։ Տատս գնում էր առջևից, բահը ուսին դրած, մենք հետևում էինք նրան, գոռալով.

— Հափ, հափ, հուռռա՛, ադա, հուռռա՜։

Այդ երեկո ուրախությունից մեր փողոցում վառեցինք մի մեծ խարույկ և սկսեցինք նրա վրայով թռչկոտել ետ ու առաջ։

X
ԳԱՍՊԱՐ ՎԱՐԺԱՊԵՏԸ

Մի տարի անցած ինձ դուրս բերեցին Տեր-Ավանեսի մոտից և տվեցին Գասպար վարժապետին։

Մինչև հիմա էլ չգիտեմ ինչու համար էր այդ տեղափոխությունը։ Ես արդեն ճարտասանությունը ջրի պես էի կարդում, իսկ ավետարանն ու աստվածաշունչն անգիր գիտեի:

Թե ինչ սովորեցրեց ինձ Գասպար վարժապետը, միտս չէ:

Բայց երբեք չեմ մոռանալ նրա կերպարանքը։ Դա մի հաստավիզ, հաստափոր մարդ էր, մոտ քառասունհինգ տարեկան: [ 180 ] Երեսն ու մեծ-մեծ ականջներն այնքան կարմիր էին, որ բարկանալիս կապտում էին բադըմջանի պես։

Բայց նա շատ քիչ էր բարկանում և իսկի մեզ չէր ծեծում։ Միայն շուտ-շուտ հազում էր և երբեմն այնպես սաստիկ, որ կարծում էինք, թե պիտի խեղդվի։ Երբ հազը վերջանում էր, նա յուր խոշոր պլպլող աչքերը տնկում էր մեզ վրա և ժպտում։ Կարծես ասում էր.

— Տեսա՜ք, ինչ լավ պրծա։

Մենք սիրում էինք Գասպար վարժապետին: Նա այնքան բարի էր, որ հաճախ մեզ հետ կատակներ էր անում։

Դասերի ժամանակ ոգևորում էր։ Արագ-արագ անցուդարձ էր անում ետ ու առաջ։ Նրա ոտները կարճ էին և մի քիչ ծուռ, ուստի ման էր Գալիս ինչպես բադ — աջ ու ձախ երերվելով։ Նրա լայն լաջվերդի գույնի շալվարը շրջազգեստի պես ծալծլվում էր ու ալիքներ գոյացնում: Նրա դուրս ցցված փորից արծաթե գոտին ստեպ-ստեպ ցած էր իջնում։

Գասպար վարժապետը շատ էր սիրում Մադրասի գինի և խոզի մսի խորոված։ Հաճախ մենք նրան տեսնում էինք գինետներից դուրս գալիս։ Երբեմն նրանից տկճորի հոտ էր փչում ։

Մի բան ատելով ատում էր Գասպար վարժապետը — աշակերտների հարցերը։ Երբ նրան թվաբանությունից կամ քերականությունից որևէ բան էինք հարցնում, նա միշտ ասում էր.

— Զահլես մի տարեք, կմեծանաք, կիմանաք։

Իրավ, հենց որ մեծացանք, իմացանք, որ Գասպար վարժապետը ոչինչ չգիտեր։

Բայց ներողություն, սխալվեցի մի փոքր։ Գասպար վարժապետը շատ լավ գիտեր այն բանը, ինչ որ այսօր անվանում են գործնական դասատվություն։ Շաբաթը մի կամ երկու անգամ նա մեզ տանում էր քաղաքից դուրս յուր կնոջ համար սունկ ժողովելու կամ փիփերթ ու դաղձ քաղելու։ Իսկ տանը մեզ ստիպում էր թափ տալ յուր գորգերն ու խսիրները, հորից ջուր դուրս բերել։ Աշնանը բարձրանում էինք նրա տան տափակ հողյա կտուրը և նրա ճեղքերը հարթում մոխիրով կամ հարդով։ Հետո բանքվով ծեծում էինք, ամրացնում, [ 181 ] որ առաստաղը չկաթի անձրևի ժամանակ։ Ձմեռն էլ կտուրը մաքրում էինք ձյունից։

Մի անգամ աշակերտները ապստամբվեցին, ասելով, թե չեն ուզում այդ տեսակ դասերով պարապել։ Գասպար վարժապետը չբարկացավ, բայց շատ խնդրեց, որ «գժություն» չանենք։

— Դուք իմ սիրուն բալաներս եք,— ասաց նա,— խոսքս տափը մի գցեք, թե չէ կնիկս...

Բանն այն է, որ այդ օրը Գասպար վարժապետի կինը լվացք ուներ։ Մենք պետք է լվացած շորերը տանեինք կտուրի վրա փռեինք, որ արևի տակ չորանան:

Շատ խնդրեց, աղաչեց Գասպար վարժապետը, չզիջեցինք։ Դռների առջև երևաց նրա կինը, սապնաջրից կապտած բազուկներով։

— Հըմ, ինչո՞ւ եք ուշանում,— ասաց նա,— ես շորերը քամեցի, վերջացրի։

— Չեն ուզում, ա կնիկ,— պատասխանեց Գասպար վարժապետը մեղավոր եղանակով։

Տիկինը կատաղեց։

— Ֆալախկան մեջտեղ բեր, կուզեն,— ասաց նա,— շատ են երես առել քո թուլությունից։ Դրանց ծեծով միայն կարելի է մարդ դարձնել։ Դեհ, ճիպոտը վերցրու։

— Ա կնիկ, թող, աստված սիրես,— աղերսեց Գասպար վարժապետը,— ես ինքս քո լվացքը կփռեմ արևի տակ:

Տիկինը յուր աջ ձեռի հինգ մատները բաց արավ, թափ տվեց օդի մեջ երեք անգամ դեպի յուր ամուսինն և ասաց խորին արհամարհանքով.

— Առա է՜, առա է՜, տափը մտնի քեզ նման վարժապետը, տափը...

Եվ հեռացավ։

— Այսօր հացս հարամ արիք գլխիս,— դարձավ մեզ Գասպար վարժապետը հուսահատական եղանակով և թուլացած նստեց մինդարի վրա։

Այս դեպքից մի շաբաթ անց ես տեղափոխվեցի գավառական դպրոց։ [ 182 ]

XI

ԻՄ ԳԱՌՆՈԻԿԸ

Ես կենդանիներ շատ էի սիրում։

Հայրս ուներ երկու ձի։ Հիանալի նժույգներ էին—մեկը սևագույն, մյուսը ոսկեգույն։ Լեզգի Մահմադը, մեր հավատարիմ ծառան, ասում էր, թե քաղաքում ոչ ոք չունի այդպիսի ձիեր։

Ես սաստիկ փափագում էի հեծնել նրանց, բայց հայրս թույլ չէր տալիս, վախենում էր, որ ընկնեմ։ Մի անգամ միայն թույլտվություն ստացա ոսկեգույն նժույգը տանել աղբյուր ջուր տալու։ Վերադարձին կամեցա մի քիչ քշել և իսկույն ընկա։

Ոչ մի տեղս չջարդվեց, բայց տունդռուզս մի ամիս ցավում էր։ Համոզվեցի, որ ինձանից ձի հեծնող չի դուրս գալ և այնուհետև սիրեցի ուրիշ կենդանիներ։ Մենք ունեինք կովեր, հորթեր, շներ, բայց ամենից ավելի գառներ էի սիրում։

Հիշում եմ մի սև գառնուկ, որ հայրս գնել էր ինձ համար մի զատիկ։ Վեց ամիս ես նրան պահեցի, մեծացրի։ Գեղեցիկ գառնուկ էր, սիրուն դունչով։ Ուներ մի զույգ փոքրիկ եղջյուրներ, որոնց ես ամեն օր հավի ճարպ էի քսում, որ փայլեն։

Ես այնքան սիրեցի այդ գառնուկը, որ գիշերներն անգամ չէի ուզում բաժանվել նրանից։ Ամեն օր տանում էի քաղաքից դուրս արածացնելու։ Անունը դրել էի Լեյլի։ Նա վազում էր ետևիցս, ուրախ-ուրախ թռչկոտելով։ Լիզում էր ձեռներս, դնում էր դունչը ծնկներիս վրա և հետո խոշոր, գեղեցիկ աչքերը հառում երեսիս։

Շաբաթը երկու անգամ լվանում էի նրան սապոնով, սանրում։ Նրա եղջյուրները միանում էին և կամաց-կամաց ծռվում։ Ես երազում էի մի օր տեսնել նրան մեծ խոյ դարձած և երևակայում էի, թե ինչպես պիտի կռվեր ուրիշ խոյերի հետ և հաղթեր նրանց։

Այդ իմ ամենամեծ փափագն էր, որի պատճառով երբեմն դասերս անգամ մոռանում էի։ Վերջը այնքան [ 183 ] սիրահարվեցի իմ գառնուկի վրա, որ կյանքս պատրաստ էի զոհել նրա համար։

Սակայն խեղճ բարեկամիս գլխին կուտակվում էին սև ամպեր։ Օդի մեջ զգում էի սարսափելի վտանգ։ Ամեն երեկո հայրս ու մայրս քչփչում էին ինչ-որ։ Ես լսում էի մորս հատ-հատ խոսքերը. «Չեմ կարող ուտել նրա միսը, մեղք է, մեղք է» և այլն։

Կասկած չկար, որ խոսքը գառնուկիս մասին էր։ Հայրս ուզում էր մորթել նրան, մայրս չէր թողնում։

Բայց այն ժամանակները ընտանիքի օրենքը տան ամենամեծ տղամարդի կամքն էր։ Մի առավոտ, օհ, երբեք, երբեք չեմ մոռանալ այդ դժբախտ օրը, հայրս դուրս բերեց յուր դաշույնի պատյանից դանակը և սկսեց սրել։ Վճռված էր. նա պետք է մորթեր ընկերոջս, բարեկամիս, որի հետ այնքան ուրախ օրեր էի անցկացրել։

Ես ընկա հորս ոտքերը, աղերսեցի, որ խնայի գառնուկիս, լաց եղա, հեկեկացի։ Ոչինչ չօգնեց, հայրս անհողդողդ էր։ Նա գնաց ախոռատուն, բռնեց խեղճ գառնուկիս և տարավ մեր տան ետևի փոքրիկ բակը։ Ես վազեցի, գրկեցի նրա գլուխը, համբուրեցի։ Ես չէի ուզում նրանից բաժանվել։ Հայրս յուր ուժեղ ձեռով հրեց ինձ։ Ես ընկա գետնին, հեկեկալով։

Վերջին անգամ փայլեցին անմեղ բարեկամիս գողտրիկ եղջյուրները արեգակի տակ։ Նա անհետացավ պատի ետևում։ Երբ հայրս մի քանի րոպե անցած երևաց արյունաթաթախ դանակը ձեռքին, ինձ թվաց, որ նա մարդասպան է, ավելի՜, որդեսպան։

Ես ատեցի նրան։

Ինձ համար սկսվեցին դառն, վշտալի օրեր։ Ես խելագարի պես էի, չգիտեի ինչ անեմ, ինչպես մոռանամ մորթված բարեկամիս։ Ամեն անգամ, երբ հիշում էի նրան, արտասունքը խեղդում էր ինձ։ Իսկ ես նրան հիշում էի ամեն ժամ, ամեն վայրկյան։ Հաճախ երազումս անգամ հալածում էր ինձ բարեկամիս ուրվականը․․․

Օհ, սիրելի մանուկներ, երբեք-երբեք գառնուկ չպահեք, եթե գիտեք, որ մի օր պիտի մորթեն նրան։


[ 184 ]

ՍԱՐԳՍԻ ՎԻՇՏԸ


Գիշերվա երկու ժամն էր արդեն, երբ Սարգիս Բադաղյանը ժողովարանի սանդղքից ցած իջավ տուն գնալու։ Նա հուզված էր, կատաղած։

— Ուրեմն չո՞րս օր,— հարցրեց նա սանդղքի ստորոտում կանգնած ավագին։

— Այո, չորս օր և չորս գիշեր,— պատասխանեց ավագը:

Սարգիսը մի հուսահատական շարժումն արավ, հագավ սպասավորի ձեռքով վերարկուն, գալոշները, վերցրեց անբաժան անձրևանոցը և դուրս գնաց։

Չորս օր և չորս գիշեր։ Անխիղճներ, անաստվածներ։ Չորս օր և չորս գիշեր կլուբը պիտի փակ մնա։ Ինչո՜ւ։ Որովհետև զատիկ է, եկեղեցի գնալու, աղոթք անելու, ոգի և մեղքեր քավելու օրեր։

— Ո՞ւր պիտի գնամ, ի՞նչ պիտի անեմ,— ասում էր Սարգիսը, բարձրանալով մի նեղ, մութ փողոցով դեպի այն տունը, ուր բնակվում էր։

Այո, ո՜ւր գնա, ի՜նչ անի այդ շորս օրը։ Կլուբը նրա համար ամեն ինչ էր՝ և՛ տուն, և՛ ընտանիք, և՛ թատրոն, և՛ զվարճության ու տխրության վայր։ Միակը աշխարհի երեսին, որ նա ուներ, միայն մեկը։ Երեկոները նա գալիս էր ժողովարան ամենից ուշ, մինչև որ կտային «տուգանքի» նախավերջին զանգակը։ Նա ցերեկներն էլ էր այնտեղ։ Գալիս էր առավոտյան տասը ժամին ծառաների և սպասավորների հետ և գնում էր երեք ժամին։ ճաշում էր, քնում, թեյ խմում և նորից գալիս կլուբ։ Երեսունուհինգ տարի էր նա անդամ էր և ոչ մի երեկո բաց չէր թողել, ոչ մի երեկո այդ երկար ժամանակվա ընթացքում։