Ինչ է, ով է/Դիլիջան
Դիլիջան
Ռուս նշանավոր ճանապարհորդ Դ. Լ. Մարդովցևը, որ եղել էր աշխարհի շատ երկրներում, 1882 թ. Արարատ լեռը բարձրանալու նպատակով անցել է Աղստև գետի հովտով և հիացական տողեր գրել Դիլիջանի մասին: Նա նշել է, որ Դիլիջանի հովիտը իր գեղեցկությամբ չի զիջում աշխարհի այնպիսի գեղեցիկ անկյունների, ինչպիսին են Թերեքի ու Արագվիի հովիտները, Ռազմավիրական ճանապարհը, Բոսֆորը, Մարմարա ծովի Ղրիմի ափերը, Միջերկրական ծովի և Գանգես ու Ամազոն գետերի գեղածիծաղ ափերը: «Որչափ խորանաս հովտի մեջ, այնչափ ավելի կգեղեցկանա, մեծաշուք է դառնում ճոխ բուսականությունը, այն աստիճանի է ծառերի մեծությունը, որ չես հավատա, թե հեռու ես հասարակածից և Գանգես ու Ամազոն գետերի ափերից»:
Դիլիջանը առողջարանային կանաչ քաղաք է, տարածված Աղստևի հովտի արևմտյան մասում, շրջափակված Փամբակի և Բազումի լեռնաշղթաներով: Այն իրավամբ անվանել են լեռնային Հայաստանի մարգարիտը։ Հիանալի է Դիլիջանի բնությունը: Կլիման ամռանը զով է, ձմռանը՝ մեղմ: Դիլիջանի մասին հիացմունքով են խոսել Մաքսիմ Գորկին ու ֆրանսիացի նշանավոր գրող Անրի Բարբյուսը: Դիլիջանի բնության գրկում է գտնվում կոմպոզիտորների ստեղծագործական համամիութենական տունը, որտեղ հանգստացել ու ստեղծագործել են Մարտիրոս Սարյանը, Արամ Խաչատրյանը, Դմիտրի Շոստակովիչը, անգլիացի կոմպոզիտոր Բենջամին Բրիտտենը, ամերիկացի տաղանդավոր նկարիչ Ռոքուել Քենտը, գերմանացի գրող Աննա Զեգերսը, աշխարհում առաջին կին տիեզերագնաց-օդաչու, Սովետական Միության հերոս Վալենտինա Տերեշկովան և շատ ուրիշներ:
Հեղափոխական անցյալ ունի Դիլիջանը: 1917 թ. գիմնազիայի մի խումբ ուսուցիչների նախաձեռնությամբ Դիլիջանում ստեղծվում է կոմունիստական առաջին ընդհատակյա բջիջը: 1920 թ. այստեղ կազմակերպված բոլշևիկյան «Սպարտակ» ընդհատակյա երիտասարդական կազմակերպությունը վառ ու անմոռաց էջեր է թողել Դիլիջանի պատմության մեջ:
Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո միայն լայն հնարավորություններ ստեղծվեցին Դիլիջանի զարգացման համար։ Կառուցվեցին «Իմպուլս», կաթի, հացի, հանքային ջրերի գործարանները, ճկած կահույքի, տրիկոտաժի ֆաբրիկաներ, տպարան: Նախասովետական Դիլիջանում եղած մեկ գիմնազիայի և մեկ ծխական դպրոցի փոխարեն այժմ գործում են բազմաթիվ հանրակրթական, գիշերօթիկ, երաժշտական, նկարչական, մարզական դպրոցներ, ռադիոտեխնիկում, բժշկական և պրոֆտեխնիկական ուսումնարաններ: Կան գրադարաններ, ակումբներ, մանկապարտեզներ, առողջարաններ, հանգստյան տներ, Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանի մասնաճյուղը: Երկրագիտական թանգարանը, որն ունի իր պատկերասրահը, քաղաքի մշակութային կենտրոններից է: Պատկերասրահի հարստությունն են կազմում Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Մարտիրոս Սարյանի, Գևորգ Բաշինջաղյանի և մեծանուն այլ արվեստագետների շատ գործեր։ Հայրենի քաղաքի կենդանական և բուսական աշխարհի լավագույն բարեկամներին են դպրոցներում գործող «Կանաչ պարեկ», «Պատանի անտառապահ», «Բնության բարեկամ», «Ալ առագաստներ», «Կարմիր մեխակներ», «Պատանի բնասերներ» և այլ ակումբների ու խմբակների անդամ պիոներ-դպրոցականները, որոնք պահպանում են նաև պատմական և ճարտարապետական հուշարձաններն ու կոթողները: Աշնան ամիսներին նրանք հավաքում են ծառերի ու ծաղիկների սերմեր, տերևներ, զանազան միջատներ, բույսերի նմուշներ և պատրաստում ալբոմներ ու հերբարիումներ հարազատ դպրոցի համար:
Հանրահայտ է «Դիլիջան» մանկական առողջարանը, որտեղ ամբողջ տարին բուժվում, կազդուրվում, հանգստանում և սովորում են հանրապետության տարբեր քաղաքներից ու շրջաններից եկած 7-15 տարեկան երեխաներ:
Ամեն տարի ամռան ամիսներին Դիլիջանը դառնում է իսկական մանկական քաղաք: Այստեղ գործում են պիոներական մի շարք ճամբարներ: Պիոներներն ու դպրոցականները լինում են գետափին, անտառում, քաղաքի տեսարժան վայրերում:
Դիլիջանի ուշագրավ կոթողներից են Վ. Ի. Լենինին, Հայաստանում սովետական կարգերի հաստատման 50-ամյակին, Հայրենական մեծ պատերազմում զոհված դիլիջանցիներին նվիրված հուշարձանները։
Դիլիջանը բաց թանգարան է Հաղարծնի վանքի իր բազմադարյան համալիրով, Գոշավանքով, Ջուխտակ վանքով ու Մաթոսավանքով, հազվագյուտ մատուռներով ու խաչքարերով, պատմական ու ճարտարապետական այլ հուշարձաններով:
1982 թ. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ Դիլիջանում ստեղծվեց ժողովրդական արգելավայր-թանգարան՝ պահպանելու համար Հաղարծին և Գոշավանք միջնադարյան ճարտարապետական հուշարձանները, քաղաքի փողոցներից մեկը՝ իր հնամենի կառույցներով:
Դիլիջանը հայտնի է նաև բուսական ու կենդանական աշխարհի պահպանման ու բազմացման արգելանոցով:
Մեր նախնիք Դիլիջանը հնում կոչել են Հովք, որ նշանակում է ամառանոց: