Դիմապատկեր

Դիմապատկերը մարդու կամ մի խումբ մարդկանց պատկերումն է գեղանկարչության, գծանկարչության, փորագրության, քանդակագործության մեջ։ Դիմապատկերում արվեստագետը, լինի նա գեղանկարիչ, թե գծանկարիչ, փորագրիչ, թե քանդակագործ, ոչ միայն կերտում է մարդու արտաքին նմանությունը, այլև աշխատում երևան հանել նրա բնավորությունը, պատմել նրա կյանքի, զբաղմունքի մասին։ Երբ արվեստագետը իրեն է պատկերում, դա արդեն կոչվում է ինքնադիմապատկեր:

Առաջին դիմապատկերները (որոնց մեջ կային նաև դիմանկարներ), ստեղծել են հին եգիպտացիները և հույները դեռևս մեր թվականությունից շատ առաջ։ Ճիշտ է, նրանցում պատկերված մարդիկ հիշեցնում էին առասպելների աստվածների և հերոսների: Վերածննդի դարաշրջանում մարդը գնալով ավելի ու ավելի էր հետաքրքրում նկարիչներին: Այդ շրջանում հիասքանչ դիմանկարներ ու դիմաքանդակներ են ստեղծել Լեոնարդո դա Վինչին, Միքելանջելոն, Ռաֆայելը:

15-16-րդ դարերում դիմապատկերային արվեստն սկսեց ծաղկում ապրել։ Այդ ժամանակ արվեստագետները զարմանալի վարպետությամբ ստեղծում էին իրենց ժամանակակիցների դիմապատկերները, ստեղծում էին կտավի և թղթի վրա, քանդակում մարմարից, ձուլում բրոնզից: Աշխարհի թանգարաններում ցուցադրված են 15-րդ դարի իտալացի նշանավոր նկարիչներ Բոտիչելլիի և Տիցիանի, 16-րդ դարի գերմանացի նկարիչ Դյուրերի, 17-րդ դարի ֆլամանդական նկարիչներ Ռուբենսի և Վան Դեյքի ստեղծած դիմանկարները։

19-րդ դարի առաջին կեսին Ռուսաստանում ապրում էր հայտնի դիմանկարիչ Ա. Տրոպինինը: «Որդու դիմանկարը» նրա լավագույն ստեղծագործություններից է: Անփութորեն բացված բաճկոնով սիրունատես, խարտյաշ տղան ուշադիր նայում է դեպի հեռուն, ասես հետաքրքիր մի բան է տեսել այնտեղ: Տղայի դեմքի արտահայտության, գլխի կտրուկ դարձվածքի մեջ հեշտությամբ կռահում ենք աշխույժ և միաժամանակ քնքուշ ու մեղմ բնավորությունը, անկեղծ հափշտակվածությունը աշխարհով ու կյանքով։ Նրա դեմքը լուսավորված է վաղորդյան գորովալից արևով Դիմանկարի բոլոր գույները ներդաշնակ են: Այն լի է կյանքի բերկրանքով և մանկության հմայքով։

Սովետական Միության շատ պատկերասրահներում դուք կտեսնեք ռուս ականավոր արվեստագետների ստեղծած բազմաթիվ հոյակապ դիմապատկերներ Դրանց շարքում են Ի. Ե. Ռեպինի, Ի. Ն. Կրամսկոյի, Վ. Ա. Սերովի և շատ ուրիշների դիմապատկերները։

Մեր ժամանակակիցների և պատմական գործիչների հիանալի դիմապատկերներ են ստեղծել սովետական արվեստագետներ Մ. Վ. Նեստերովը, Ա. Ի. Գերասիմովը, Վ. Ի. Մուխինան, Պ. Դ. Կորինը և ուրիշներ:

Լենինի կերպարը վառ մարմնավորում է գտել քանդակագործ Ն. Ա. Անդրեևի աշխատանքներում։ Մենք Վլադիմիր Իլյիչին տեսնում ենք զեկուցում կարդալիս, աշխատելիս, զրուցելիս։ Այդ դիմաքանդակներն ստեղծել են մի ամբողջ լենինապատում, որը ներկա և ապագա սերունդների համար պահպանում է մեծ մարդու թանկագին գծերը։

Համընդհանուր ճանաչման են արժանացել հայ արվեստագետների կերտած դիմապատկերները: Եզակի են միջնադարում ստեղծված հայկական դիմապատկերները, ինչպես, օրինակ, Գագիկ Առաջինի արձանը, որ 11-րդ դարի աշխատանք է, 13-14-րդ դարերի հայկական մանրանկարներում հանդիպող դիմանկարները։

Հայ դիմանկարչության նշանավոր վարպետներից է 19-րդ դարի գեղանկարիչ Հակոբ Հովնաթանյանը, որի մասին դուք կարող եք կարդալ «Հովնաթանյաններ» զրույցում: Նրա «Նազելի Օրբելյանի դիմանկարը» դիմանկարչության նկատելի երևույթներից է: Նուրբ դիմագծերով և խոհուն հայացքով երիտասարդ կինն ասես, մի ակնթարթ կտրվել է իր առօրյա հոգսերից և ամփոփվել ինքն իր մեջ։ Գլխի գեղեցիկ դարձվածքը, ձեռքերի մեղմ, հանդարտ դիրքն ու կանացի պարկեշտ նստելաձևը մատնում են կնոջ օժտվածությունը արժանապատվության խոր զգացումով։ Մարմնաձևերի նուրբ և սահուն անցումները զարմանալիորեն ներդաշնակվում են հոգեբանական խորունկ նկարագրին։ Սև, կանաչ, ճերմակ գույների փայլուն զուգորդումները, զուսպ, թրթռուն լուսավորումը, կարծես, եթերային են դարձնում նրան: Նկարիչը գեղանկարչական պարզ, խոսուն, մատչելի հնարքներով ստեղծել է տվյալ ժամանակի հայ կնոջ տիպական կերպարը:

Հրաշալի դիմապատկերներ են ստեղծել նաև Վ. Սուրենյանցը, Փ. Թերլեմեզյանը, Հ. Գյուրջյանը, Ե. Թադևոսյանը, Մ. Սարյանը, Հ. Կոջոյանը, Ա. Բաժբեուկ-Մելիքյանը, Ե. Քոչարը, Գ. Գրիգորյանը (Ջիոտտո), Մ. Ավետիսյանը և շատ ուրիշ հայ արվեստագետներ։