Ծնվել եմ, թե՝ չեմ ծնվել։ Մութի ընթացքը համազոր է լույսի
արագությանը։ Ջարդված ցողունը թեքվել է
հողին՝ բորբոքելով հիվանդ հուշը
անիրական վերադարձի։
Երկու խոսք՝ Մեծ քարի մասին։ Բոլորովին անծանոթ անուն է
աշխարհին, մի քանի անգամ ես եմ ընդամենը
իմ տողերում հիշել՝ որպես հին
աստղադարան, ուրիշ՝ ոչինչ։ Եվ ոչ մեկին, ինձանից
բացի ոչինչ չի կարող հուշել այդ հատուկ,
բայց խիստ հասարակ անունը։
Իմ Սարգիս հոր կրթարանը մի փոքրիկ ու յուրօրինակ
Սիբիր էր, ուր քշվում էին
երկրի դպիրներն ամենաըմբոստ, անհնազանդ ու
անենթակա, որից եւ մենք շահում էինք
բանաստեղծություն ու աստղագիտություն։
Կալերում Նինա մորս էրնած ցորենը քամին
տանում էր, եւ պարկերում
մնում էր միայն մղեղը։ Ես հոտաղ եմ անկրկնելի,
եւ լուսնի եղջյուրններն անվերջ խաղացնում եմ
Սեւ եւ Սպիտակ ամպերի աստղաշատ ճակատներին՝
երբ վարում եմ սայլը։
Մաքյունց Շահենը, Կարոն, Գիրին, Միշան,
թիթեռները, իմ շունը եւ ես
ամեն օր լողում ենք մի «լճակում», որ եզան աչքի
չափ է, Մեծ ձորում, Լվացքատեղի քարերից ներքեւ,
երկնքի բաց հայացքի տակ։
Ամպիկներ ու զամբիկներ եմ արածացնում
Մասրուտի թումբում, իսկ
Սաթենիկ տատս (հիմա երկնքից նայում ու ժպտում է)
ինչքան ուզում է, որ Տերյանով, Շիրազով ու հորս
ֆիզիկայով «քաշկուտ» ընկածիս գիր անողի մոտ
տանեն, մայրս չի թողնում, ասում է՝ բան չկա,
Զառունք բոլորն են այդպես։
Հիմա։ Լքված տան շեմին, դունչը՝ թաթերի վրա,
շունը գիշեր-ցերեկ
վերահսկում է իր... անտերությունը։ Հաֆ, հաֆ,
հաֆ։ Եվ Ափուն քարը ոչ մի անգամ այլեւս չի
արձագանքում՝ ոչ շանը, ոչ ինձ։
Ծնվել եմ, թե՝ չեմ ծնվել։ Մութի ընթացքը համազոր է լույսի
արագությանը։ Ջարդված ցողունը թեքվել է
հողին՝ բորբոքելով հիվանդ հուշը
անիրական վերադարձի։