Արտեկ

Ղրիմում մի հին առասպել են պատմում. մի անգամ վիթխարի մի արջ գալիս է ծովից ջուր խմելու, հակվում է ջրին, հանկարծ քուն մտնում ու քնած տեղն էլ քարանում։ Այստեղից էլ ծագել է Այու Դաղ` Արջասար, անունը։ Ոչ ոք չգիտե, քանի հարյուրամյակ է քնած ծեր արջը, բայց մի անգամ նրա քարե ականջի տակ փողեր հնչեցին, քարե կուլի վրա խարույկներ բոցկլտացին, իսկ մեջքին հազիվ նշմարվող արահետներով վեր մագլցեցին երեխաներ։ Դա 1925 թ էր, երբ սովետական կառավարությունը երեխաներին նվիրեց Արջասարի լանջի Արտեկ ճամբարը, որ այն ժամանակ ընդամնեը բրեզենտե ութ վրան էր: Անցնում էին տարիները, և տարիների հետ Արտեկը տարածվում էր ծովափով` Արջասարից հասնելով մինչև Գուրզուֆ: Այսօր նրա տիրույթները ձգվում են յոթ կիլոմետր և զբաղեցնում 320 հեկտար տարածություն: Արտեկում կա հինգ ճամբար «Լազուր», «Առափնյա», «Ծովային» (Պ. Տոլյատիի անվան), «Լեռնային», «Նոճի»։ Արտեկն ունի իր խաղողի այգին, թռչնաբուծական ֆերման, պիոներական նավատորմիղը, ավտոբուսային կայանը, պիոներների պալատ, թանգարան, դպրոց. չէ՞ որ Արտեկում երեխաներն ապրում են ամբողջ տարին։ Միայն մեկ հերթափոխում ճամբարում հանգստանում է 4500 պիոներ: Ափամերձ ճամբարներից մեկում, նոճիների և ծաղիկների մեջ սպիտակին է տալիս մարմարե մի տախտակ։ Նրա վրա ոսկե տառերով գրված են անուններ` Թիմուր, Ֆրունզե, Իվան Տուրկենիչ, Գուլյա Կորոլյովա, Վոլոդյա Դուբինին, Ռուբեն Իբարուրի... Հարենական մեծ պատերազմի մի շարք հերոսներ արտեկցիներ են եղել։ 1972 թ.։ Պիոներների հինգերորդ համամիութենական հավաքն է: Թնդում են շեփորները։ Շարասյունը քարացել է նավ հիշեցնող տան առջև։ Վայր է սահում պաստառը, և պատին հայտնվում է ծանոթ կիսադեմը: Բրոնզե բառերն ազդարարում են «1931 թ հուլիս-օգոստոս ամիսներին Արտեկի վերին ճամբարում ապրել և աշխատել է Արկադի Պետրովիչ Գայդարը: Այստեղ է նա ավարտել «Հեռավոր երկրները», մտահղացել «Ռազմական գաղտնիք» վիպակը»։ Ծովի վրա թնդում են համազարկերը «Ողջույն Գայդարին».. Արտեկ է գալիս նա, ով աչքի է ընկնում ուսման մեջ ու աշխատանքում, ով խիզախ է ու համարձակ և հավատարիմ պիոներական պարտքին: Արտեկը նաև պիոներական դպրոց է։ Այստեղ երեխաները միմյանցից սովորում են, թե ինչպես պետք է ապրել և աշխատել պիոներական ջոկատներում: Արտեկ են ժամանում պիոներական հավաքների պատվիրակները: «Պիոներական հավաք» և «Արտեկ» բառերը մեկտեղվել են: Երկրորդ, երրորդ, հինգերորդ, վեցերորդ համամիութենական հավաքներն անց են կացվել այստեղ: Արտեկում հանգստացել են հինգ աշխարհամասերի 70 երկրներից եկած երեխաներ: Բարձրացվում է պիոներական հանրապետության դրոշը, և կարմիր, դեղին, կանաչ փողկապներով երեխաները ողջունում են միմյանց` «Դոբրոյե ուտրո, Գուտեն մորգեն, Լաբրիտ Բունա դիմինյացա»... Բոցկլտում է հրաժեշտի խարույկը, շուրջը նստոտած երեխաները երգում են Արջասարի մասին, ծովի վրա իջնող վաղորդյան մշուշի և Արտեկում ծնունդ առած բարեկամության մասին։ Յուրաքանչյուրը որպես հիշատակ վերցնում է դեռևս տաք մի ածխիկ։ Այդ ածխիկներից երկրագնդի տարբեր ծայրերում բոցավառվում են պիոներական հարյուրավոր նոր խարույկներ։ Ամբողջ աշխարհից բազմաթիվ մարդիկ են հյուր գալիս արտեկցիներին։ Մեկնելիս նրանք գրառումներ են թողնում պատվավոր հյուրերի գրքում։ Ահա դրանցից մեկը․ «Արտեկը աշխարհի բոլոր հրաշալիքներից ամենահրաշալին է, այն կենդանի հուշարձան է Լենինին»։ Եվ իրոք այդպես է։ Ահա թե ինչու Արտեկ համամիութենական պիոներական ճամբարը կրում է Վլադիմիր Իլյիչ Լենինի անունը։