Իմ ծերանալը տեսնում էր մայրս,
Բայց ոչինչ, ավաղ, ոչինչ չէ՜ր ասում:
Ինձ սիրտ էր տալիս, ժպտում էր մայրս,
Բայց ցավիս համար թաքուն արտասվում:
Եվ ճերմակ հագավ ասես մի օրում,
Այդ ինչպե՞ս եղավ՝ տեսա, ապշեցի:
Տեսե՞լ եք, ոնց է դաշտը պարուրվում
Սառը եղյամով ձմեռնահասի:
Դու լռում էիր քո մասին, իմ մայր,
Մեր խնդության հետ դու ծաղկում էիր,
Մինչդեռ, ով գիտե, չէ՞ր լինի հնար՝
Որ քո ծերության ճամփան փակեի:
«Հնար էլ լիներ, չէի կամենա, -
Շշնջաց մի օր մայրս սրբանուն», -
Իմ ծերությունը ուղեկցի նման
Հասակ առնելուդ հետ է ընթանում:
Շատ էիր ուզում ինձ հասուն տեսնել,
Ինձ ծաղկած տեսնել, իմ անուշ, իմ մայր:
Իղձերս ամեն տեղ ես հասցրել,
Մոռացել մեկը՝ միշտ ջահե՜լ մնալ...