Ինչ է, ով է/«Դյուցազնական սիմֆոնիա»

«Դյուցազնական սիմֆոնիա»
«Ինչ է, ով է» մանկական հանրագիտարան
1984

«Դյուցազնական սիմֆոնիա»

Պատահում է, որ որևէ նկար երկար դիտելիս այն, ասես, կենդանանում է երևակայությանդ մեջ, և թվում է, թե մի հրաշալի մեղեդի է հնչում ականջիդ: Լսում ես, թե ինչպես է դայլայլում Հազարան բլբուլը` նորից կյանքի կոչելով չորացած այգին, կամ սուլոցով սլանում է նետը, որ խիզախ: Արին է արձակել Սպիտակ դևին սպանելու համար:

Լինում է և հակառակը․ մանկուց սիրելի մեղեդին աստիճանաբար վեր է ածվում գունագեղ, կենդանի պատկերների: Դա նորից մեր երևակայությունն է մեզ հետ զարմանալի խաղեր խաղում։

Ահա մենք լսում ենք նվագարանների հզոր խմբանվագը, իսկ հիշողությունը հին զրույցներից, գեղանկարչական ստեղծագործություններից մեզ ծանոթ կերպարներ է հուշում:

Հենց այդպես է մտահղացել կոմպոզիտոր Ալեքսանդր Պորֆիրևիչ Բորոդինը (1833-1887) իր հայտնի սիմֆոնիան, որը հետագայում անվանվեց «Դյուցազնական»: Մենք, կարծես, անձամբ տեսնում ենք Իլյա Աուրոմեցին, Դոբրինյա Նիկիտիչին կամ Միկուլա Սելյանինովիչին, լսում նրանց խոսքն ու երգը, տեսնում նրանց խնջույքի նստած կամ արշավի ելած։ Այդ երաժշտությունը հարազատ է հին ռուսական դյուցազունների մասին պատմող բիլինաներին։ Այնպիսի հզորությամբ են լեցուն մեղեդիները, որ սիմֆոնիան, ասես ստեղծվել է դյուցազնական տաղանդով:

Եվ երաժշտության բնույթը, և հենց իր Ա․ Պ․ Բորոդինի մտահղացումը ռուս նշանավոր քննադատ Վ. Ստասովին հուշեցին սիմֆոնիան «Դյուցազնական» անվանելու միտքը: Այդ անունը թևավոր դարձավ, և նրանով էլ սիմֆոնիան մտավ համաշխարհային մշակույթի գանձարանը:

Ա․ Պ․ Բորոդինի հրաշալի երաժշտությունը նրա «Իշխան Իգոր» օպերան, երկու սիմֆոնիաները, ռոմանսները, կվարտետները, կատարում են ողջ աշխարհում։ Ի դեպ, նրա «Իշխան Իգոր» օպերան բեմադրվել է նաև Երևանի Ալ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում:

Կենդանի, հզոր կերպարները շրջապատում են մեզ այդ ստեղծագործությունների առաջին իսկ հնչյունների հետ։ Կոմպոզիտորը փառաբանում է մարդու ուժը, գեղեցկությունը և իր հայրենիքի մեծ անցյալը, պատկերում լուսավոր ապագան: Ա Պ Բորոդինի երաժշտությունն իր բոլոր արմատներով կապված է Ռուսաստանի և նրա ժողովրդի հետ, արտահայտում է ռուսական բնավորության լավագույն կողմերը:

Ա․ Պ․ Բորոդինը ոչ միայն մեծ երաժիշտ էր, այլև քիմիկոս-գիտնական, բժիշկ, հասարակական գործիչ: