Լողվոր
Աղբյուր. ԵԼԺ հ2, էջ 316
տ. ― էջ 478, ծ. ― էջ 615

Անավարտ փոխադրություն Հովհաննես Թումանյանի կողմից

ԼՈՂՎՈՐ


Ո՞վ ձեզնից՝ ասպետ կամ թե զինակիր
Կընկնի այստեղից անտակ ծովի մեջ,
Ձգում եմ ահա գավաթն իմ ոսկի,
Այս գավաթն, ով որ անդունդի անվերջ
5 Խավարում գտնի ու անփորձ հանի,
Նրան հաղթության պարգև թող լինի։

Կանչեց թագավորն ու բարձր ժայռից,
Որ հակված է սև անդունդի վըրա,
Էն բարձր ժայռի < .   .   .   .   . > ծայրից
10 Շըպըրտեց ներքև գավաթն իր ոսկյա.
— Ո՞վ է այն խիզախ, համարձակ հոգին,
Որ իմ գավաթը ետ բերի կըրկին։

Կանգնած են անշարժ զինակիր, ասպետ,
Լուռ են արքայի կոչին [խելագար],
15 Նայում են ահով ահռելի ծովին,
Չըկա խիզախող գավաթի համար,
Ու երրորդ անգամ կանչում է արքան—
Մի՞թե ոչ մինը սիրտ չունի այնքան։

Լուռ են ամենքը։ Եվ հանկարծ մի քաջ
20 Համարձակ ահեղ գալիս է առաջ...
Քանդում է իրան թիկնոցն ու գոտին
Անմռունչ, հանդարտ դընում է գետին...
Տիկնայք, ասպետներ սարսափում են լուռ.
— Ա՜հ, ո՞վ ես, ջահել, ո՞ւր ես գնում, ո՞ւր...

25 Մոտենում է նա ժայռին սեպացած,
Ներքև սևեռում հայացքն անվեհեր։
Անդունդքի ծոցից հորձանքը պրծած
Խուլ որոտալով լեռնանում է վեր,
Կուտակում ալիք, ու փրփուրն եռում,
30 Ասես թե մըթնած երկինքն է գոռում։

Ոռնում է, շաչում, ծեծում, շառաչում
Հուրն ու ջուրն ասես մրցում են այնտեղ,
Սյունաձև շոգին երկինքն է թըռչում,
Ալիքն ալիքին ճնշում է անվերջ,
35 Ոչինչ չի հատնում, ոչինչ չի անցնում,
Ծովը իրենից նոր ծով է ծնում։

Ետ քաշվեց հանկարծ տարերքը հուզված.
Ճերմակ փրփուրը միջից պատռելով,
Մինչև դժոխքի հատակը [ասես]
40 Բաց արավ ծովը կոկորդը սև սև,
Եվ պըտըտվելով ջըրերը թընդում
Ու կուլ են գընում էն սև անդընդում...