Դոդոշ

Շատերն են, որ դոդոշին չեն սիրում։ Ասում են՝ վնասակար է, նրանից ձեռքերի վրա գորտնուկներ են առաջանում: Դա ամենևին էլ ճիշտ չէ: Իր մաշկի վրայի բշտիկներից դոդոշն, իրոք որ, սպիտակավուն հեղուկ է արտադրում, բայց դրանից ոչ մի գորտնուկ էլ չի առաջանում: Պարզապես այդ հեղուկը ուժեղ հոտ ունի և շատ տհաճ է նրանց համար, ովքեր ցանկանում են բռնել և ուտել դոդոշին: Այդ եղանակով նա վախեցնում և իրենից վանում է թշնամիներին։ Չէ՞ որ նա ո՛չ սուր ատամներ ունի, որ պաշտպանվի, ո՛չ էլ արագավազ ոտքեր, որ փախչի:

Դոդոշների մասին բազմաթիվ անհավանական պատմություններ են պատմում: Քչերն են միայն, որ գիտեն ճշմարտությունը։ Օրինակ, սակավաթիվ մարդիկ գիտեն, թե որքան մեծ օգուտ է տալիս դոդոշը։ Ամբողջ օրը նստում է նա որևէ մեկուսի, խոնավ անկյունում, իսկ երբ իջնում է մթնշաղը, սկսում է որսը։ Եվ որքան վնասատուներ է ոչնչացնում մի գիշերվա ընթացքում՝ է՛լ թրթուրներ ու վնասակար փափկամորթներ, է՛լ ճանճեր ու զանազան միջատներ, հաշվել անգամ չի լինի։ Ահա թե ինչու դոդոշը մեր լավ բարեկամն է։ Նա, իրոք, շատ տգեղ է, բայց բարեկամներին հո գեղեցկության համար չէ, որ սիրում են, ճիշտ չէ՞։