ԼԵՌՆԵՐՈՒՄ


Մի՛ մտահոգվիր,
Թե չէր սպասում ծառը քո գալուն,
Տեսնո՞ւմ ես, նա էլ մյուսների պես
        Անտառ չի մտել,
Կանգնել է ճամփին՝
Ճամփորդիդ խաթրու...
Վստահ մոտեցիր ու պատիվ արա,
Ու մարիր օրվա շոգը ստվերով։
Մի՛ մտահոգվիր...
Աղբյուրի երգը, որ լսում ես դու,
Հնչում է ահա առաջին անգամ,
         Եվ քո՛ պատվին է,
Դեհ, ողջագուրվիր
Կապույտ երգի հետ,
Վստահ մոտեցիր ու պատիվ արա,
Օրվա պղտորը պարզիր աղբյուրով։

Մի՛ մտահոգվիր...
Քո բաժին հացը հացթուխը հիմա
Տաք-տաք պահում է թոնրապատերին
         ՈՒ նայում ճամփիդ,
Որ քո բարեւին
Ասի՝ համեցեք։
Վստահ մոտեցիր ու պատիվ արա,
Օրդ ջերմ լինի թոնրահացի պես։
Մի՛ մտահոգվիր...
Մթնե՞ց... Պատահած տան դուռը ծեծիր,
ՈՒրախ ներս գնա, հյուրն ես Աստծու,
        Սակայն իմացիր,
Թե ծուռ է հանկարծ
Քո միտքը, ախպե՛ր,
Իմաստուն է եւ շունը լեռնեցու,
Տղա ես, արի ու ձեռքից պրծիր...