Երբ խոսքերի մեջ բացակայում են
աչքերը, ուրեմն՝ ճշմարտությունը
հաստատապես ներկա չէ ոչ մի տեղ։
Հավքը չիջավ ուսիս, թառեց անհասա-
նելի աստղին։ Երազը վերցրու հեռվից եւ
հեռուն կդադարի հեռու լինելուց։
Ամեն ինչ այլ է։ Զուր մի փնտրիր այնտեղ,
ուր չկա։ Խոտերը, որոնցով քայլում եմ,
սրբիչ-վարսերն են Մարիամ Մագթաղինացու։
Մոռացություն - ահա ժամանակի
կեղեւը։ Հուշը վերցրու անցյալից եւ
անցյալը կդադարի անցյալ լինելուց։
Ինձ այնպես է թվում, թե աշխարհում
չի եղել ու չկա բացարձակապես
ճշմարիտ ոչ մի թիվ կամ գոնե՝ խոսք։
Սեւի սահմանումը սպիտակն է տալիս։ Համա-
ռորեն գեղեցիկ։ Վերցրու կնոջը դրախտից եւ
դրախտը կդադարի դրախտ լինելուց։
Կյանքը քամահրական է՝ որպես բյուջեի
խորքից ելած չինովնիկի բարեւ՝ պատահած
պոետին։ Ձյունը սպիտակ է փոխառված լույսից։
Ծարավը զուլալ է՝ որպես ջուրը, որ
մատուցում է Էսկիֆեն։ Իմ կարոտից վերցրու
քո աչքերը, եւ ես կդադարեմ ես լինելուց։
Հ.Գ.
Երբ առաջին անգամ հանդիպում են երկու բառ, ես եւս ուզում
եմ ներկա լինել։ Քեզ ինձանից թաքցնում ես իմ աչքերի մեջ։
Եվ տխրությունը ձգվում է՝ որպես մի
անհայտ շարունակություն։