Ինչ է, ով է/Արտիստ
Արտիստ
«Ի՜նչ հրաշալի, ոգեշնչված արտիստ է»,երբեմն ասում են և՛ երաժշտի,և՛ նկարչի, և՛ ռեժիսորի, և՛ գրողի, մի այնպիսի մարդու մասին, ով անձնուրաց սիրում է արվեստը, նրան է նվիրել իր ողջ կյանքը և հասել վարպետության բարձունքներին: Բայց ամենից հաճախ «արտիստ» (լատիներեն «արս»–«արվեստ» բառից) են անվանում դերասանին։ Արտիստը կարողանում է վերամարմնավորել պիեսների կամ ֆիլմերի բազմապիսի կերպարներ, ապրել նրանց կյանքով, գործել նրանց անունից։ Նա կարող է ընդօրինակել իր հերոսի ձայնը, նրա քայլվածքը։ Այսօր արտիստը խաղում է ժամանակակցի դեր, ապրում նրա ուրախություններով ու դժվարություններով, հոգսերով ու հաջողություններով։ Վաղը նա միջնադարյան ասպետ է կամ հեքիաթի թագավոր: Որպեսզի ամեն երեկո հանդիսատեսը հուզվի հերոսի ճակատագրով, հավատա նրան, արտիստը շատ է աշխատում, կարդում է բազմաթիվ պատմական գրքեր, շարունակ ուսումնասիրում մարդկանց, հիշողության մեջ պահում նրանց նկարագրի, շարժուձևի ուշագրավ գծերը: Այդ ամենը պետք կգա բեմում։ Չէ՞ որ արտիստը պետք է ամեն-ամեն բան իմանա այն մարդու մասին, որին պատկերում է ով է նա, ինչ է ուզում և ինչ է անում իր նպատակին հասնելու համար։ Միայն այն ժամանակ արտիստը լավ կհասկանա ամբողջ պիեսն ու նրա գլխավոր միտքը: Սովետական ականավոր ռեժիսոր Կ․ Ս․ Ստանիսլավսկու խոսքերով ասած, արտիստը պետք է «հոտառությամբ կռահի կյանքի ռիթմը, շարունակ որոնի ճշմարտությունը, պայքարի անարդարության դեմ»։ «Դերասանը հասարակական գործիչ է», նա առաջնորդում է հանդիսատեսին, դաստիարակում նրան, օգնում գիտակցելու սեփական թերություններն ու ընթանալու ճիշտ ճանապարհով։ Սովետական արտիստը սերտորեն կապված է ժողովրդին, նրան է նվիրում իր տաղանդն ու վարպետությունը։ Եվ ժողողովուրդը բարձր է գնահատում այդ։ Զուր չէ, որ ամենալավ դերասաններին, երգիչներին, ռեժիսորներին շնորհվում է «ՍՍՀՄ ժողովրդական արտիստ» պատվավոր կոչումը։ Գրիմը, զգեստը և դեկորացիան արտիստին օգնում են ավելի լավ ներկայացնելու իր հերոսին, խնդություն ու բերկրանք, ցավ ու կարեկցանք առաջացնելու հանդիսատեսի մեջ: Երբեմն արտիստ են անվանում նաև բժիշկներին, մանկավարժներին, դերձակներին, մարդկանց, որոնց մասնագիտությունը արվեստի հետ կապ չունի, բայց որոնք իրենց գործի մեծ վարպետներ են։