Ինչ է, ով է/Բնության պահպանություն

Բնության պահպանություն

Բնության մեջ ամեն բան սերտորեն կապված է միմյանց։ Մարդը, ինքը լինելով բնության մի մասնիկը, նույնպես կապված է շրջակա միջավայրի հողի, գետերի օդի և շրջապատում ապրող մյուս բոլոր օրգանիզմների հետ։ Գիտությունն օգնում է մեզ քննելու և բացատրելու այդ նրբին փոխադարձ կապերը, որպեսզի նախ և առաջ մենք ինքներս մեզ չվնասենք։

Մի ժամանակ մարդը լավ չիմանալով բնության օրենքները, անխնա ոչնչացնում էր բոլոր գիշատիչ կենդանիներին՝ գայլերին, աղվեսներին, ուրուրներին։ Իսկ հետո պարզվեց, որ այնտեղ, ուր ոչնչացրել էին գայլերին, սկսել են հիվանդանալ եղջերուները։ Աղվեսների և գիշատիչ թռչունների բացակայությամբ կրծողներն այնքան էին բազմացել, որ մեծ վնաս էին հասցնում գյուղատնտեսությանը։ Օգուտի փոխարեն վնաս էր ստացվում։

Գիշատիչներն ու նրանց կերակուրը դարձող մյուս կենդանիները կողք կողքի գոյություն ունեն արդեն շատ հազարամյակներ և այդ ընթացքում մշակվել է մի այնպիսի բնական հավասարակշռություն, որն օգնում է գոյատևելու թե՛ առաջիններին և թե՛ երկրորդներին։

Բնության այդ հավասարակշռության մասին է ահա, որ մարդը չպետք է մոռանա։

Վերցնենք այսպիսի մի օրինակ։ Թունաքիմիկատները ոչնչացնում են վնասատու միջատներին։ Եթե դրանցով սրսկենք դաշտերն ու անտառները, ապա բոլոր վնասատու միջատները կոչնչանան։ Բայց դրանց հետ միասին կարող են ոչնչանալ նաև օգտակար կենդանիները, որովհետև տասնյակ հազարավոր թռչուններ, հարյուրավոր որմզդեղններ ու նապաստակներ սննդի հետ թույն էլ կստանան։

Ծխի քուլաներով կեղտոտված օդից, կեղտաջրերով աղտոտված գետերից վնասվում է ոչ միայն բնությունը, այլև հիվանդանում ու տառապում է նաև մարդը։ Ահա թե ինչու այն, ինչ մենք անվանում ենք բնության պահպանություն կամ ավելի ճիշտ բնական միջավայրի պահպանություն, վերջին հաշվով հենց մարդու պահպանումն է։ Դա մեր ապագայի պահպանումն է, այն կյանքի, որ Երկրագնդի վրա կշարունակվի մեզանից հետո կամ էլ կդադարի մեր մեղքով։

Ողջ աշխարհի գիտնականները վաղուց են տագնապում։ Նրանք ապացուցել են, որ հարկավոր է մանրազնին կշռադատել մարդու կողմից բնության ամեն մի միջամտություն։ Բնության պահպանությանը առանձնապես մեծ նշանակություն է տրվում մեր երկրում` Սովետական Միությունում: Մեզ մոտ գոյություն ունեն բնության պահպանության մասին հատուկ օրենքներ, և ամեն մարդ պարտավոր է հետևել դրանց: Չէ՞ որ մեր սերունդներին էլ են անհրաժեշտ լինելու կանաչապատ տարածությունները, մաքուր ջուրը, թռչունների դայլայլը երկրի ողջ գեղեցկությունը: Մարդը երկրագնդի վրա արդեն ոչնչացրել է ավելի քան 270 տեսակի վայրի կենդանիներ։ Այն կենդանիները, որոնց ևս սպառնում է անհետացումը, ընդգրկված են Բնության պահպանության միջազգային միության «Հագվագյուտ և անհետացող կենդանիների կարմիր գրքում»: Դրանք խնամքով պահպանվում են։ Այդ ցուցակի մեջ մտել են ոչ միայն անվնաս ու անօգնական կենդանիները, այլև հզոր ռնգեղջյուրն ու քամու պես սուրացող բծավոր հեպարդը։ Անհետացումն սպառնում է նույնիսկ վագրին և ոչ թե սոսկ այն պատճառով, որ նրա մորթին թանկ է գնահատվում, այլև որովհետև մարդը, նոր հողեր յուրացնելով, կրճատում է վայրի կենդանիների բնակության վայրերը: Օրինակ այնտեղ, ուր գարնանը անտառ են հատում, այլևս բնակություն չեն հաստատում զգուշավոր խլահավերը կամ երկչոտ աքարները, չեն զուգավորվում գեղեցիկ ցախաքլորները: Դրա համար էլ բոլոր երկրներում կան արգելանոցներ, վայրեր, ուր պահպանվում է կենդանիների և բույսերի բուսական աշխարհը։ Արգելանոցներում գիտնականներն ուսումնասիրում են բնռւթյան օրենքները: Բայց արգելանոցից դուրս էլ մարդը պետք է խելացի օգտագործի բնության հարստությունները` հողը, անտառը, ձկան, թռչունների ու գազանների պաշարները, որոնք անհրաժեշտ են իր սննդի և արդյունաբերության համար: Կենդանի բնության ուժերին մարդը պետք է օգնի վերականգվելու, իսկ դրա համար հարկավոր է խորապես ուսումնասիրել բնության օրենքները, բոլոր կենդանի օրգանիզմների առանձնահատկությունները: Ամեն ոք պետք է իմանա, որ մենք բոլորս սերտորեն կապված ենք բնության հետ և մեզանից յուրաքանչյուրն իր արարքների համար պատասխանատու է ներկայի և ապագայի առջև։ Բերենք սոսկ մի օրինակ: Մերձմոսկովյան վայրերում իսպառ անհետացել են բույսերի որոշ տեսակներ, և մեղավորները միայն զբոսաշրջիկներն ու հովեկներն են, հսկայական ծաղկեփնջերի սիրահարները: Այնպես որ դուք էլ մտածելու բան ունեք: Հիշեցեք, Երկիրը ձերն է Եվ դուք պարտավոր եք պայքարել, որ նա մնա բարի ու չքնաղ, որ այնտեղ ապրեն զգուշավոր գազաններն ու գեղգեղուն թռչունները որ լավ, ուրախ ապրեք այնտեղ դուք և ձեր երեխաները։