Անուն

Չկա մեկը, որ անուն չունենա: Պատահում է, որ մարդն ինքը վաղուց չկա, բայց նրա անունն ապրում է: Այսպես մեզ են հասել անունները Իտալիայում տեղի ունեցած ստրուկների խոշորագույն ապստամբության առաջնորդի, մեզնից ավելի քան 2 հզ տարի առաջ ապրած Սպարտակի, Ասորեստանի թագուհի Շամիրամի, որին վերագրվում է «Աշխարհի յոթ հրաշալիքներից» մեկի` Բաբելոնի կախովի պարտեզների ստեղծումը:

Հապա եղբայրիկ Իվանուշկան ու քույրիկ Ալյոնուշկան, Հենզելն ու Գրետելը հրաշալի հեքիաթներից: Նրանք առհասարակ չեն եղել, բայց նրանց անուններն ապրում են:

Ի՞նչ է անունը. դա բառ է, բայց առանձնահատուկ մի բառ: Բոլոր բառերն ինչ որ բան նշանակում են, իսկ սրանք կարծես ոչ։ Եթե կատվին ցույց տալիս ասեք «Տե՛ս, շնիկը վազում է», ձեզ չեն հավատա։ Իսկ եթե ձեր քույրիկ Անահիտին մեկնումեկի հետ ծանոթացնելիս նրան ներկայացնեք որպես Գայանեի, ոչ ոք նույնիսկ չի էլ կասկածի, որ ճիշտ չեք ասում:

Կան ժողովուրդներ, որոնց պատկանող մարդիկ իրենց կյանքի ընթացքում փոխում են երկու, երբեմն էլ` երեք անուն։ Եվ դրանից ոչինչ չի փոխվում։ Գուցե անուններն իրոք ոչինչ չեն նշանակում:

Դա այդպես չէ անշուշտ։ Հնում մարդիկ իրար միայն իմաստալից անուններ էին տալիս` իրենց կարծիքով երեխաներին անվանակոչելով նրանց պահվածքին, արտաքինին համապատասխանող բառերով: Ամերիկայի հնդկացիները երեխային կարող էին կոչել Ուի-Ուիս` «բվի ձագ», կամ Հոմա Հոմանի՝ «վաղորդյան ամպիկ»: Հին հույները օգտագործում էին այսպիսի անուններ. Պետրոս որ նշանակում է «քար», Փոկաս` «փոկ», Քրիսոս` «ոսկի»:

Այդպես էին վարվում և ռուսների նախնիները. հին ռուսական անունները տարբեր կերպ էին հնչում. Դոբրոսլավա (բարի փառք), Դոբրինյա (քաջակորով երիտասարդ), Մալուշա (փոքրիկ): Դրանց իմաստը հասկանալի էր։ Տղային կարող էին անվանակոչել Վոլկ (գայլ), որպեսզի նա լիներ ուժեղ ու համարձակ և երկար ապրեր. ով ծնվեր շաբաթ (ռուսերեն` суббота) օրը, կոչում էին Սոբոտկա, անդրանիկ զավակին՝ Պերվուշա (ռուսերեն «первый» բառից): Իսկ ճղճղան մանչուկին Բեսսոն (անքուն) կամ Նեուպոկոյ (անդադրուն): Իսկ ինչո՞ւ հետագայում նման անունները չեն պահպանվել։

Նրանց դուրս են մղել քրիստոնեության հետ մուտք գործած օտար անունները: Օրինակ, Հովհաննեսը ծագել է «Եհովան ողորմած է» արտահայտությունից։ Ալեքսանդր անունը, որ նշանակում է «մարդկանց պաշտպան», եկել է Հունաստանից, Վալենտինան լատիներեն է` «առողջ, կորովի մարդու դուստր»։

Այդ անունները տարածվել են Եվրոպայի բոլոր ժողովուրդների մեջ։ Յուրաքանչյուրը դրանք վերափոխել է յուրովի: Հովհաննեսը Ֆրանսիայում դարձել է Ժան, Անգլիայում` Ջոն, Լեհաստանում` Յան, Իսպանիայում` Խուան, Իտալիայում` Ջովաննի, Ռուսաստանում` Իվան, իսկ անվան բուն իմաստը մոռացվել է: Հին ռուսական անունների և օտար «եկվորների» միջև երկար ժամանակ պայքար է մղվել։ Հաղթել են երկրորդները, քանի որ երեխաներին մկրտելու ժամանակ նրանց անվանակոչում էին ոչ թե ծնողները այլ քահանաները և միայն այն անուններով, որ գրված էին եկեղեցական գրքերում։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո այդ սովորույթը վերացվեց։ Այժմ ամեն մի հայր ու մայր իրենք կարող են ընտրել ցանկացած գեղեցիկ, բարեհունչ անուն կամ որևէ բան մատնանշող մի բառ ասենք, թեկուզ Սվետլանա (պայծառ), Մայա (մայիս), և այդ բառով անվանակոչել իրենց որդուն կամ դստերը։ Շատ գործածական են դարձել բազմաթիվ նոր անուններ, օրինակ, Կիմը (Коммунистический Интернационал Молодежи - Երիտասարդության կոմունիստական ինտերնացիոնալ):

Հնում մարդկանց անուններին կցվում էին նրանց արտաքինի որևէ առանձնահատկությունը, բնավորությունը, հասարակական դիրքը բնութագրող մականուններ օրինակ, Լենկ Թեմուր («լենկ» նշանակում է կաղ), Իվան Ահեղ, Աշոտ Ողորմած, Աշոտ Երկաթ, Տիգրան Մեծ։

Անուններն ստեղծվել են նաև կապված զանազան իրադարձությունների հետ։

Սակայն ամեն բառ չէ, որ կարելի է անուն դարձնել։ Երբ բառն անուն է դառնում, նրա մեջ շատ բան է փոխվում։

Այդ փոփոխությունների ուսումնասիրությամբ զբաղվում է մի հատուկ գիտություն՝ օնոմաստիկան (անվանագիտությունը): Սա հունարեն բառ է, որը նշանակում է «գիտություն անունների մասին»։ Այն հետազոտում է նաև ազգանունները։

Հայկական անունների ուսումնասիրությամբ հատկապես զբաղվել է Հրաչյա Աճառյանը և կազմել իր տեսակի մեջ եզակի «Հայոց անձնանունների բառարանը» հինգ հատորով։

Հայկական մի շարք անուններ արտահայտում են մարդու արտաքին ու ներքին բարեմասնությունները (Համեստ, Հրաչյա, Գեղուհի, Հրայր, ժիրայր, Ազնիվ, Մաքրուհի) կամ կապվում են ծաղիկների, կենդանիների անունների հետ (Վարդիթեր, Հասմիկ, Եզնիկ, Արծվիկ, Այծեմիկ)։ Անուններ էլ կան, որ ծագում են հայկական տեղանուններից (Նաիրի, Արարատ, Սիսակ, Արաքսի, Վանուհի), կամ ունեն կրոնական բովանդակություն (Մկրտիչ, Խաչատուր, Գալուստ, Համբարձում, Սրբուհի), կամ արտահայտում են որևէ իմաստ (Անդրանիկ, Նորայր, Առնակ, Ռազմիկ, Ազատ, Մանուկ, Արփի, Արևիկ, Լուսինե, Աստղիկ):

Կան նաև անուններ, որոնք թեև օտար ծագում ունեն, բայց ձևափոխվելով դարձել են հայկական (Սեդա, Մհեր, Եղիշե, Ռուզան, Նարինե, Սոնա)։ Մի շարք անուններ էլ, թեև նման ձևերով կան և ուրիշ ժողովուրդների մոտ, բայց գիտակցվում են իբրև հայկական և շատ տարածված են մեզանում (Դավիթ, Սամվել, Հովհաննես, Հակոբ, Հովսեփ, Սահակ, Մարիամ, Լիլիթ, Լևոն, Ռուբեն, Գևորգ)։

Հայկական անունները շատ-շատ են։ Ինչպես տեսնում եք, դրանց մեծ մասը գեղեցիկ է բարեհունչ ու իմաստալից ուստի դրանք չպետք է մոռանալ ու դիմել օտար կամ պատահական, հնարովի ու անճաշակ անունների։