ԻՆՉՈ՞Վ ԹԱՐԳՄԱՆԵԼ


Քո հեզությունը մաքուր գույներով,
Քաղցր բույրերով նկարում եմ ես
Ու արեգակի շող-շող թելերով
Հորդում է հուրդ ու վարարում ես:

Իմ երգի համար, նաեւ ինձ համար
Մեղմ հայացքներդ շոյանք են, սեր են,
Խոնջանքը հոգուդ՝ երգս է համառ,
Խոհս, որ վաղուց քեզնով լցվել է:

Թե հոգնած ճամփիդ շրշյուն եմ ծառի,
Ծառը՝ մատներիդ դալարումն է սուրբ.
Ծուփ-ծուփ երազիդ ծփանքը ծովի
Իմ խաղաղ օրն է, երկինքը իմ լուրթ:

Քո հոգնությունը, հոգնությունը քո
Էլ ինչո՞վ, ասա, ինչո՞վ թարգմանել.
Քեզնից վտակվող իմ սեր ու երգով,
Թե այն ծաղկունքով, որ դու ես ցանել:

Գուցե արեւի մշտավառությամբ,
Իմ շեն օջախով թարգմանեմ գուցե,
Քո սուրբ օրհնանքի խոնարհ բարությամբ,
Խոսքիդ բույրով է տունս տուն դարձել:

Քեզ նկարելը դժվար է, իրավ,
Ինչ արած, սակայն, նորից եմ փորձում,
Միայն թե մի քիչ ժպտա դու, իմ մայր
Ժպիտները քեզ այնպե՜ս են սազում...

Քո դեմքին ցավի ակոսներ կան շատ,
Դեմքիդ տեղ չկա լույս ժպիտների,
Բայց ինչ էլ լինի, դու ժպտա, իմ մայր,
Որ էլ շատանա արեւն աշխարհի...