Բանգլադեշ

Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետություն

Ասիայում, Հնդստան թերակղզով, հոսում է Գանգես գետը և գնում թափվում է Հնդկական օվկիանոսը։ Գանգեսը և լեռներից հոսող նրա վտակներն իրենց հետ բերում են շատ տիղմ ու ավազ։ Բազում հազարամյակների ընթացքում ծովի ծանծաղուտը լցվել է այդ գետաբերուկներով։ Գոյացած տափարակ հարթավայրում, ուր բոլոր ուղղություններով գալարվում են բազմաթիվ գետեր, գտնվում է Բանգլադեշ պետությունը։ Բանգլադեշ նշանակում է «բենգալացիների երկիր»։ Այդ երիտասարդ պետությունը կազմավորվել է 1971 թ.։

«Բենգալացիների երկրում» կլոր տարին տաք է։ Երբ մեզ մոտ ամառ է, այնտեղ օվկիանոսից քամիներ են փչում, և օրեր շարունակ անդադար, հորդ անձրև է տեղում։ Այդ ժամանակ մեծ ու փոքր անհաշիվ գետերը վարարում են, և նրանց արգավանդ բերուկները պարարտացնում են դաշտերը։

«Բենգալացիների երկիրը» համեմատաբար փոքր տարածք ունի, բայց բնակչությունն ավելի շատ է, քան մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում կամ Իտալիայում։ Դրա համար էլ երկիրը խիտ է բնակեցված։ Բենգալացիների մեծ մասն ապրում է գյուղական վայրերում։ Տները կառուցում են անպայման բարձրադիր տեղում հնդկեղեգից փայտից կամ աղյուսից, տանիքները ծածկում են ծղոտով, արմավենու տերևներով, իսկ ով հարուստ է` թիթեղով: Երբ գետերը վարարում են, մարդիկ հաճախ միայն նավակներով են միմյանց այցելում: Տները շրջապատված են դաշտերով և մրգի այգիներով, ցանքի համար օգտագործվում է յուրաքանչյուր հողակտորը: Ողողվող դաշտերում մշակում են բրինձ, որը բենգալացիների գլխավոր սնունդն է: Մշակում են նաև բանջարեղեն, ադամաթզենի (բանան), կոկոսյան արմավենի։ Շնորհիվ այն բանի, որ ջերմությունն ու խոնավությունն առատ են, տարվա ընթացքում դաշտերից հավաքում են երկու և, նույնիսկ երեք բերք։ Դաշտերը մշակելու համար օգտագործում են գոմեշներ, իսկ բրինձը ձեռքով են տնկում: Երկրռւմ շատ ջուտ են աճեցնում: Նրա երկար և դիմացկուն մանրաթելերից հյուսում են ճոպաններ, պարկի գործվածք, գորգեր։ Ջուտի բերքահավաքով և արտահանությամբ Բանգլադեշը աշխարհում առաջին տեղերից մեկն է գրավում։ Արտահանում են նաև թեյ: Երկրում մեծ քաղաքներ, գործարաններ և ֆաբրիկաներ գրեթե չկան: Բանգլադեշի ամենամեծ քաղաքը մայրաքաղաք Դաքան է։ Բանգլադեշը հարևան երկրների հետ պահպանում է բարեկամական հարաբերություններ: Հնդկաստանի հետ կնքված է խաղաղության բարեկամության և համագործակցության պայմանագիր։ Բանգլադեշը համագործակցում է Սովետական Միության և սոցիալիստական մյուս երկրների հետ: