***

Ինչպես գիշերվա երազ ու տեսիլք՝
Հալվում եմ ահա առավոտի մեջ:
Բաց եմ արձակել
Ինքս ինձ հիմա
Եվ տեսնում եմ, թե ինչպես եմ կորչում
Ծանոթ ու օտար բոլոր կանչերում,
Դառնում փնտրտուք,
Ինչ-որ երազի իրականացում,
               Մի տեղ՝ բարի լույս,
Մի տեղ հարսանիք ու իրարանցում,
Գառան մայրականչ,
Իր իսկ նվագով պար մտած հովիկ,
Ծնվող մանկան ճիչ,
               Չգիտեմ էլ ինչ...
Ինչպես գիշերվա երազ ու տեսիլք
Առավոտի մեջ հալվում եմ ահա:
Չգիտեմ երբ եմ սկսվել, որտեղ,
Չեմ էլ հավատում, թե վե՜րջ կունենամ: