Ձորը պտույտ է գործում հավքի շուրջ,
ամեն կետից նույն գմբեթն է ելնում,
տները հողին իջնող թեւեր են,
ջուրն իր տարածն է բերում լանջն ի վեր.
- Ինձ շարունակիր, առավո՛տ լուսո։
Լույսը երկնքից իջնում է զվարթ,
հայացքն արցախցու պարզ սրբատուն է,
զորության ներսից պարզվում է աջը,
լեռը բախում է դուռը Աստծո.
- Ինձ շարունակիր, առավոտ լուսո։
Վանքը երեսիս առել, գալիս եմ,
պարզության խորքից ակունքն է խոսում,
հոգիս գմբեթ է՝ կախված զանգակից,
աչքերս թռչող աղավնիներ են.
- Ինձ շարունակի՛ր, առավոտ լուսո։
Արցախը՝ հույսի անառ վեհարան,
երկնքի շեմին՝ ոտքը մաքուր լեռ,
կրակի վրա Սրբատափն է հարթ,
շնչում են զոհված պապիս ձեռքերը.
- Ինձ շարունակի՛ր, առավոտ լուսո։