Առանց անհրաժեշտության Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Ինձ միշտ թողնում ես)

Վարդան Հակոբյան

Ապաշխարանք
***

Ինձ միշտ թողնում ես հորձանուտի մեջ վայրի ջրվեժի,
եւ ես ջրերի արծաթ թելերից հյուսում եմ գոտի
ու, հոսանքի դեմ, պռունկով ժայռի մագլցում եմ վեր։

Ինձ միշտ թողնում ես խավարապաճույճ, ծանր ցավի մեջ,
եւ ես այդ ցավի անհուն, որձքարե խորքերը ճեղքում
իմ եղունգներով, բացում եմ քարայր, այնտեղ մհերվում։

Ինձ միշտ թողնում ես անօգ ու մենակ, չափազանց մենակ,
եւ ես մենության ծանր կայծքարից կրակ եմ հանում,
որ երբ լքես ինձ, ձյուն ու ցրտի մեջ չհանգչի հոգիս։

Ինձ միշտ թողնում ես մեր իսկ քայլերով բացված ճամփեքին
եւ ես մեր չանցած ճանապարհները շալակիս առնում,
որոնում եմ... ինձ. թե ձեռքս ընկա՝ շանսատակ կանեմ։
                                                       29.10.95թ.