Ծառն իր տեսակի Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Ես առել էի)

Վարդան Հակոբյան

Ինձ շարունակիր
***

Ես առել էի հոգիս թեւերիս,
ինչպես երկինքն են թեւերին առնում
հավքերը՝ մեր իսկ երգով մեծացած,
ու տանում էի, չգիտեմ, թե ուր,
բայց գիտեմ հաստատ՝
հեգ ծարավներին։
Ես բռնել էի լույսը իմ ձեռքում,
ինչպես որ հուշն են պահում արյան մեջ
վիրավորները՝ մեզ համար ընկնող,
ու տանում էի, չգիտեմ, թե ում,
բայց գիտեմ հաստատ՝
ինձ որոնողին։

Ես առել էի քեզ իմ կրծքի տակ,
ինչպես որ վանքն են իրենց մեջ պահում
ուխտավորները՝ սրբազան սիրո,
ու տանում էի, չգիտեմ, թե ոնց,
բայց գիտեմ հաստատ՝
ծաղկավորելու։

Ես կրում էի ցավերն ուսերիս,
ինչպես որ ժայռն է իր վրա կրում
վարդերն՝ արյունից ելած հերոսի,
ու տանում էի, չգիտեմ ինչպես,
բայց գիտեմ հաստատ՝
հույս արարելու։

Ես օծվել էի արյամբ պատմության,
ինչպես Վարդանի կամ Անդրանիկի
արյամբ մեր հայոց սխրանքն է օծված,
եւ ընդառաջ էի գնում Աստծուն
որպես հին խաչքար՝
մեռնել չիմացող...