Այծյամ
«Ինչ է, ով է» մանկական հանրագիտարան
1984

Այծյամ

Հայկական բնաշխարհը դժվար է պատկերացնել առանց այծյամների։ Արագավազ, չքնաղ փոքր եղջերու է այծյամը: Մարմինը համեմատաբար կարճ է, վիզը՝ երկար։ Ունի փոքր գլուխ, ամուր կճղակներով երկար ոտքեր։ Նրա գեղեցիկ մորթին ամռանը շիկակարմիր է, իսկ ձմռանը գորշ։ Այծյամը հիմնականում ապրում է անտառներում։ Սնվում է խոտաբույսերով վայրի պտուղներով ու հատապտուղներով, տերևներով։ Անտառը նրա արոտավայրն է և թաքստոցը: Սիրում է նաև ջրափի եղեգնուտներն ու անտառամիջյան բացատները։

Ամռանը առավոտյան, երեկոյան և գիշերը այծյամներն արածում են, իսկ ցերեկվա շոգին թաքնվում են ստվերում և հանգստանում: Ցուրտ օրերին կեր են հայթայթում օրվա ցանկացած ժամի Այծյամների քաշը հասնում է մինչև 60 կգի։ Շատ լավ լողում են, կարող են լողալով կտրել անցնել ցանկացած ամենամեծ գետը: Առատ ձյան ժամանակ դուրս են գալիս ճանապարհները։ Ունեն սուր հոտառություն, տեսողություն ու լսողություն:

Որսորդներն այծյամներին հետապնդում են համեղ մսի գեղեցիկ մորթու և էլ ավելի գեղեցիկ եղջյուրների համար։ Դրա համար էլ այծյամները թաքնվում են անտառի խորքում: Նրանց հետապնդում են նաև վայրի գազանները՝ գայլը, որը նրանց հիմնական թշնամին է, աղվեսը, անտառակատուն լուսանը, թափառող շները։ Ձագուկները հաճախ են արծվի, ուրուրի, անգղի և բվեճի որս դառնում:

Ամռանը հասուն այծյամները թափառում են միայնակ: Իսկ աշնանը կազմում են խառը խմբեր (արուներ, էգեր, ձագեր)՝ կազմված, սովորաբար, 20-30, երբեմն էլ 50—100 կենդանուց։ Հայկական ՍՍՀ-ի պայմաններում խմբերն ավելի փոքր են լինում։

Բազմացման շրջանում, որը սկսվում է ամռան երկրորդ կեսից, արուների միջև տեղի է ունենում կատաղի պայքար և շատ հաճախ ավարտվում վնասվածքներով:

Մայիսին մայր այծյամն ունենում է 1—2 ձագ: Առաջին օրերին նրանք մնում են թավուտում խոտերի մեջ պառկած, իսկ հետո կարողանում են կանգնել և քայլել մոր ետևից։ Մայր այծյամը հոգատար է ձագուկների նկատմամբ։ Նրանց կաթով կերակրում է այնքան ժամանակ, մինչև որ մեծանան, կարողանան սնվել խոտով ու տերևներով։ Երկու շաբաթ հետո փոքրիկները կարող են իրենց մոր նման արագ վազել։ Նրանք իրենց մոր հետ շրջում են մինչև հաջորդ գարուն, երբ մայրը նորից է ձագեր ունենում։

Եղջյուրներ ունեն միայն արու այծյամները։ Եղջյուրներն սկսում են աճել ձմռանը, իսկ հաջորդ տարվա գարնանը դադարում աճել։ Սկզբում եղջյուրը ունենում է մեկ ուղղաձիգ ճյուղ։ Դեկտեմբերին այն ընկնում է, և հունվարից աճում են նոր եղջյուրներ, որոնք գարնանը ճյուղավորվում են։

Այծյամի ձագերը հեշտ ընտելացող հեզ արարածներ են, ուստի որսորդները, անտառապահները երբեմն նրանց բռնում ու պահում են տանը։ Այծյամները ապրում են մինչև 16 տարի։

Այծյամը մեր բնության սքանչելի զարդերից է, նրան պահպանելն ու բազմացնելը մեր բոլորի պարտքն է։