ՍԱՐԳՍԻ ՎԻՇՏԸ


Գիշերվա երկու ժամն էր արդեն, երբ Սարգիս Բադաղյանը ժողովարանի սանդղքից ցած իջավ տուն գնալու։ Նա հուզված էր, կատաղած։

— Ուրեմն չո՞րս օր,— հարցրեց նա սանդղքի ստորոտում կանգնած ավագին։

— Այո, չորս օր և չորս գիշեր,— պատասխանեց ավագը:

Սարգիսը մի հուսահատական շարժումն արավ, հագավ սպասավորի ձեռքով վերարկուն, գալոշները, վերցրեց անբաժան անձրևանոցը և դուրս գնաց։

Չորս օր և չորս գիշեր։ Անխիղճներ, անաստվածներ։ Չորս օր և չորս գիշեր կլուբը պիտի փակ մնա։ Ինչո՜ւ։ Որովհետև զատիկ է, եկեղեցի գնալու, աղոթք անելու, ոգի և մեղքեր քավելու օրեր։

— Ո՞ւր պիտի գնամ, ի՞նչ պիտի անեմ,— ասում էր Սարգիսը, բարձրանալով մի նեղ, մութ փողոցով դեպի այն տունը, ուր բնակվում էր։

Այո, ո՜ւր գնա, ի՜նչ անի այդ շորս օրը։ Կլուբը նրա համար ամեն ինչ էր՝ և՛ տուն, և՛ ընտանիք, և՛ թատրոն, և՛ զվարճության ու տխրության վայր։ Միակը աշխարհի երեսին, որ նա ուներ, միայն մեկը։ Երեկոները նա գալիս էր ժողովարան ամենից ուշ, մինչև որ կտային «տուգանքի» նախավերջին զանգակը։ Նա ցերեկներն էլ էր այնտեղ։ Գալիս էր առավոտյան տասը ժամին ծառաների և սպասավորների հետ և գնում էր երեք ժամին։ ճաշում էր, քնում, թեյ խմում և նորից գալիս կլուբ։ Երեսունուհինգ տարի էր նա անդամ էր և ոչ մի երեկո բաց չէր թողել, ոչ մի երեկո այդ երկար ժամանակվա ընթացքում։ նրան ճանաչում էին ամենքը։ Նա ճանաչում էր ամենքին՝ սկսած կլուբի դռնապանից մինչև ավագների խորհրդի նախագահը։ Նա ճանաչում էր կլուբում ամեն ինչ, սկսած սանդղքի մոտ դրած վաղեմի չորացած ալյանդրից մինչև մեծ դահլիճի բոլոր անկյունները։

Նա թուղթ չէր խաղում, ոչ էլ շախմատ, ոչ էլ բիլիարդ և ոչ էլ նարդի։ Գալիս էր մտնում նախ ընթերցարան, թերթում էր բոլոր լրագրերը։ Չէր կարդում, այլ միայն թերթում էր։ Հետո դանդաղ քայլերով մոտենում էր թուղթ խաղացողների սեղաններին, ամենքին հերթով, նայում էր տխուր, անտարբեր հայացքով, նայում, հետո հեռանում, նորից մոտենում, նորից հեռանում։

Նա շատ լավ գիտեր, որ թուղթ խաղացողներն իրան չեն սիրում. նրա «ոտը» համարելով անհաջող։ Բայց այնուամենայնիվ մոտենում էր ամենքին, երբեմն նույնիսկ, առանց թույլտվություն խնդրելու, նստում խաղացողների քով և հետևում խաղին։

Այս էր նրա միակ հաճույքը։ Կլուբը իր խաղացողներով, իր՛ բազմաթիվ սենյակներով, իր քնահարբ ծառաներով, իր հնամաշ կահկարասիով։ Դա նրա միակ աշխարհն էր, իր ամբողջ կյանքը, ամբողջ։ Ուրիշ նա ոչինչ չուներ։

Եվ հանկարծ նրան ասում են, թե չորս օր ու չորս գիշեր պիտի փակ մնա իր սիրեցյալ, իր պաշտելի ժողովարանը։

— Հանկա՞րծ։-— Ոչ։ Ամեն տարի միևնույնը, երեսունուհինգ տարի։ Եվ տարենը չորս օր, մի օր էլ ջրօրհնեքին Սարգսին պատժում էին։ Եվ ի՜նչ պատիժ։ Չորս կամ հինգ օր ու գիշեր գլխիվայր կախված մնալ օդի մեջ։ Անտուն, անտեր։

Օհ, անաստվածներ, օհ, անխիղճներ։

Սարգիսը, ամուրի, միայնակ, ազգականներից, բարեկամներից, ծանոթ ընտանիքներից զուրկ Սարգիսը, արտասվեց։ Եվ միայն գիշերային լռությունն ու մթությունն իմացան, թե ո՞րքան մեծ է նրա վիշտը։