Ինչ է, ով է/Բաոբաբ
Բաոբաբ
Այս ծառը, թեև ապրում է 4 – 5 հազար տարի, այնքան էլ բարձր չէ 18 — 25 մ։ Փոխարենն ուղղակի զարմանահրաշ է բնի հաստությունը շրջանագիծը հասնում է 25 մ-ի։ Բաոբաբը գրկելու համար մի ամբողջ դասարան պետք է միմյանց ձեռք բռներ։ «Բաոբաբը մեծ է, բայց նրանից փոքրիկ խարույկ, իսկ չես վառի»,– ասում են աֆրիկացիները։
Ինչպե՞ս թե։ Այդպիսի խոշոր ծառից կարելի է այնքան վառելափայտ մթերել։ Բայց արի ու տես, որ այդ վառելափայտն անօգուտ կլիներ․ բաոբաբի բնափայտը չի այրվում։
Բաոբաբն ուրիշ առանձնահատկություններ էլ ունի։ Օրինակ, տերևաթափ է լինում ոչ թե ձմռանը, այլ ամռանը Աֆրիկայում, ուր աճում է բաոբաբը, ամռանը շատ շոգ է։ Իսկ տերևները խոնավություն են գոլորշիացնում։ Բաոբաբն էլ, որպեսզի քիչ խոնավություն կորցնի, շոգին է տերևաթափ լինում։ Իսկ ձմռանը, երբ սկսվում է անձրևների շրջանը, նորից ծածկվում է թաթաձև տերևներով և խոշոր, մինչև 20 սմ տրամագիծ ունեցող սպիտակ ծաղիկներով։ Բաոբաբի պտուղները երկար են, վարունգանման, հյութալի, քաղցրահամ միջուկով, որը կարելի է ուտել։ Բաոբաբի տերևներից թել են պատրաստում, որից հյուսում են գործվածքներ ու պարաններ։