Աշխատանք

Գրեթե այն ամենը ինչ մենք օգտագործում ենք, առանց որի հնարավոր չէ ապրել ոչ մի օր, մարդու ձեռքի գործն է, նրա աշխատանքի արդյունքը։ Մարդն իր աշխատանքով է փառաբանվում նրանով, ինչ ստեղծել են նրա ձեռքերը, միտքն ու եռանդը։

Աշխատանքն է ստեղծել նաև մարդուն։ Աշխատանքի շնորհիվ է, որ մարդը շարունակում է կատարելագործվել։ Աշխատանքի մեջ է, որ ի հայտ են գալիս մարդու տաղանդն ու ընդունակությունները ընդլայնվում գիտելիքները։ Աշխատանքում մարդը ֆիզիկապես ամրապնդվում է կոփվում են նրա կամքն ու բնավորությունը։ Չէ՞ որ աշխատանքը և՛ ուժերի լարում է, և՛ համբերություն ու ջանասիրություն, և՛ կարգապահություն ու ճշտապահություն, և՛ պատասխանատվություն հանձնարարված գործի համար։

Մեր երկրում գործունեության շատ բնագավառներ կան ուր կարելի է գործի դնել սեփական ուժերն ու ընդունակությունները։ Մարդկանց մի մասը ստեղծում է զանագան մեքենաներ, հաց աճեցնում, արդյունահանում օգտակար հանածոներ։ Մյուսները նկարում են, գրքեր գրում, ստեղծում ներկայացումներ ու կինոնկարներ, երաժշտություն հորինում։ Երրորդները որոնում են էներգիայի նոր տեսակներ, հայտնագործում բնության գաղտնիքները ուսումնասիրում Տիեզերքը։ Բայց աշխատանքը միշտ չէ, որ ագատ ու բերկրալի է եղել։ Դարեր շարունակ մարդիկ աշխատում էին տերերի, ճնշողների համար: Աշխատանքը անեծք էր նրանց համար, ջլատում էր նրանց ուժերը և ոչ մի բերկրանք չէր պատճառում։

Աշխատանքի բնույթը լրիվ փոխվեց սոցիալիզմի օրոք։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո ֆաբրիկաները, գործարանները, հողը, ամբողջ հարստությունն անցավ ժողովրդին: Աշխատավորները դարձան իրենց երկրի տերը: Բանվորներն ու գյուղացիներն արդեն աշխատում էին ոչ թե կապիտալիստին կամ կալվածատիրոջը հարստացնելու համար, այլ հանուն իրենց, հանուն ամբողջ ժողովրդի բարօրության։ Եվ մարդիկ սկսեցին աշխատել նոր ձևով, ստեղծագործաբար: Աշխատանքում նրանք երբեմն իսկական հերոսություն էին գործում:

1919 թ ապրիլի 12-ին Կազանի երկաթուղու Մոսկվա-Սորտիրովոչնայա դեպոյի կոմունիստները դուրս եկան շաբաթօրյակի: Նրանք աշխատում էին ոչ թե դրամի, այլ իրենց երկրի ապագայի համար, որը ծանր վերքեր էր ստացել քաղաքացիական պատերազմի և արտաքին ինտերվենցիայի հետևանքով: Շաբաթօրյակը ցույց տվեց, որ ծնվել է նոր կոմունիստական վերաբերմունք դեպի աշխատանքը: Շարունակելով այդ փառավոր ավանդույթը` մեր ամբողջ երկիրն ամեն տարի դուրս է գալիս համամիութենական կոմունիստական շաբաթօրյակի։

Սովետական իշխանության հաստատումով սկիզբ դրվեց սոցիալիստական մրցությանը։ Մեր երկրի պատմության մեջ հավերժ կմնա Մագնիտոգորսկի, Ամուրի, Կոմսոմոլսկի և Կամագի, Դնեպրի, Բրատսկի և Կրասնոյարսկի, Ձորագետի ՀԷԿ-երի, Թուրքսիբի, ԲԱՄ-ի, Սևան-Հրագդան կասկադի և «Արփա-Սևան» թունելի շինարարների, ատոմային էլեկտրակայանների և տիեգերանավերի ստեղծողների սովետական ժողովրդի հերոսական աշխատանքը հանուն սոցիալիզմի և կոմունիզմի կառուցման:

Մեր սոցիալիստական պետությունում աշխատելու հնարավորություն ունի յուրաքանչյուր մարդ։

Աշխատանքի իրավունքը հռչակում և ապահովում է ՍՍՀՍ սահմանադրությունը։ Մեզ մոտ գործազրկություն չի կարող լինել: Աշխատանքը Սովետական Սիության քաղաքացիների մեծ իրավունքն ա պարտականությունն է:

Իսկ այն երկրներում, ուր իշխում են կապիտալիստները, աշխատավորները չեն կարող վստահ լինել իրենց վաղվա օրվա նկատմամբ, քանի որ հեշտությամբ կարող են կորցնել աշխատանքը, մնալ առանց գոյության միջոցների։ Այնտեղ տասնյակ միլիոնավոր մարդիկ աշխատանք չունեն:

Մեր երկրում ամեն մի հանրօգուտ աշխատանք հավասարապես հարգելի է ու պատվաբեր։ Լավագույն աշխատավորները պարգևատրվում են շքանշաններով ա մեդալներով: Աշխատանքային արիության բարձրագույն պարգևը սոցիալիստական աշխատանքի հերոսի և լենինյան մրցանակի դափնեկրի կոչումներն են։ Այդ կոչումներին կարող են արժանանալ բանվորներն ու կոլտնտեսականները, գիտնականներն ու գրողները, մանկավարժներն ու բժիշկները և ուրիշ շատ բնագավառների աշխատողներ:

ՍՍՀՄ-ում առաջիկա տարիների համար կոմունիստական շինարարության խնդիրները սահմանող ՍՄԿԿ XXVI համագումարի որոշումներում նշված են այնպիսի միջոցառումներ, որոնք սովետական մարդկանց աշխատանքը կդարձնեն էլ ավելի հրապուրիչ և ստեղծագործ, կպարգևեն մեծ բավականություն ու բերկրանք:

Կոմունիստական հասարակարգը կարելի է կառուցել սովետական բոլոր մարդկանց բարեխիղճ աշխատանքի շնորհիվ միայն: Կոմունիզմն ու աշխատանքն անքակտելի են: Եվ հանուն ողջ ժողովրդի բարօրության կատարվող այդ աշխատանքին դուք պետք է պատրաստվեք դպրոցական նստարանից: