Լոռեցիների կոչը
Աղբյուր. ԵԼԺ հ6, էջ 148
ծ. ― էջ 595

Մեր հայրական-պապական բարեկամ, մեր դարավոր հարևան Ղազախի մուսուլմաններին։

Լոռու ժողովուրդը լսեց, որ Ղազախի մեր հայ ու թուրք եղբայրների մեջ գժտություն է ծագել․ լսեց, որ ամոթալի ու անմիտ կռվով խախտվում է երկու կողմի հարևանությունն ու բարեկամությունը. լսեց, որ հրացան են արձակում գյուղերի վրա, երեխաների ու կանանց վրա, իրար որդի են սպանում, իրար տուն են քանդում, իրար խոտ կրակում, իրար ապրանք քշում։ Ինչո՞ւ համար — ոչ ոք չի հասկանում։ Ինչպես խոտ են կրակում, այնպես էլ կրակ են գցել, ժողովուրդը միջին այրվում է և հանգցնող չկա։ Անխելքները վեր են կացել, գազան կտրել, խելոքներն էլ խելքները կորցրել, շվարել, մնացել են։ Երկիրն իրար է խառնվել:

Եթե այդ երկու կողմերը երկու զորք լինեին, կասեինք՝ մի օր մեկը մյուսին կհաղթի, կջարդի, կանցնի-կգնա։ Բայց սրանք երկու հարևան ժողովորդ են, որ միշտ ապրելու են իրար կողքի, որ երբեք չեն մոռանալու մեկը մյուսի արածը՝ որդին են սպանել, տունն են կրակել, կինն են անպատվել․ և որդեցորդի մնալու է ոխն ու թշնամությունը, որդեցորդի

պղտորվելու է երկուսի էլ կյանքը այս մեր գեղեցիկ սարերում ու ձորերում։

Սրա համար մենք՝ լոռեցիքս, հավաքվեցինք, հաշտության նշան սպիտակ դրոշակը պարզեցինք, անցկացանք մեր սարերը, եկանք կանգնելու մեր կռվող եղբայրների մեջտեղը։ Այս ի՞նչ եք անում, անմիտներ, ի՞նչ եք արել մեկ-մեկու, ի՞նչ եք ուզում մեկդ մյուսից։ Մի՞թե մեղք չեն ձեր կանայք ու երեխաները, մի՞թե ափսոս չի ձեր արդար աշխատանքը, որ փչացնում եք։ Մի՞թե ամոթ չի ձեր տղամարդությանը, մի՞թե հարամ չի այն աղ ու հացը, որ կերել եք միասին։

Մենք եկել ենք հարյուր ձիավորով և շատ հարյուրներ էլ պատրաստ են մեր սարերում, բայց նրանք ձեզ համար չեն, այլ նրանց համար, ով կհարձակվի իր հարևանի վրա, հայ լինի, թե թուրք, մեկ է։ Լավ է մեր միջից մի քանի լիրբ մարդիկ վերանան, քան թե երկու կողմի անմեղ ժողովուրդը նրանց պատճառով կրակի մեջ ընկնի։ Միայն թե դուք էլ այդպես վարվեցեք։

Ղազախի մուսուլման եղբայրներ, դուք Լոռու սահմաններում ինչ որ թողել եք ու փախել, իմացած եղեք, որ մենք պահում-պահպանում ենք ինչպես «ամանաթ»։ Եթե մի բան կորչի կամ պակասի, հայ գյուղերն են պատասխանատու։ Գարնանն էլ գալու եք մեր սարերը, այդ սարերում միշտ ապրել ենք միասին, մի հողի, մի ջրի վրա։ Միամիտ սրտով, եղբոր նման էլի եկեք, և եթե մեզանից մեկը ձեզ նեղություն տա՝ մենք կտեսնենք նրանց դատաստանը, ինչպես որ տեսել ենք շատ անգամ։

Մուսուլման եղբայրներ, դուք պիտի հավատաք մեր խոսքին նախ այն պատճառով, որ ձեզ հետ լոռեցիք են խոսում, իսկ լոռեցիք քաջ կռվից չեն վախենում, երկրորդ․ ինքներդ լավ գիտեք, որ մենք ձեզ համար այնպիսի հարևան ու բարեկամ ենք եղել, որ ձեզ մեր հայերից չենք ջոկել։