Իմ սերը իմ մեջ մեծացավ այնքան

***

Իմ սերը իմ մեջ մեծացավ այնքան,
հավատը իմ մեջ մեծացավ այնքան,
կարոտը իմ մեջ մեծացավ այնքան,
այնքան մեծացավ սերը ինձանից,
որ իմ մեջ արդեն
չեմ տեղավորվում։
Ես տարածվեցի,
ես ձգվեցի վեր, լեռներից էլ վեր,
ես իջա ներքեւ, ձորերից էլ խոր,
տեղավորեցի
ես ինձ ծաղկունքի առէջների մեջ,
պայծառ գետերի փափուկ ջրերում,
        խոտերում նաեւ,
        քարերի ճեղքում,
հավքերի թեւ ու թռիչքների մեջ։
Տեղավորվելու համար, ինչ ասեմ,
նույնիսկ գիժ քամու շրջապտույտը
չմոռացա ես,
բայց էլի, տես որ՝ չեմ տեղավորվում։
Հիմա՝
թռչնանամ ձեր երկինքներում,
թող նրանք երկինք լինեն ավելի,
        քան երկինքները։
Հիմա՝
երգանամ ձեր հոգիներում,
թող նրանք հոգի լինեն ավելի,
        քան հոգիները։
Հիմա՝
աստղանամ ձեր ժպիտներում,
թող նրանք ժպիտ լինեն ավելի,
        քան ժպիտները։
Հիմա...
ավելի...
Կարոտը իմ մեջ մեծացավ այնքան,
հավատը իմ մեջ մեծացավ այնքան,
երազը ինձնից մեծացավ այնքան,
այնքան մեծացավ ձեր սերն ինձանում,
որ իմ մեջ արդեն
չեմ տեղավորվում...