Ինքս ինձ հետ. երկխոսություն
ԻՆՔՍ ԻՆՁ ՀԵՏ. ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
-«Մի բեռ հույսիս տեղակ, մի բուռ հավատ տվեք...». դու հաճախ ես վերհիշում Համո Սահյանի այս բառերը։ Ինչո՞ւ։
-Պատասխանը տողի մեջ է։
-Հիմա մատների վրա կարելի է հաշվել բանաստեղծություն կարդացողներին։
-Կարեւորն այն է, որ, այնուամենայնիվ, կարդացող կա։ Հիշո՞ւմ ես Տուրգենեւի խոսքը՝ մի քաղաքի մասին, «որի բնակիչներն այնքան սաստիկ էին սիրում պոեզիան, որ եթե մի քանի շաբաթ էր անցնում եւ լույս չէին տեսնում նորանոր գեղեցիկ բանաստեղծություններ, նրանք բանաստեղծական այդպիսի անպտղաբերությունը հասարակական աղետ էին համարում»։
-«Երկու քառյակը»...
-Նույն գործում հեղինակը խոսում է բանաստեղծ Հունիոսի գրած քառյակի մասին, որը չի ընդունում հասարակությունը, բայց երբ նույն այդ քառյակը ներկայացնում է, փոքր-ինչ շուռ տված, մի ուրիշ պոետ՝ Հուլիոս անունով, ժողովուրդն ընդունում է ծափերով։ Ինչո՞ւ։ Պարզվում է՝ ոչ թե գրվածքի լավն ու վատն է դեր խաղացել, այլեւ խոսքը ժամանակին ասելը։ Այդ մասին Չարենցն էլ իր պատգամն ունի։ Ժամանակը գլխավոր գործոն է։
-Դժգո՞հ ես։
-...
-Կոնկրետ։
-Խնդրեմ։ Բոլորս հայտնվել ենք մի խառնակության մեջ, ուր ոչ ոք ոչ ոքի չի ճանաչում։ Ամենուրեք ունքից վեր թռած աչքեր են քեզ նայում։ Մեկը մյուսին հավատ չի ներշնչում, վստահությունը գնալով կորչում է, հույսն էլ երբ մենակ է մնում, ուզած-չուզած՝ լքում է մարդուն։ Այսպես է, դժբախտաբար։ Նույնիսկ պատերազմը չկարողացավ ժողովրդի մեջ խուճապ առաջացնել, ընդհակառակը՝ ավելի միաբանվեցինք, բայց ահա, մեր օգնությամբ, կարծես հաջողությամբ դա ուզում է անել «խաղաղությունը»։ Պուշկեն յալում արյուն տված, հաղթած զինվորը հիմա Նյու-Յորքում է, մղձավանջային «հաճույքի» մեջ, չգիտե ճանապարհը։
-Ո՞վ է դրա համար մեղավոր։
-Համենայն դեպս ոչ միայն ինքը։ Հիշո՞ւմ եք 88-ի երեւանյան եւ ստեփանակերտյան հրապարակները։ Մենք հաղթանակ ենք ձեռք բերել մեկ ուրիշ հաղթանակի՝ նաեւ այդ հրապարակների հաշվին, այն ելահարթակ էր, բայց հրապարակն այդ մեր մեջ կորցնում ենք. մեր միաբանությունը, մեր մի կետի խփելը, մի ձուն հազարավոր մարդկանց մեջ կիսելու, մեկս-մեկիս սատարելու կարողությունը։ Փորձիր հիմա կանգնեցնել դեմ-դիմաց այսօրվա եւ նախկին հրապարակները։ Տարբեր, իրարամերժ երեւույթներ են։
-Դու չե՞ս ուզում տեսնել ձեռքբերումները։
-Երբ խոսում ենք կորուստներ չտալու մասին, դա հենց ցույց է տալիս, որ կորցնելու շատ բան ունենք։ Դրանք մերն են, առկա են։ Պարզապես պիտի աչքեր չունենալ վերջին տասնամյակի մեր ժողովրդի նվաճումները չտեսնելու համար։ Մեր պատմությունը, ցավոք, մեզ «երես չի տվել» հաղթանակներով, բայց այսօր մենք այն սերունդն ենք, որ բախտ ունեցավ իր աչքով տեսնել հրաշալի հաղթանակ՝ դարավոր թշնամու դեմ, երկու հազարամյակ շարունակ ծվատվող հողերից թեկուզ մի պտղունց՝ ետ բերում, Անկախ Հայաստան, հանրապետության նախագահի շուրթերով, ինչպես ասում են, միջազգային ամբիոններից հնչող ժողովրդի պահանջատիրական խոսք՝ ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, վերջապես՝ աղետի գոտում վերականգնողական հսկայական աշխատանքներ եւ այլն, եւ այլն։ Սա մեր պատմության եւ ժողովրդի համար աստեղնային պահ է, ուղղակի՝ երանական։ Դժբախտաբար, սակայն, ընդգծված վատն էլ քիչ չէ։ Բայց քանի որ թանկ բաներ շատ կան, իրոք, դրանք ձեռքից տալու ցավը մեծանում է առավել։ Առանձնապես՝ արյամբ նվաճվածները (այս պարագայում, վերջապես «նվաճում» բառը հնչում է)։ Իսկական հաղթանակը տարած հաղթանակը պահելն է։
-Չե՞ս գտնում, որ գրողը նույնպես պիտի օգտագործի իր ազդեցության լծակները, ինչպես դա արվեց արցախյան շարժման սկզբում։ Այսօր պասի՞վ են գրչի մարդիկ, թե՞... ժողովուրդը պարզապես օտարվել է գրքից, մշակույթից։
-Գրողից, այնուամենայնիվ, ժողովուրդը միշտ էլ ավելին է սպասում։ Ավելիի ավելին։ Սա չգրված օրենք է, սա ավելի շատ՝ հավատ է գրողի հանդեպ։ Եվ եթե այսօր մարդիկ օտարվել են գրքից, դա առավելապես պիտի բացատրել նաեւ գրողի մեղքով։ Կորցնել ընթերցողին, նշանակում է կորցնել ինքն իրեն։ Կորած լինել ազգի համար։ Այսօր չլուծված պրոբլեմներ ունի հայ ժողովուրդը՝ թե մայր Հայաստանում, թե Արցախում։ Իհարկե, գլխավորի՝ Արցախի խնդրի մասին, դեռ չծնված երեխան էլ գիտե։ Օրակարգում են մարդկանց սոցիալական վատթար վիճակը եւ արտագաղթը։ Դրան գումարած՝ այդ ամենից բխող եւ այդ ամենով պայմանավորվող հետեւանքները, քաղաքական-կուսակցական գզվռտոցները... Եվ ի՞նչ եք կարծում, եթե գրականությունը չի մտնում այդ ամենում խրված մարդու վիճակի մեջ՝ որոշակի ելքի որոնումով կամ նշումով, ապա ինչ էլ գրվի-չգրվի, ինչ էլ առաջարկվի ընթերցողին, դա կդիտվի առնվազն անբարոյական։ Եվ գրքից երես շուռ տված մարդու թթված դեմքը հենց դա է վկայում։
-Իսկ դուք՝ գրողներդ...
-Մենք շարժման ակունքում կատարել ենք ազգի համար, ինչպես Սեւակն է ասում, զարթուցիչի դեր։ Եվ՝ ոչ միայն։ Կոմունիստական կարգերը չէին հանդուրժում ոչ մի ընդդիմություն, նրանք քաղաքական փորձված մեքենայով, ինչպես մսաղացով, անցկացնում էին ցանկացած մարդու, եթե վերջինս համարձակվում էր ընդվզել, ըմբոստանալ։ Եվ հենց նման պայմաններում է, որ գրողներս, Արցախի գրական կազմակերպության գործուն ջանքերով, գտնվեցինք պատշաճ բարձրության վրա, տեր կանգնեցինք ժողովրդական հզոր բռնկմանը, արհամարհելով ամեն տեսակի հալածանքներ, մտավորականների մի հրաշալի խմբով հասանք Կրեմլ, ազգային ազատագրական շարժման երեւելիների հետ ձեռնարկեցինք պատմական նստաշրջանի անցկացումը։ Իսկ երբ այժմ ընդհանուր ընթացքի մեջ խոտորումներ են արձանագրվում, մենք մեր ձայնը պարտավոր ենք հնչեցնել այնպես, որ ձայնիմաստի մեջ էլ (ո՛չ միայն բառի) ժողովուրդը տեսնի իր պահանջը, այլապես...
-Ելքը ո՞րն է։
-Ամեն մի պրոբլեմ յուրօրինակ լուծում է պահանջում։ Ես իմ մոտեցումներն ունեմ (անկախ նրանից՝ վիճելի են, թե չէ), դրանց մասին էլ կխոսեմ։ Հաճախ է պատահում՝ բոլորս տեսնում ենք, որ ընդհանուր մի ձեռնարկումի մեջ շարժման ուղղությունը սխալ է, չենք ուզում հայտնվել այնտեղ, ուր շեղված գնացքն է մեզ տանում։ Եվ փոխանակ միահամուռ ձեւով փոխենք ուղղությունը (դա մեր կամքի իրագործումն է), իրար հրմշտելով, ներսում, ընթացքին հակառակ, վագոնից-վագոն ետ ենք վազում, որ՝ ի՞նչ... Շատերն էլ, գնացքից նետվելով՝ արտասահմաններն են ընկնում։ Արդյունքը՝ ետ-ետ գնալով առաջ ենք գնում, «առաջ գնալով»՝ ետ մնում ու, ի վերջո, հայտնվում ենք չուզած վայրում։ Պիտի գործնական լինենք ու վճռական։ Ո՛չ միայն խոսքով։
-Դուք քիչ առաջ առանձնացրիր (Արցախի խնդիրը հանած) երկու մեծ պրոբլեմներ՝ սոցիալականը եւ արտագաղթը...
-Արցախի խնդրի լուծման ընթացքը անբավարար չի կարելի համարել։ Մենք հաղթողի մեր արդար ու բարձր պահանջներից ոչ մի քայլ չենք նահանջել եւ չպիտի նահանջենք։ Բացարձակապես։ Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է։ Սա սակարկման ենթակա չէ։ Բայց կա մի նուրբ մոտեցում, որը էական է ու վճռորոշ։ Իմ կարծիքով, դա հետեւյալն է, եթե սոցիալ-տնտեսական եւ արտագաղթի հետ կապված խնդիրները մենք չլուծենք, բնականաբար, ներսից այնքան կհյուծվենք-կթուլանանք, որ ամեն ինչ ձեռքից կգնա ինքն իրեն։ Պիտի վերահաստատել հայկական, մեզ հատուկ կենսակերպն ու արդարությունը։ Երկիրը քանդվում է միշտ ոչ թե աղքատությունից, այլ անարդարություններից։ Արձանագրենք՝ Արցախում օրինականության եւ օրենքի գերակայության հաստատման ուղղությամբ զգալի տեղաշարժեր կան։ Քիչ չեն հաջողությունները պատերազմի հետեւանքների վերացման եւ գյուղերի վերաբնակեցման բնագավառներում։ Շատ բան է արվել։ Բայց դա բավական չէ։ Աչք են ծակում նաեւ իրենց լուծմանը սպասող, այդ թվում նաեւ, չգիտես ինչու «արհամարված», բազմաթիվ անհետաձգելի խնդիրներ։
-Եվ առաջին բարդությունը մնում է կրկին աշխատատեղերի պակասը։
-Ես բնիկ Արցախում ծնված-մեծացած մարդ եմ, ամեն ինչ տեսնում եմ ոչ թե միայն իմ, այլեւ իմ ապուպապերի եւ գալիք սերնդի աչքերով։ Աշխատատեղի պրոբլեմն, իրոք, մեծ է, բայց չեմ կարող միաժամանակ չարձանագրել փաստն այն, որ մեզանում «ծնունդ» են առել նաեւ «պարապության քամու մեջ պարողներ», որոնք իրենց ծուլությունը «բացատրում» են աշխատատեղերի բացակայությամբ։ Սա էլ կա։ Արցախը, որպես գյուղատնտեսական երկիր, գոյատեւել է հազարամյակներ շարունակ եւ աշխատատեղի պակաս երբեք չի զգացվել։ Ամեն ընտանիք ունենում էր յոթից տասներկու երեխա եւ ավելի լավ էին ապրում։ Սա՝ առաջին։ Երկրորդ՝ եթե կա ամրագրված օրենք՝ հայրենիքին պարտադիր ծառայելու, ապա այդ ծառայությունը, մեկ էլ կրկնեմ, չպիտի ավարտվի բանակով, բանակից հետո աշխատանքով ծառայելը եւս պիտի լինի քաղաքացու օրինական պարտքը (բացառությունների մասին չեմ խոսում)։ Մինչդեռ դեմոկրատիայի անվան տակ ազատությունը հաճախ վերածում են անարխիայի, կամայականության, որն էլ բերում է անկանխատեսելի հետեւանքների, օրինակներից են հոկտեմբերի 27-ը եւ մարտի 22-ը... Ու եթե հոգեւոր ու սոցիալական կյանքի արտակարգ «վթարներն» էլ նշելու լինենք, ապա կտեսնենք, որ տարվա բոլոր ամսաթվերն էլ ճկվում են մեղքերի տակ...
-Ցավոք, այդպես է։
-Բանը հասել է այնտեղ, որ հեռուստատեսությամբ Երեւանից ցուցադրում են ազգային ճանաչված գործիչների (շեշտում եմ՝ ճանաչված), որոնք մենակ են իրենց տանը՝ մարդ ու կին, եւ դրանով նույնիսկ հպարտանում են, քանի որ երեխաները Ամերիկաներում են... Եվ եթե, թող ներվի, նրանց կյանքի տարիները հաշվենք, քանի՞ տարի հետո կդատարկվի մեր երկիրը էն աշխարհը եւ մյուս է՛ն աշխարհը գնացողներից։ Տակին ինչ կմնա՞...
-Չթույլատրե՞լ արտագաղթ...
-Անշուշտ՝ չթույլատրել։ Բայց չթույլատրելու մի ուղի կա. պայմաններ ստեղծել մարդու համար, որ նա երկեերկիր չընկնի, դռնեդուռ չընկնի։ Դա լավ կյանքից չի անում, ոնց ասում են։ Դրա համար հեռանկարային ծրագիր պիտի լինի։ Ունե՞նք։ Կա ազգային գաղափարների մասին խոսություն, բայց ազգային գաղափարախոսություն չկա։ Որպեսզի ազգը շարունակի գոյատեւել (իսկ դրանում կասկած լինել չի կարող), մեր ազգանվան վերջում «յանի» առկայությունը դեռ քիչ է (ոմանք էլ այն իրենց թաքստոցն են դարձնում), անհրաժեշտ է նաեւ, որ բոլորս, ինչպես ասում են, «նայենք նույն ուղղությամբ» ու յուրաքանչյուրիս տեսածի գումարելիների հաշվառումով գանք ընդհանուր հայտարարի։ Քաղաքական ու հասարակական քիչ մարմիններ ու կազմակերպություններ չկան, նրանք պիտի իրենց ուշադրության կենտրոնում պահեն ամեն մի ընտանիք։ Կան մարզպետներ, շրջանային վարչակազմերի ու համայնքների ղեկավարներ ու բազմազան իշխանավորներ՝ իրենց մեծաքանակ լծակներով... Ինչո՞վ են զբաղված։ Կամ՝ հարյուրից անցնող մեր կուսակցությունները։ Նրանցից մեկը, երկուսն են, ցավոք, որ ազգօգուտ ձեռնարկումներ են հեղինակում։ Եթե ամեն մի կուսակցություն որեւէ շրջանում դրության տեր կանգնի կոնկրետ մի գործում, ապա, կարծում եմ, ընդհանուր խնդրում որոշակի առաջխաղացում կգրանցվի։ Պետք է հատուկ ձեւեր (ֆորմաներ) մշակենք եւ հասնենք նրան, որ դրանք լրացվեն անխտիր բոլոր ընտանիքների կողմից (ըստ շրջանների, գյուղերի, քաղաքների), ճշգրտենք, թե յուրաքանչյուր, շեշտում եմ՝ յուրաքանչյուր մարդ ինչ հոգս ունի, ելքը ոնց է տեսնում (կամ՝ տեսնո՞ւմ է)։ Ինչ առաջարկություններ, նպատակներ ունեն։ Սա ճանապարհ է, որով կարող է հովիվն իր հոտը լավ ճանաչել... Նման հարցումներ զարգացած երկրներում կատարվում են՝ ամենատարբեր ուղիներով։ Մարդու տեղը իմանալ, ցավի դեղն իմանալ ու ձեռք մեկնել։ Ուրիշ՝ ոչինչ։ Մարդուն մարդու տեղ դնել։
Գաղտնիք չէ, որ մեր գյուղերը հիմնականում չունեն զարգացման մշակված եւ հետեւողականորեն իրականացվող պլաններ (բացառությունների մասին չեմ խոսում)։ Ես հիշում եմ, թե տարիներ առաջ ինչպես էր երջանկահիշատակ Սուրեն Ադամյանը իր իսկ ձեռքով գծած Ճարտարի մանրակերտը մեզ ցույց տալիս ու պատմում, թե հինգ տարի հետո գյուղում քանի ծնունդ կլինի, առաջին դասարաններում քանի երեխա կսովորի, քանի շրջանավարտ կունենան, քանի հարսանիք կլինի, քանի տուն կկառուցվի, քանի՞... Նա հաշվի էր նստում նաեւ հարեւան Վերսալու գյուղում ազերիներին հատուկ գործոնների (այդ թվում՝ ծնելիության բարձր տոկոս) հետ եւ ոչ միայն զգուշանում, այլ համարժեք քայլերի դիմում... Մինչդեռ մենք չենք համարձարկվում հաշվել անգամ, թե գյուղում երկու տարի հետո քանի՞ ծուխ կլինի մնացած, քանի՞...
Ինքներս մեր ազգի ներսում, սխալ ենք պլանավորում մեր ընդհանուր կյանքը։ Այսպես, օրինակ. պակաս կարեւորություն չի ներկայացնում այլընտրանքային ծառայության խնդիրը, որը կիրառվում է, ըստ սահմանված օրենքի, միայն մեր հայաստանաբնակ երիտասարդների նկատմամբ։ Արդյունքում ի՞նչ է ստացվում. այլ գյուղում կամ քաղաքում այլընտրանքային ծառայության վայր ընտրած երիտասարդը, բնականաբար, շտապում է երկու տարին լրացնել ու լքել այդ բնակավայրը, մինչդեռ տեղացին ոչ միայն ուսուցչական աշխատանքի է լծվում, այլ նաեւ ամուսնանում, ընտանիք է կազմում, գյուղի ծխաքանակը մեկով ավելացնում, արմատավորվում։ Նույն խնդիրը գոյություն ունի նաեւ Ստեփանակերտի պետթատրոնում. ջահել դերասանը գալով Ստեփանակերտ, այլընտրանքային ծառայություն է կատարում՝ բառի ամենաուղիղ իմաստով։ Ընդամենը։ Զինծառայության ժամկետը լրանալուն պես, հեռանում է (խոսքը առանձին դեպքերի մասին չէ, երբ կարող են նաեւ մնալ)։ Եվ այսպես, թատրոնը զրկված է մնում իր աճեցրած կադրերից ու անընդհատ հայտնվում է ցայտնոտային վիճակում։ Մի՞թե այս հարցի կարգավորումը դժվար է, չէ որ բոլոր դեպքերում գործ ունենք մեր հարազատ որդիների ու բոլորիս միասնական հայրենիքի ճակատագրի, ապագայի հետ։
Կա մի ուրիշ, թող ներվի, անհեթեթություն, որի մասնակիցն ենք դառնում, ակամա, բոլորս։ Խոսենք, թերեւս, տեղական ընտրությունների մասին. հասարակության մեջ հիմնականում նախապես հայտնի է լինում, թե ով պիտի տվյալ տարածքում մարզպետ ընտրվի կամ գյուղապետ։ Թե ինչպես է այդ «հայտնին», որպես օրենք, մշտապես ճիշտ դուրս գալիս, այդ էլ գիտենք։ Հարց է ծագում, ուրեմն՝ էլ ո՞ւմ աչքի ենք թոզ փչում, մանավանդ, որ այդ թոզն էլ թոզ չէ, այլ՝ ընտրությունների անցկացման համար նախատեսված միլիոններ, որոնց կարիքը ժողովուրդն այնքան շատ ունի։ Եվ ով ինչ ուզում է՝ ասի, այս ամենի մեջ ես տեսնում եմ նաեւ անտարբերություն։ Եվ՝ ոչ միայն։
-Անտարբերությունը, այո՛, նույնպես սոցիալական արմատներ ունի։
-Տերյանը ժամանակին անընդհատ զգուշացնում էր մեզ «հայկական (ինդիֆերենտիզմը) անտարբերականությունից», որը խարխլում է մեր թե կեցության, թե քաղաքական, թե հոգեւոր հիմքերը։ Տարիներ առաջ կառավարական որոշումներ ընդունվեցին մեզ մոտ ծնելիության, գյուղերի, ճանապարհների նորոգման վերաբերյալ։ Նախաձեռնությունը, որ անհրաժեշտություն էր եւ հույժ կարեւոր ու գեղեցիկ էր, որոշակի նպատակների հասավ, պիտի շարունակվի այն, մոտեցումները պիտի նորացվեն եւ կատարելագործվեն, զարգանան, ավանդույթի ուժ առնեն օգտակարն ու գեղեցիկը։ Գյուղերը պիտի ջահելացվեն։ Շատ շեներ ավերում են իրենք՝ առանձին գյուղապետեր, նրանք կարող է լավ զինվոր են եղել ռազմի դաշտում, տնտեսական-քաղաքական ասպարեզում սակայն, միշտ չեն իրենց լավագույն կողմերով դրսեւորում։ Սխալ կատարած սեփականաշնորհումները շատ դեպքերում քանդել են գյուղացու եւ, հետեւապես, բոլորիս տունը. տրակտորը մեկին է հասել, հողը՝ մեկին, մյուսին... Իսկ տանտիրոջը կռվում կորցրած այրին ո՞նց պահի իր երեխաներին, տունը... Ինչ թոշակներ են կիրառվում մեզանում։ Ամբողջ կյանքում չարքաշ գործ կատարած մարդը՝ օր-ծերության հասած, ստանում է լավագույն դեպքում ամիսը 6-7 հազար դրամ, մինչդեռ կան հատուկ արտոնյալներ (խոսքը անհատական թոշակների մասին չէ), որոնք 60-70 հազար դրամ են ստանում ամսական եւ ավելի։ Նման առավելություններ, կարծում եմ, պիտի ունենա միայն ու միայն հայոց բանակը։ Ոչ ավելին։ Այլ բնագավառներում «շատ» ստանալուն դեմ չեմ, երբեք, ուզում եմ, որ գոնե բավարար գումարներ տրվեն բոլորին, ի վերջո։ Վիճակը վատթար է նաեւ նախկին խորհրդային երկրի մյուս հանրապետություններում, բայց դա մեզ համար հանգստանալու առիթ չէ։ Մերն ուրիշ է, ինչպես ասում են, նրանց կողմից կիրառվող «մոդելը» մեզ այլեւս չի կարող բավարարել։ Որեւէ մեկը կատարե՞լ է, արդյոք, սոցիալական հարցում, թե «ծովի ընդհանուր մակարդակից» բարձր գտնվող աշխատավարձերի ու թոշակների հաշվին որքան գումարներ են կորսվում։ Դրանց պիտի ավելացնել նաեւ մեզ ոչ հատուկ, բայց մեզ արագ փոխանցվող, մեծ երկրներին բնորոշ քաղաքական ինտրիգները, ներքին պայքարը, որտեղ, ի վերջո, կուժն ու կուլան կոտրվում են ժողովրդի գլխին։ Քաղաքական անկայունությունը ստեղծում է տնտեսական անկայունություն, տնտեսականը ստեղծում է հուսալքություն, հուսալքությունը... Եվ այսպես՝ շարունակ։ Քաղաքական դաշտը ջրիկացրել են անձնական ամբիցիաները։
Կուսակցությունների եւ քաղաքական գործիչների միջոցով «վարակն» անցնում է ժողովրդին, որը ոչ միայն չի միաբանվում, այլ հակառակը՝ բաժանվում է ըստ թաղերի, ունեւորների եւ չունեւորների, խեղճ-անճարների եւ ամենակարողների, իսկ դա վնասում է նաեւ արցախյան համազգային շարժում-միաբանությանը։ Խոսքը բոլորի մասին չէ, իհարկե, բայց Արցախում «հայրենասերերի» պիտակի տակ երբեմն էլ հայտնվում են երեւանյան այնպիսի «ճարպիկներ», որոնք կամ բանտից փախած են կամ՝ բանտի ենթակա, ընտանիքները լքած... Նույն ձեւով էլ Երեւանում հայտնվում են նմանատիպ արցախցիներ։ Նմանների համար (բարեբախտաբար, նրանք դեռ մեծ թիվ չեն կազմում) գլխավորը բիզնեսն է՝ ազգային զգացումների շահարկման միջոցով, «գործարարները» գերազանցապես օգտվում են մի դեպքում մայր Հայաստանի անվերապահ սիրուց՝ Արցախի ու արցախցիների հանդեպ, մյուս դեպքում՝ արցախցիների անվերապահ սիրուց՝ մայր Հայաստանի ու հայաստանցիների հանդեպ... Այս ճանապարհով էլ սկիզբ է դրվում պառակտման, մեր ժողովրդի մեջ՝ եւ Արցախում, եւ Երեւանում, ստեղծվում են տարակարծիքներ, որոնք, ինչքան էլ վտանգավոր չլինեն (մենք մի ազգ ենք, մի կամք, մի ճանապարհ, մի սկզբունք եւ բռունցք), այնուամենայնիվ... Ինչ տեղի է ունենում այս ձեւով, ազգի վաղվա օգտին չէ, ազգային խնդիրների օգտին չէ... Ովքեր տուրք տալով անձնահաշիվ ամբիցիաներին, փորձում են անջրպետներ տեղադրել կամ տեսնել մայր Հայաստանի ու Արցախի միջեւ, նրանք, անշուշտ, հարցականի տակ են դնում հայ ժողովրդի ապագան ու գոյությունը։ Հային ոչ հատուկ, գեշ երեւույթներ են սրանք. չթաքցնենք, որ կարողանանք վերացնել, քանի դեռ արմատներ չեն ձգել...
-Քո կարծիքով, ովքե՞ր պիտի շտկեն վիճակը։ Իշխանություննե՞րը։
-Բոլորս։ Իշխանություններին քննադատելը հիմա դարձել է մոդա։ Սկիզբ է դրվել նորօրյա մի սոց մրցության, միայն թե՝ նախկինի հակառակ ծայրից, ասենք, եթե երեկ, խորհրդային կարգերի օրոք երկիրը գովողն էր դիտվում անառարկելի հայրենասեր, հիմա նա է հայրենասերը համարվում, ով ավելի շատ է փնովում երկիրն ու նրա ղեկավարներին։ Սրան-նրան (թող լինեն թեկուզ ղեկավարներ, տարբերություն չկա) մեղադրելով, մենք ակամայից կորցնում ենք ինքնաքննադատությամբ ինքներս մեզ նայելու-մաքրվելու հույժ անհրաժեշտ զգացումից եւ վերածվում զուտ մեղադրողների։ Եվ դրա մեղավորները հիմնականում մեղավորներն են։ Բայց մի՞թե դա կարող է արդարացնել մեզ մեր առաջ, եթե անգամ... մեղավոր չենք ինքերս։ Չէ՞ որ մեղավորի ու անմեղի հայտնաբերման հարցը ինքնանպատակ չէ, դրա հիմքում պիտի ընկած լինի վիճակի շտկումը։ Մեզանից ամեն մեկն առանձին վերցրած շատ փոքր է աշխարհը շտկելու համար՝ որքան էլ մեծ լինի, բայց ամեն մեկս մեզ շտկելու հարցում փոքր չենք եւ կարող ենք այդ կարգով ամբողջ աշխարհը շտկել...Ես դա չեմ ընդունում, ոչ թե նրա համար, որ իշխանություններն արժանի չեն քննադատության, ոչ, ընդհակառակը, ես գտնում եմ, քանի ղեկավարներին ընտրողը մենք ենք, ուրեմն՝ մեզանից պիտի սկսենք... Նախ՝ արդար լինենք ընտրելիս։ Եվ ապա՝ պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ լինում է նաեւ անհաջող ընտրություն, հետեւապես պիտի ընտրյալի սխալ քայլերի դեմ պայքար ծավալենք ճիշտ ճանապարհով, օգտվելով քաղաքակիրթ աշխարհի այդ ասպարեզում կուտակած լավագույն փորձից, որպեսզի ոչնչով չարդարացվող հիստերիաներով հասարակության համար չստեղծենք բարոյական-քաղաքական անցանկալի վիճակներ, տխեղծ մթնոլորտ։ Աղմուկ-աղաղակով, մեկս մյուսին մեղադրելով սայլը տեղից չենք շարժի։ Երբ երկրի ղեկը վստահում ենք, ազգովի ընտրում ենք (ես նկատի չունեմ ոչ մեր այսօրվա, ոչ երեկվա, ոչ էլ, առավել եւս, երեկ չէ՝ մյուս օրվա ղեկավարներին), ուրեմն հարգենք ինքներս մեզ ու մեր ընտրությունը, ղեկը վարողի ձեռքին չխփենք ամեն կողմից, ավելին՝ վտանգավոր է, երբ ճիշտ վարելու ժամանակ էլ հարվածներ են տեղում։ Դա գոտուց ներքեւ խփել է արդեն։ Դա հայերեն չէ։ Մեկը մյուսի պաշտոնին աչք է գցում, բոլոր նետերն ուղղում նրան, վերջինս երկնքից աստղեր էլ բերի, նշանակություն չունի, պիտի քարկոծվի այնքան, որ զիջի ղեկը։ Իսկ ղեկի հավակնորդները (փոքր թե մեծ՝ կարեւոր չէ) միշտ էլ անպակաս են լինում հայոց աշխարհում։ Գործում է նաեւ այս սկզբունքը՝ ղեկ կամ արտասահման։ Ավելին, ոմանք որպեսզի ցույց տան, որ պայքարի հիմքում անձնական շահը չէ, հասարակական հոծ զանգվածներ են ներքաշում իրենց նեղանձուկ ոլորտները, ոչ միայն առաթուր անում հասարակությանը, այլ նաեւ գեշ առուտուր անում նրա հոգնած ու, երբեմն, դյուրահավատ դարձած զգացումներով։ Հետեւանքը՝ կորցրել ենք շատ ժամանակ ոչ թե ղեկը վարողին, այլ... ղեկը, այսինքն՝ ոչ ինձ, ոչ էլ քեզ (մանավանդ՝ չմոռանանք, որ ղեկ վարելը դեռ ղեկավարել չէ)։
-Դու նկատի ունես մեր պետականության կորո՞ւստը։
-Եվ ո՛չ միայն։ Դժբախտաբար, մենք դարեր շարունակ զրկված էինք պետականությունից, այն պահպանվում էր միայն հայոց Արեւելից Աշխարհ Արցախում՝ մելիքությունների ձեւով եւ, ի վերջո, խարխլվեց՝ դարձյալ ու կրկին ներքին պառակտումների պատճառով։ Հետեւապես, խիստ է ավելի մեր պատմության խորհուրդը՝ ղեկավարելը, քաղաքականություն լինելուց առաջ եւ հետո, արվեստ է, առավել եւս՝ ղեկավարվելը։ Այդ դասը չպիտի մոռանանք, եթե չենք ուզում, որ էլի մեզանից հզոր գտնվեն մեր ժողովրդի դարավոր թշնամիները. առաջինը՝ մեր անմիաբանությունը, երկրորդը՝ պատեհ առիթի սպասող ոխերիմ հարեւանը։ Տեղին քննադատության օգտակարության գործակիցը միշտ էլ անհամեմատ բարձր է լինում, քան անտեղի գովեստինը։ Երկրի կյանքում տեղ գտած թերությունների մասին՝ դրանք վերացնելու նպատակով, գրել-քննադատելը (որքան էլ՝ խիստ) բոլորովին ուրիշ բան է եւ անհրաժեշտ, եղած բացերը բազմապատկական հայելում ներկայացնելն ու այդ «հիմքի» վրա երկիրն ու հայրենիքը վատաբանելը՝ միանգամայն այլ երեւույթ, անպայման՝ արգահատելի ու ստոր։ Չարածն ու անելիքը չպիտի պատճառ դառնան արածը ոչնչացնելու կամ անտեսելու համար։ Եթե ասում ենք՝ այսինչ բանը պիտի արվի, չի նշանակում, թե արածը պիտի ժխտենք։ Սրանք շատ սովորական, տարրական ճշմարտություններ են։ Բայց, հարցին մոտենանք մյուս կողմից, մենք մի՞շտ ենք ընտրում մարդկանց, որոնք ոչ թե «ֆայտոնի», ապա «իմպորտնի» մերսեդեսների վրա են «վարելու արվեստ ձեռք բերել», այլ երկրի կյանքում, կոնկրետ՝ ազգի համար դժվարին ու ճակատագրական պայքարում։ «Պատմության քառուղիներում» մեր երկրի ղեկը շատ անգամ ոչ թե վարվել է, այլ վարի է տրվել։ Հետեւապես՝ մեղուների օրենքը ամենակիրառելին է՝ Մայր մեղվին մեղուներն իրենք են արարում։ Թագավորներին էլ ստեղծում է ժողովուրդը։ Մայր մեղուն առաջնորդում է մեղուներին՝ առաջնորդվելով նրանցով։ Երբ հասարակությունը առողջ է լինում, քննադատությունը եւ առավել եւս՝ այն ընդունելը, չեն լինում հիվանդագին, իշխանական խոտորումները հասնում են նվազագույնի։ Կադրերն են, հիրավի, վճռում գործի ելքը. հի՞ն է այս խոսքը, խորհրդային օրերի ծնո՞ւնդ, բայց ճիշտ է։ Սա առավել տեղին է հնչում այսօր։ Եվ որն է ամենացավալին. այն, որ պաշտոնի համար կռիվ (սոցպայքար) է մղվում սովետական ժամանակներից մինչեւ անկախության մեր օրերը։ Մեզանից ոչ մեկը, բնականաբար, չի կարող այնքան միամիտ լինել, որ կարծի, թե այս կամ այն անձը, մոլեգին կրքով պաշտոնի ձգտելով, ուզում է ժողովրդին ավելի լավ, խորը ծառայելու լծակներ ձեռք բերել։ Գրեթե բոլորին (բացառություններն, այնուամենայնիվ, քիչ չեն) հուզողն այստեղ աթոռն է՝ «էն գլխից» սխալ շինված, որի վրա նստելով պիտի աջուձախ կարգադրություններ անեն, հարստանան օխտը պորտով, վայելեն, ցոփանան, ջոջանան, թռսկեն ու ստեպ-ստեպ հեռուստաէկրանից «ինտերվյուներ» տան՝ լաց լինելով «ֆուխարայի» տխուր հալի համար։ Եվ դա մի օղակում չէ՝ ներքեւի կամ վերեւի, որ այդպես է։ Հաճախ ինքներս ենք մեր վերաբերմունքով ուղղություն տալիս վերեւների այս կամ այն գործելակերպին, ընթացքավորում։ Խնդրեմ, ամենասովորական դարձած օրինակներից մեկը. այնքան ենք ուրախանում ու գոհանում մեդալներով ու շքանշաններով, որ արդեն զգալի մասով բոված հասարակության գլխին, ամբողջ հայ իրականության մեջ, նման պարգեւների «ոսկյա» անձրեւ է տեղում, ինչպես, ասենք, խորհրդային տարիներին, երբ շռայլորեն, երկրով մեկ, բաշխվում էր «Բարբա զա տրեզվոստի» կրծքանշանը։ Մինչդեռ այդ ամենի վրա ծախսվող գումարներով հնարավոր կլիներ զոհվածների բազմաթիվ ընտանիքներ կերակրել։ Մի՞թե շքանշանը պիտի նորություն ասի երկու ոտքով ցավի ու պատերազմի մեջ խրվածներիս, երբ այս անարդար աշխարհում հայ լինելը հենց հերոսություն է, առավել եւս՝ հայ մնալը։ Ցավոք, քիչ չեն դեպքերը, երբ անարժան ու գլուխ պահող մեկին (իսկ արցախյան համահայկական շարժումը դրականն ու բացասականը լավագույն ձեւով նժարեց ու հստակեցրեց) տրվում է պատասխանատու, մանավանդ՝ ո՛չ իր գործը։ Եվ, խնդրեմ, ստեղծվում է լավի ու վատի, որ մեզանից անկախ միշտ եղել են ու կլինեն, չափանիշների կորուստ. դրանից էլ սկսվում է բարոյալքությունը։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ մեր կյանքի ներքին պառակտությունները գերազանցաբար է օգտագործում թուրք-ազերին. նա ռազմի դաշտում ճակատ-ճակատի կռվի մեջ է, որ թույլ է, քաղաքական պառակտումներ ստեղծելու ասպարեզում մրցակից չունի աշխարհում։
-Մանավանդ, երբ պահը լինում է ամենաթողտվական, խառն։
-Այո՛։ Եվ որքան էլ զարմանալի թվա, թուրք-ազերու ձեռքը «դեմոկրատական ուղիներով» անցնելով տարբեր պետությունների «կառույցները», վաղուց հասել է նաեւ Հայաստան ու Արցախ, գործում է այդ թաթը, պատվերն է կատարում, այն էլ՝ ոչ փոքրիկ... Դա հիշեցնում է ինձ ոմն ազերի-թուրք Կարաեւի մի նամակը հայրենակիցներին՝ մի ռուս սպանեցեք եւ մեղքը գցեք հայերի վրա, որոնք աշխարհում ամենից շատ սիրում են փողը... Հերյուրա՞նք է։ Անշո՛ւշտ։ Բայց եւ «ծախու հոգիների» առկայությունը, դժբախտաբար, ժխտել հնարավոր չէ։ Մեր քարոզչությունը շատ թույլ է։ Թուրքը հասել է նրան, որ Ադրբեջանը, հայերի անունից, մեծ տպաքանակով գիրք է հրատարակում եւ տարածում ամբողջ Ռուսաստանով մեկ։ «Պատմական տեղեկանք» է անվանված այդ գրքերից մեկը, ուր, իբրեւ մենք՝ հայերս, խոսում ենք Կուբանի, Կրասնոդարի եւ ռուսական այլ տարածքների հայկական լինելու մասին եւ կոչ ենք անում դրանք ռուսներից ազատելու մասին։ Հումանիտար եւ սոցիալական հետազոտությունների Հյուսիս-Օսետական ինստիտուտի կողմից 2000թ. հրատարակվել է պատմաբաններ Վ.Ա. Կուզնեցովի եւ Ի.Մ. Չեչենովի «Պատմություն եւ ազգային ինքնագիտակցություն» հոդվածն այդ գրքի մասին։ Տխուր է ու ծիծաղելի, բայց՝ փաստ։ Գրքի հրատարակչական հասցեն էլ, ոչ ավել, ոչ պակաս՝ Արցախ։ Եվ, խնդրեմ, դրան հաջորդեցին Կրասնոդարի դեպքերը։ Բաքուն, տեսեք, իր ձեռագիրը չի թողնում, հսկայական գումարներ է հատկացնում, որ իր սուտը ճշմարտության տեղ հրամցվի աշխարհին, իսկ մենք մեր ճշմարտությունը, մեր միտքն ու արվեստը գիրք դարձնելու համար չունենք ամենանվազ միջոցներն անգամ։ Եվ դա հենց խոսում է մեր քարոզչության թույլ դրվածքի մասին։ Վերջապես մեզանից ոչ մեկը իրավունք չունի հաշվի չնստել հայոց ռազմական հանճարի ժառանգորդ (հանճար հասկացությունը մեր լեզվում միայն անցյալի երեւելիների մասին չէ, որ պիտի օգտագործվի) Արկադի Տեր-Թադեւոսյանի խոսքը՝ ազատագրված Շուշիի առիթով տրված մի հարցազրույցում. «Ես նույնպես գտնում եմ, որ ադրբեջանցիները առավելություն ունեն քարոզչության ասպարեզում»։ Հետեւություն անենք։ Ազերիների թաթը Երեւանում «խայծ է նետում» պետական լեզվի վերաբերյալ (երբ դրա կարիքն ամենեւին էլ չկա), առիթ հորինում ոչ ցանկալի խոսքուզրույցի (թերեւս, փառք Աստծո, հայն ու ռուսը նոր չգիտեն իրար եւ, իսկապես, բարեկամներ են եւ, ով գիտե, գուցե հենց դրա համար է, որ այդ բարեկամության մասին ամենից քիչ է գրվել)։ Ռուսաստանը մեզ ներկայանում է Բրյուսովի, Գորկու, Սախարովի, Դուդինի, Ստարավոյտովայի պատկերով։ Ազերու նետած խայծը կուլ ենք տալիս ու... Հանդուրժում ենք մեր հացն ուտող, ազերի թուրքի ջրաղացին ջուր լցնողին։
-Թույլ տուր ասել, որ ոչ ցանկալի երեւույթներ, իհարկե՝ մասնավորապես, բայց, այնուամենայնիվ, լինում են նաեւ գրական ու լրագրական կյանքում...
-Դա բացառված չէ։ Ես սա ասում եմ որպես գրող եւ լրագրող։ Հայաստանը, այդ թվում՝ եւ Արցախը, շատ են փոքրիկ, անզեն աչքի համար էլ պարզ-տեսանելի է, թե որ խոսքը ինչի վրա է կառուցված, ճշմարտությունից որքան է հեռու, որքան՝ մոտիկ... Բարքերը, որոնք արդեն անցյալ են արեւմուտքի համար եւ դեն են նետվում, մենք մի անպաղելի գայթակղությամբ յուրացանում ենք՝ անընդունելի ծայրահեղությունների մեջ։ Ստացվում է, որ մենք պահելու ոչինչ չունեինք, ամեն ինչ նետում ենք «սովետական» պիտակի հետ ու պահվում... ոչ մեր գլխարկի տակ, ոչ մեր զգեստում։ Գումար ունեցողը պատվիրում է նաեւ... թերթ, գիրք, քաղաքական եղականակ եւ այլն։ Այսինքն, այն պոռնոգրաֆիան, որ, ցավոք, բարձրացնում է արտադրանքի գնողականությունը (մինչեւ այսօր էլ շատ թերթեր տուրք են տալիս դրան), զուգակցվում է... պոռնոմաֆիայով։ Խմբի տղերքը թիկունք-թիկունքի կանգնում են ու սկսում կրկակահերթը, նախօրոք կազմած պայմանով՝ ինձ խփեն, դու փակիր, ինձ ճանապարհ տուր, քեզ խփեն՝ ես փակեմ ու ճանապարհ տամ քեզ։ Ազգային համերաշխությունը զոհում են թիմային համերաշխությանը։Պարզվում է, «մարտիկները» հաշիվ ունեն ոչ թե իշխանավորների լավ կամ վատ գործելակերպի, սկզբունքի, այլ նրանց աթոռների հետ։ Առանձին թերթեր նշում են նույնիսկ, որ տպագրվող նյութերի ճշտության համար պատասխանատու են հեղինակները. գտնված միջոց է, չէ՞, շեշտը նյութի սենսացիոն բնույթի վրա դնելու համար, հերն էլ անիծած, ճիշտ կլինի, թե՝ սուտ, վերջապես, մինչեւ հիմա ո՞վ է երբեւէ իր «սպրդված» անճշտության համար պատասխանատվություն կրել։ Իսկ եթե հիմնարկի, շրջանի, մարզի կամ հանրապետության ղեկավարներն էլ ստեղծված իրավիճակների պատասխանատվությունը թողնեն (դրա նախանշաններն էլ կան) միայն ու միայն քաղաքացիների վրա, ինչ կստացվի, մեկը մյուսին մեղադրելով, կստեղծենք բաբելոնյան մի խառնակություն, որից հեռու չենք։ Մեր աչքի առաջ աղավաղվում է մեր շարժման պատմությունը։ Ո՞ւր մնաց կատարած քայլի համար պատասխանատու լինելու յուրաքանչյուրի պարտադիր պարտքը։ Ուր մնաց հարգանք-ակնածանքը տպագիր խոսքի հանդեպ։ Ու հազար անգամ ճիշտ է Պերճ Զեյթունցյանը, երբ գրում է («Գրական թերթ», թիվ 16, 2002թ.). «...Խոսքի ազատությունը մեզանում հաճախ նենգափոխվում է սանձարձակության։ Հիշեցեք, թե որոշ թերթեր ինչպես փորձեցին կեղտ թափել մեր մշակույթի այնպիսի պայծառ դեմքերի վրա, ինչպիսիք են անզուգական Գոհար Գասպարյանը, Օհան Դուրյանը, Հովհաննես Չեքիջյանը, Տիգրան Լեւոնյանը...»։
Ցավալի է։ Այսօր, երբ ետ ենք նայում մեր անցած ճանապարհին, այն ինչ գրվել-հասել է մեզ, դարձյալ հմինականում թագավորների պատմություն է, մեջքով քար բերած ու բերդ կանգնեցրած մարդ չկա, կամ՝ համարյա չկա։ Տարիներ հետո այսօրվա մամուլին դիմողներն էլ պիտի նույն մոտեցումը տեսնեն։ Բացեք ցանկացած թերթ (բացառություններ կան) եւ կտեսնեք, որ համարում տեղ գտած նյութերի զգալի մասը... վերնախավի մասին է, անկախ նրանից՝ լավ, թե վատ։ Մինչդեռ խնդիրներ շատ ունենք, հայոց ցեղասպանությունն աշխարհում ճանաչելուց (այս խնդրում պիտի պատշաճը հատուցել նաեւ հայ հեղափոխական դաշնակցությանը) մինչեւ մեր տնտեսական, քաղաքական, մշակութային կյանքի բարելավման ուղիների համատեղ որոնումները։ Մահացածներին երկինք են հանում անվերապահորեն, փնովում ապրողներին... Եվ մտածում ես՝ Տեր Աստված, մի՞թե կյանքից դեռ չհեռացած հայերիս մեջ, իրոք, չկա (գնա մեռիր, արի սիրեմ) մի լավ, գոնե տանելի ղեկավար։ Հարցի մյուս կողմն էլ կա՝ միայն ու միայն ղեկավարներին մեղադրելով, արդյո՞ք, շատ չենք նսեմացնում ժողովրդի դերը։ Անելիքը թողած (այն էլ՝ անհետաձգելի) իրար կոկորդ ենք կրծում։ Եվ այս ամենը՝ ժողովրդի ամենատես աչքի առաջ։ Այսքանից հետո փնտրում ենք, ոչ ավել, ոչ պակաս, ժողովրդավարություն ու չորրորդ իշխանություն, մոռանալով, որ դա ժողովրդի սիրո ու վստահության իշխանությունն է, այն տալիս է միայն ժողովուրդը։ Արցախում մի ասացվածք կա՝ փորացավն այնպիսի բան է, որ ոչ թե ամեն մեկի բառերում, այլ ձայնի մեջ էլ է երեւում։ Իսկ ժողովրդի տեսողությունն ու լսողությունն ամենասուրն են։ Ինչքան՝ կուսակցություններ, նույնքան՝ տպագիր օրգաններ։ Այսինքն՝ մամուլը զգալիորեն կուսակցական է, ասել է թե՝ պատվերային տարրի հավանականությունը մեծ է։ Իսկ նման պայմաններն ամենեւին էլ մամուլի ազատության գրավական չեն, որովհետեւ իսկական ազատությունը եւ ճշմարտությունը հոմանիշներ են։ Հայերենում կա մի այսպիսի արտահայտություն՝ խոսքան... Ցավոք, թե գրավոր, թե բանավոր խոսքանները հաճախ զգալի տոկոս են կազմում։ Հիշելով մեծ մտածողներից մեկի տողերը, կարող ենք այն, նման դեպքերում, մեջբերել նաեւ հակառակ կողմից դիտարկելով. շատերը գրում են ոչ թե նրա համար, որ ասելիք ունեն, այլեւ նրա համար, որ ասելիք... չունեն։ Բայց մի բան չմոռանանք (սա հույս չէ, այլ՝ հավատ), ժողովուրդը ծով է՝ ինքնամաքրման իմաստով եւս, մակընթացություններն ու տեղատվությունները հաջորդում են իրար։ Այն, ինչ ավելորդ է, ծովն ափ է նետում։
-Այդքան բացեր, դժգոհություններ եւ... լավատեությո՞ւն։
-Դրանք մեկը մյուսով պայմանավորված են, միայն կարեւոր է, որ Աստծո հրեշտակները չշփոթենք սատանայի հրեշտակների հետ։ Ես, իհարկե, հավակնություն չունեմ անվիճելի ու պատրաստի դեղատոմսեր առաջարկելու, բայց մի բան հաստատ գիտեմ, որը բոլոր ձեռնարկումների դուռն է այբուբենի Ա-ն՝ լինի Արցախում թե մայր Հայաստանում. ցանկացած մարդ պիտի իր հասցեի տերը լինի, իր հստակ տեղն ունենա։ Երկրի կենսական եւ հոգեւոր քարտեզագրության մեջ քաղաքացին պիտի օրենքով իսկապես սահմանադրված արդարության ու հավասարության դաշտում լինի, ուշադրության կենտրոնում, բացարձակապես պաշտպանված... Եթե երկրում մարդը պաշտպանված չէ, ուրեմն՝ անպաշտպան է հայրենիքը։ Նման դաշտի ստեղծումը ձգողության մագնիսներ կհայտնաբերի, որոնց շնորհիվ էլ Կրասնոդարում եւ Լոս-Անջելեսում, աշխարհի բոլոր ծագերում ցրված մեր հայրենակիցները չեն հայտնվի անպաշտպան որբերի դերում։ Երբեւէ մտածո՞ւմ ենք, թե ինչու այդ մարդիկ փախստականի մի հասցեից մի ուրիշ հասցե են ընտրում, պատրաստ են մեկնել ամենուրեք, նույնիսկ՝ այլ մոլորակ, բայց... ոչ Հայաստան կամ Արցախ։ Ինչու ենք այդպես։ Չէ՞ որ եթե միասին լինենք, դժվարություններն էլ անհամեմատ հեշտ կհաղթահարվեն։
-Իհարկե։ Երբեմն էլ ինքներս ենք ակամա գործում մեր դեմ։
-Հենց դա եմ ուզում ասել։ Օրինակ, ես պատշաճը մատուցելով սփյուռքի մեր եղբայրներին՝ աշխարհով մեկ ծավալված հայանպաստ մեծ գործերի ու, մանավանդ, Հայրենիքին տրվող նվիրվատվությունների համար, միաժամանակ ուզում եմ փորձել նրանց (իհարկե, ոչ բոլորին է դա վերաբերում) ետ պահել նաեւ իրենց բարեկամին ու բարեկամի բարեկամին, ծանոթին ու ծանոթի ծանոթին արտերկիր տանելու գործում կամուրջ դառնալու տխուր քայլերից։ Մարդն ավելի թանկ է, քան նվիրատվությունը, խնդրում եմ՝ ինձ ճիշտ հասկանալ։ Մարդը գնաց, ուրեմն՝ երկիրն է գնում։ Փոխանակ մեր հայրենակիցների ետեւից քարշ գանք կրասնոդարներում աշխարհի՝ նրանց տեր կանգնելու համար (չեմ ժխտում, դա էլ անհրաժեշտ է), այլ պայմաններ ստեղծենք մեր երկրում, կազմակերպենք հայահավաք, բռունցքվենք։ Գիտեմ, դա շատ դժվար է։ Բայց մի՞թե հեշտ էր ռազմի դաշտում իր արյամբ հաղթանակ կռող զինվորի համար։ Պատերազմը շարունակվում է, ավելի ահավոր ձեւով, միանգամայն այլ դաշտում։ Որքան մենք ուրիշ երկրներում, ուրիշների մեջ ցրված ապրենք (ովքեր էլ լինեն այդ ուրիշները), մեզ հետ նրանք հաշվի չեն նստի՝ որպես հավասարը հավասարի հետ։ Մեզ հետ հաշվի կնստեն միայն այն ժամանակ, երբ մենք կլինենք միահավաք, մեր մեջ ու ամբողջական։ Սա անժխտելի է։ Մեր ծվատված, ամբողջականությունը կորցրած հայրենիքը մենք վերջնակապես կկորցնենք, վաղուց ասված խոսքեր են, եթե կորցնենք մեր մեջ ամբողջականության զգացումը։ Հավատարիմ մնանք մեր իրապաշտական այն մտածողությանը, որ ունենում են միայն պատերազմի առաջին գծի վրա։ Իսկ մեր երկիր Հայաստանն այնքան է փոքրիկ, որ նրա բոլոր սահմանագծերը (եւ թիկունքն անգամ) առաջին գիծ են։ Հուսախաբություններն ինչպիսիք էլ լինեն, պիտի հավատանք ինքներս մեզ, իրար, մեր երկրին ու նրա ապագային։ Հավատից դուրս ճանապարհ չկա։
2002թ.