Լերան սրինգը


Տակավ, քանի՛ ցավըս կ’ըլլա ահավոր,
Հոգիիս մեջ պայծառություն մը կ’իջնե.
Ճերմակ թռչուն մը կարծես լուռ կը ննջե
Կուրծքիս վերքին վրա թառած, ու աղվո՛ր
Շունչն իր կ’ընե զիս անդորր...

Ահա նորեն սա մութ լերան սրինգն է.
Գիտեմ, ի՛նքն է,
Ընկերս աղվոր.
Ու ամեն օր
Իր սրինգով,
Մութեն գինով,
Ցուրտ մտածումս կ’առինքնե...

Չերգեր բնավ տրտմությունը հոգեխըռով
Սա անարյուն աշուններուն.
Ոչ ալ լույսը արևներուն
Որ պիտի գան նորեն կյանքի փոթորիկով,
Ընկերըս աղվոր
— Սարի՜ տըղան —
Ալ ամեն օր
Իր սրինգով,
Մահեն գինով
Կ’երգե միայն՝
«Ունա՜յն, ունա՜յն...»
Աստղերն համայն
Լուռ կը մնան․
Ահ, ինչու որ,
Սարի տըղան
Իրենց օրոր
Կ’ըսե այնքա՜ն.
«Ունա՛յն, ունա՜յն...»