Արագիլ

Դուք, հավանաբար, շատ հեքիաթներ, երգեր ու բանաստեղծություններ եք լսել արագիլի մասին։ Այ, օրինակ, Հովհ. Թումանյանի «Արագիլ» բանաստեղծությունը.

Արագիլ, բարով եկար
Հայ արագիլ, բարով եկար
Բունըդ շինիր էն հին ծառին.
Մեզ մոտ մնա ամբողջ տարին։

Այդ արագիլն է, որ դյուրահավատորեն անցուդարձ է անում հենց գյուղի մերձակա մարգագետնում և շիվերից ու ճյուղերից իր մեծ, լայն բույնը հյուսում գյուղական տան տանիքին։ Ոչ ոք ստույգ չգիտե, թե երբ է սպիտակ արագիլը` մեծ, աչքի զարնող այդ թռչունը, բարեկամացել մարդկանց հետ: Բայց մարդիկ շատ թանկ են գնահատում այդ բարեկամությունը, սպասում թե երբ են արագիլները հաստատվելու տան տանիքին, նախանձախնդրությամբ պահպանում են նրանց հանգիստը և նույնիսկ կարծում են, թե արագիլները երջանկություն են բերում տանտերերին: Եթե արագիլները բույն հյուսեն ձեր տան տանիքին, ապա ամեն գարուն նորից ու նորից կվերադառնան այնտեղ, նորից բնում աշխարհ կգան երկարաոտ ձագուկները` երեք կամ հինգ։ Մերթ ընդ մերթ նրանք հավատով աչք կհածեն մարդկանց, կսպասեն որսի ելած իրենց ծնողներին և տաք քամուց թեթևակի կխոնարհեն գլխիկները` ասես շնորհակալություն հայտնելով թե՛ քամուն, թե՛ բարի մարդկանց։ Իսկ ծնողները հերթով կեր կբերեն նրանց` գորտեր, մկներ մողեսներ, զանազան միջատներ: Մինչև աշուն արագիլի ձագուկները կմեծանան, կդառնան ուժեղ թռչուններ ու կչվեն հարավ: Եվ գարնանը մարդիկ կսպասեն իրենց հավատարիմ բարեկամների վերադարձին: Արագիլները ձայներ չեն արձակում: Նրանք միմյանց հետ «խոսում» են կտուցների կափկափյունով: Սպիտակ արագիլն ունի մոտիկ մի ցեղակից՝ սև արագիլը, բայց սա ապրում է միայն խուլ անտառում և չգիտես ինչու մարդու հետ չի բարեկամացել:

Այդ երկու տեսակներն էլ կան Հայաստանում: Սպիտակ արագիլն ապրում է Արարատյան դաշտում, Լոռիում իսկ սևը հանդիպում է Սևանա լճի ավազանում և այլ շրջաններում: