Ինչ է, ով է/Բիրմա
Բիրմա
(Բիրմայական Միության Սոցիալիստական Հանրապետություն)
Բիրմա պետությունը գտնվում է Հարավ-Արևելյան Ասիայում՝ Բենգալական ծոցի ափին:
Երկրի հյուսիսից հարավ հոսում է Իրավադի մեծ նավարկելի գետը: Արգավանդ գետահովիտը խիտ բնակեցված է և զբաղեցված բրնձի դաշտերով: Բիրմացիների մեծամասնությունն այստեղ է ապրում: Բիրմայի բոլոր սահմանամերձ շրջանները զառիկող լեռներ են՝ ծածկված արևադարձային խիտ անտառներով: Լեռներում ապրում են զանազան ցեղեր:
Անտառներում շատ կան խոշոր ու կլորավուն տերևներով հնդկակաղնու ուղիղ ու բարձր ծառեր, որոնց բնափայտը շատ ամուր է ու դիմացկուն և այնքան ծանր, որ սուզվում է ջրում: Հնդկակաղնու բնափայտը գրեթե չի փտում, դրա համար էլ լայնորեն օգտագործում են նավաշինության մեջ։ Այն նաև արտահանում են այլ երկրներ: Արտահանվում են նաև բրինձ ու նավթ, որոնք երկրի գլխավոր հարստությունն են: Անտառահատման վայրերում, հանքերում և որպես փոխադրամիջոց բիրմացիները հաճախ օգտագործում են ընտելացած փղեր: Անտառներում շատ կան նաև վայրի փղեր, արևադարձային այլ կենդանիներ՝ կապիկներ, սիրամարգեր, վագրեր:
Բիրմայում տարին բոլոր շոգ է, բայց, այնուամենայնիվ, կլիմայական երկու սեզոն կա՝ անձրևային-ամառային և չորային-ձմեռային։ Շատ բիրմացիներ այժմ էլ ապրում են բարձր ցցագերանների վրա կանգնեցրած տներում, որոնք պատրաստվում են փայտից ու հնդկեղեգից ունեն հյուսածո պատեր, պատշգամբ և դուրս կախված երկլանջ ծածկ։ Թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք հագնում են բաց գույնի կարճ վերնազգեստ և երկար շրջազգեստներ՝ լոնջիաներ: Բիրմացի կանանց սանրվածքը բարձր է ու բարդ: Տղամարդիկ գլխներին թաշկինակ են կապում:
Բիրմայի մայրաքաղաքը՝ Ռանգունը, գտնվում է Իրավադի գետի վտակներից մեկի վրա: Այն խոշոր արդյունաբերական քաղաք է և նավահանգիստ Բիրմայի կենտրոնական մասում՝ Իրավադիի ափին է իր նշանակությամբ երկրի երկրորդ քաղաքը՝ Մանդալայը, որը հռչակված է ոսկերչական գեղեցիկ իրեր, փայտե տուփեր ու գավաթներ պատրաստող հմուտ արհեստավորներով:
Բիրմայի բոլոր քաղաքներում կհանդիպես բուդդայական շատ տաճարների։ Դեռ հեռվից երևում են դրանց պագոդաները՝ շրջած ձագարի նմանվող մեծ կոնաձև աշտարակները։ Սովորաբար դրանք ձյունաճերմակ են լինում, բայց Ռանգունի գլխավոր տաճարի՝ Շուեդագոունի հսկա պագոդաները վերից վար ոսկեզօծ են:
Բիրման երկար ժամանակ եղել է անգլիական գաղութ։ 1948 թ. միայն նա անկախություն ձեռք բերեց: 1962 թ. իշխանության գլուխ անցավ Հեղափոխական խորհուրդը: Արդյունաբերության մեծ մասը դարձավ պետության սեփականությունը։ Երկրում իրականացվում են դեմոկրատական կարևոր բարեփոխումներ: Հանրապետությունն ընթանում է զարգացման ոչ կապիտալիստական ուղիղ: