Ինչ է, ով է/Գայ
Գայ
(Բժշկյան Հայկ Դմիտրիի) 1887֊1937
1915 թ․ Արևմտյան Հայաստանում ահեղ մարտեր էին գնում։ Էրզրումի մոտ հայկական ջոկատն ընկել էր թուրքական մեծաթիվ զորքերի շրջապատման մեջ։ Անհավասար մարտում զոհվել էր ջոկատի հրամանատարը։ Երեք տեղից ծանր վիրավորված ենթասպա Հայկ Բժշկյանը դիմեց հուսահատված մարտիկներին․
֊Մենք թվով քիչ ենք, ճիշտ է, բայց մենք կռվում ենք մեր հայրենիքը, մեր ժողովրդին փրկելու համար։ Հանե՛ք սրերը պատյաններից։ Ե՛ս եմ ձեր հրամանատարը։
Գոտեպնդված մարտիկները մարտի նետվեցին և ճեղքելով թուրքերի օղակը դուրս եկան շրջապատումից..
Բայց Հայաստանը չփրկվեց։ Հայաստանը փրկելու համար պետք էր ազատարար Հոկտեմբերի արևը, Լենինի բանակը, որին էլ զինվորագրվեց Հայկ Բժշկյանը։ Նրան մի քանի տարի հետո կոչելու էին Գայ որ «հայ» բառն էր ռուսերեն արտասանությամբ և ժողովուրդը երգեր ու լեգենդներ էր հորինելու նրա մասին։
Դրանից դեռ շատ առաջ ընտանիքի հետ իր ծննդավայրից Պարսկաստանի Թավրիզ քաղաքից Թիֆլիս (Թբիլիսի) տեղափոխված պատանին մասնակցում էր աշակերտական հեղափոխական ելույթների, որի համար հեռացվեց Ներսիսյան դպրոցից ուր սովորում էր։ Հետագայում Բաքվում, Թիֆլիսում, Աստրախանում և այլուր ծավալած նրա հեղափոխական գործունեությունն աննկատ չմնաց ցարական ժանդարմներից։ Նրան բանտ նետեցին։ Բայց ոչ մի բռնություն չէր կարող ընկճել բոլշևիկյան դրոշի ներքո պայքարի ելած Հայկ Բժշկյանի ոգին։ 1918 թ․ Հայկ Բժշկյանը Նշանակվում է Սիմբիրսկի հավաքական դիվիզիայի պետ, որը կռվում էր հեղափոխության թշնամիների դեմ։ Կենաց և մահու այդ պայքարում այնպես կոփվեց և այնպիսի հաղթանակներ էր տանում Գայի հրամանատարությամբ գործող դիվիզիան, որ այն անվանեցին «երկաթյա»։ Սիմբիրսկ (այժմ՝ Ուլյանովսկ) քաղաքը, որ ծնվել է կոմունիստական կուսակցության և սովետական պետության հիմնադիր Վ. Ի. Լենինը, գտնվում էր սպիտակների ձեռքին: Քաղաքի ազատագրության համար ծանր մարտեր էին գնում։ Վերջապես թշնամին նահանջեց, «երկաթյա» դիվիզիան մտավ քաղաք: Գայը Վ. Վ. Կույբիշևի հետ հեռագիր ուղարկեց Վ. Ի. Լենինին, որն այդ ժամանակ վիրավորվել էր մահափորձի հետևանքով: Մեծ առաջնորդը բերկրանքով ընդունեց հայրենի քաղաքի ազատագրման լուրը և այդ հեռագիրն անվանեց բուժիչ հեռագիր: Մարտիկները շրջապատել էին սիրելի զորավարին և ուզում էին լսել նրա խոսքը: Գայը բարձրացավ ռազմակառքի վրա և սկսեց խոսել։ Նա անթերի գիտեր ռուսերենը, բայց մարտիկները նրան չէին հասկանում։ Գայը հուզմունքից հայերեն էր խոսում։ Երբ այդ մասին ասացին, նա մի պահ լռեց, ապա բարձրաձայն ասաց. -Ես հայ եմ, քաջե՛ր, որդին տառապած մի Ժողովրդի, որին դարեր շարունակ ուզել են ստրկացնել, ոչնչացնել, բայց նա զենք է վերցրել, բարձրացել իր անառիկ լեռներն ու կռվել իր հայրենիքը, իր պատիվը փրկելու համար։ Այստեղից հեռու է Հայաստանը, իմ չքնաղ, իմ վեհ հայրենիքը, բայց կգա օրը երբ «երկաթյա» դիվիզիան Վոլգայից կհասնի Արաքս: Սովետական իշխանության հաղթանակի շնորհիվ վերջնական կործանումից փրկվեց հայ ժողովուրդը։ Գայը դարձավ Սովետական Հայաստանի զինված ուժերի առաջին կոմիսարը և շատ զինվորական գործիչներ դաստիարակեց: Նա մի շարք զորամիավորումների հրամանատար է եղել։ Բազմիցս պարգևատրվել է պետական բարձրագույն շքանշաններով: Քաղաքացիական պատերազմի մասին շատ գրքեր ու պատմվածքներ է գրել: Նա միաժամանակ դասավանդել է Մ. Ֆրունզեի և Ն. Ժուկովսկու անվան ռազմական ակադեմիաներում: Գայի և նրա «երկաթյա» դիվիզիայի մարտիկների հիշատակին հուշարձան է կանգնեցված Ուլյանովսկում։ Նրա անունով են կոչվում բազմաթիվ դպրոցներ ՍՍՀՄ շատ քաղաքներում, այդ թվում նաև Երևանում, պիոներական դրուժինաներ, ջոկատներ, փողոցներ Երևանում, Նորքի սարալանջին, վեր է խոյանում Գայի հուշարձանը: Մ. Ֆրունզեի, Ս. Բուդյոննու, Վ. Չապաևի, Ս. Լազոյի և քաղաքացիական պատերազմի մյուս հերոսների կողքին անմար լույսով միշտ կշողշողա հայ ժողովրդի լեգենդար զավակ Գայի պայծառ անունը: