Բրունո Ջորդանո
«Ինչ է, ով է» մանկական հանրագիտարան
1984

Բրունո Ջորդանո

Հռոմում շատ հուշարձաններ կան և դրանց մեջ՝ մեկը, որը գիշերը չեն լուսավորում և չեն սիրում ցուցադրել զբոսաշրջիկներին։ Կանգնած է նա հին տներով շրջապատված նեղ հրապարակի կենտրոնում, այնտեղ, ուր 1600 թ. բոցկլտում էր խարույկը: Այդ խարույկի վրա այրեցին Ջորդանո Բրունոյին և նրա հրաշալի գրքերը։ Պատանի Ջորդանոն վանքի դպրոց էր հաճախում: Այն ժամանակ սովորեցնում էին, որ Երկիրը Տիեզերքի կենտրոնն է, իսկ Արեգակն ու բոլոր մոլորակները պտտվում են նրա շուրջը: Եկեղեցականները հալածում էին բոլոր նրանց, ովքեր դրան համաձայն չէին, իսկ առանձնապես համառներին ոչնչացնում էին: Բրունոյին ստիպում էին առանց մտածելու սերտել ու կրկնել եկեղեցու ուսմունքը: Բայց նա ուզում էր ինքնուրույն մտածել: Բրունոն սկսեց թաքուն այնպիսի գրքեր ճարել, ուր աշխարհի կառուցվածքի մասին այլ կերպ էր խոսվում։ Նա ուշադրությամբ ընթերցում էր դրանք, խորհում կարդացածի մասին, ինքնուրույն դիտում երկնային լուսատուների շարժումները: Եվ Բրունոն գիտնական դարձավ: Շատ տարիներ թափառեց Բրունոն Իտալիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Գերմանիայում։ Ամենուր նա ջանում էր իմանալ այն ամենը, ինչ սովորեցնում էին իսկական գիտնականները, նրանք, ովքեր համամիտ չէին եկեղեցականների հետ: Շուտով Բրունոն ինքն սկսեց գրքեր գրել և սովորեցնել ուրիշներին: Նա համամիտ էր լեհ մեծ գիտնական Կոպեռնիկոսի հայացքներին, իսկ Կոպեռնիկոսն ասում էր, որ ոչ թե Արեգակն է պտտվում Երկրի շուրջը, այլ Երկիրը Արեգակի: Բրունոյի համարձակ միտքն ավելի հեռուն էր տեսնում։ Նա հասկացավ և ուրիշներին բացատրեց, որ կյանքը հնարավոր է ոչ միայն Երկրի վրա, որ Տիեզերքն անվերջ է և կազմված է բազմաթիվ աշխարհներից: Բրունոն սուր ծաղրի էր ենթարկում տերտերներին և եկեղեցուն, մարդուն կոչ անում թափանցել Երկրի և երկնքի առեղծվածների խորքերը։ Նա այդ մասին գրում էր թե՛ կրքոտ բանաստեղծություններում և թե՛ նույնքան կրքոտ գիտական գրքերում, անխոնջ ու ջերմեռանդորեն այդ մասին խոսում էր իր դասախոսություններում: Նրա փառքը տարածվեց Եվրոպայի շատ համալսարաններում։ Բայց եկեղեցականները չէին կամենում հաշտվել հանդուգն գիտնականի գոյության հետ։ Նրանք գտան մի ծախու մարդու, որը Բրունոյին բարեկամ ձևացավ և նրան ինկվիզիցիայի ծուղակը գցեց: Բրունոյին բանտ նետեցին։ Ութ տարի նա մնաց զնդանում։ Նրան մեկ տանջում ու ահաբեկում էին, մեկ համոզում հրաժարվել իր հայացքներից։ Բայց Բրունոյին հնարավոր չէր ո՛չ ահաբեկել, ո՛չ կաշառել, ո՛չ ընկճել։ Այդժամ նրան դատապարտեցին մահվան «առանց արյուն հեղելու»: Դա նշանակում էր խարույկ: Երբ դատի ժամանակ հայտարարեցին դատավճիռը, Ջորդանո Բրունոն արտասանեց դարերի խորքից մեզ հասած այս բառերը. «Այրել չի նշանակում հերքել»: Փետրվարյան վաղ մի առավոտ Հռոմում հնչեցին զանգերը: Նետաձիգների նրբանցքից դեպի Ծաղիկների հրապարակն էր շարժվում վանականների ծանրաքայլ թափորը։ Նրանք ռնգաձայն հոգեհանգստի աղոթքներ էին երգում: Վանականները մահապատժի էին տանում անվեհեր խռովարարին՝ գիտնական Ջորդանո Բրունոյին: Բրունոյի սխրանքը չի մոռացվել և երբեք չի մոռացվի այն, ինչ սովորեցնում էին Բրունոն, Կոպեռնիկոսն ու Գալիլեյը, հնարավոր չէր արգելել ու թաքցնել, որովհետև դա ինքը ճշմարտությունն էր, որը հետագայում հաստատվեց գիտության նորանոր նվաճումներով։