Լոռուց
Աղբյուր. ԵԼԺ հ6, էջ 147
ծ. ― էջ 595

Դսեղ, 9 հունվարի


«Արշալույսի» դեկտեմբ. 9-ի համարում «Վոզր․»-ից արտատպել եք մի լուր, որ հայտնել է ֆրանսիական հյուպատոսարանի քարտուղար պ. Էբերը։ Այդ լուրի մեջ մի երկու սխալ կա, որ հարկավոր եմ համարում ուղղել և լրացնել տեղեկությունը։

Ֆրանսիական Շահալի-Էլիար գործարանում սպանված են ոչ թե 16, այլ 7 հոգի։ Այդ դեպքի առիթով միտինգ է կայացած Դսեղ գյուղում․ միտինգին եկել են Դսեղա շրջանից 13 գյուղերը և ոչ մի տարաձայնություն չի տեղի ունեցել, ոչ էլ դրա համար ստարշինայի օգնականն է սպանված, ընդհակառակը, միաձայն վճռով որոշված է ետ դարձնել ամբողջ կողոպուտը և պատժել հանցավորներին։ Այդպես էլ ետ են դարձրած պարսկահպատակներից կողոպտված փողը, իրերն ու անասունները։ Ետ են դարձրած ֆրանսիական ընկերության գործարանի զենքերը։ Դսեղ է կանչված գործարանում ծառայող հույնը, որ մասնակցել է կողոպուտին, և պատվիրած է նրան էլ, որ նա էլ ետ դարձնի իր տարածը։ Հանցավորներին պատժելու համար որոշված է հրավիրել ժողովրդական դատաստան։ Մահմեդականների կյանքն ու գույքը պաշտպանելոււ համար ոչ մի առանձին, նոր ինքնապաշտպանության խումբ չի կազմվել մասնավոր մարդկանց ձեռքով, թե միտինգ գումարելը, թե կողոպուտ վերադարձնելը, թե մահմեդականներին պաշտպանելը, թե դատաստան հրավիրելը, ամեն բան կատարված է Դաշնակցության ձեռքով։

Այս բոլորի մասին հեռագրված է Վեհափառ կաթողիկոսին,

Թիֆլիսի պարսիկ գլխավոր հյուպատոսին և Դաշնակցությանը։

Ղազախի և մեր սահմանի վրա թյուրիմացություն է պատահել․ գնում ենք այնտեղ մի 50—60 ձիավոր, որ կարողանանք խաղաղությունը պահել գոնե այս կողմը։ Չեք կարող երևակայել, թե քանի-քանի մարդկանց կյանք կարողացանք ազատել և խաղաղությունը պահել մեր ձորերում։ Մեր սահմանակից Ղազախի թուրքերը շատ լավ են վարվում։ Մի քանի անգամ բանակցություններ ենք ունեցել, թե մեր, թե նրանց ժողովրդի մեջ սաստիկ մեծ է խաղաղության ցանկությունը։ Երկու կողմից էլ խուլիգան մարդիկ են խառնում։ Եվ այնպես հեշտ են խառնում, որ զարմանում է մարդ։ Եթե դժար մի բան կա՝ դրա առաջն առնելն է։