Լորի դպրոցը
ԼՈՐԻ ԴՊՐՈՑԸ
(Զանզեզուրի գավառ)
Տաթևի վիճակի Լոր գյուղը ունի մոտ 70 տուն բնակիչ, որ պարապում է այգեպանությամբ, երկրագործությամբ և անասնապահությամբ։
Գյուղը ունի կրթված երիտասարդություն, որ ապրում է Բաքվում, մի փոքր մասն էլ` Գրոզնիում։ Համալսարանականներն ու միջնակարգ դպրոցն ավարտողները գերակշռող տոկոս են կազմում։ Մնացածները հանքերում են աշխատում կամ էլ արհեստավորներ են և ունեն իրենց սեփական արհեստանոցները:
Պարապմունքներից այգեպանությունը գլխավոր տեղն է բռնում և շատ օգտավետ է միայն պտղաբեր տարիներում։ Այգիների ծառերի մեծ մասը խնձորենի է, որ այստեղ շատ լավ է աճում, մանավանդ մի քանի տեսակները։ Խնձորենուց բացի, տարածված է տանձենին, նաև դամբուլենին ու կեռասենին։ Այս երեք տարի է ինչ այգիները ոչինչ չեն տալիս, և եթե յուրաքանչյուր գյուղացու վրա իր այգիների վնասը տարեկան միջին թվով 500 ռ. գցենք, 3 տարվանը կլինի 1500 ռ., իսկ ամբողջ գյուղի վնասը` 100,000-ից ավելի։
Եթե ավելացնենք անօրինակ թանկությունն ևս, աշխատող ձեռքի պակասը, անցյալ տարվա ցորենի չլինելը—հասկանալի կլինի գյուղացու ծանր կացությունը։ Եվ այժմ գյուղում տուն չկա, որ պարտք չլինի այս նեղ օրերը մի կերպ կառավարվելու համար։
Արդ` այսպիսի դրության մեջ մտածել դպրոցի մասին, աչքի ընկնող մի պատվաբեր երևույթ է, որ գալիս է ցույց տալու, թե ինչպես գյուղացին հասկացել է ուսման անհրաժեշտությունը, որ հացի հոգսի հետ աշխատում է որդուն անուսում չթողնել։
Լորի դպրոցը հիմնվել է դպրոցների վերաբացման հենց առաջին տարին[1]: Հնության կողմից նա կարող է մրցել ուրիշ շատ դպրոցների հետ։
Վերաբացումից հետո եղել են մի շարք ուսուցիչներ, որոնց մեջ նաև Գառնիկ Քալաշյանը[2]։ Կարոտով և անձկությամբ են հիշում գյուղացիք այն վարժապետներին, որոնք լավ անուն են վաստակել իրենց աշխատանքով։
Այս տարի ուսումը շատ ուշ, նոյեմբերի 5-ին սկսվեց, իսկ վերջացավ մայիսի 28-ին։
Հիմնվելու օրից ի վեր դպրոցը ունեցել է երեք բաժանմունք։ Բայց այս տարի, ի նկատի ունենալով, որ տարին ուշ սկսվեց, և որ Գ բաժանմունքի աշակերտները թվով քիչ են, հոգաբարձությունը, տեսչի կարգադրությամբ, Գ բաժանմունքը միացրեց երկրորդի հետ։ Աշակերտների ընդհանուր թիվը 33 էր, որից` 29 տղա, 4 աղջիկ. մինչդեռ անցյալ տարիներում աշակերտների թիվը 60-ից անցնում էր։
Աշակերտների մեծ մասը լորցի են` 24 հոգի և 4 աղջիկ, իսկ Գետաթաղից` 7 տղա, Դարաբասից` 1: Դարաբասը Լորից հեռու է 2 վերստ, իսկ Գետաթաղը` 1։ Աշակերտների երթևեկությունը, ձմեռվա ցրտի և բուքի պատճառով, երբեմն ընդհատվում է։
Դպրոցը ունի սեփական շենք, որ շինվել է 1910 թ., երիտասարդության և գյուղացիների ջանքով։ Դպրոցի շենքը ունի 2 մեծ, լուսավոր սենյակ։ Պարապմունքները լինում են մի սենյակում, մյուսն ազատ է։
Տարվա ընթացքում եղել է երկու աշակերտական հանդես, երեք զուտ մանկական ցերեկույթ, երեք զբոսանք, երկու ծնողական ժողով և հոգաբարձության վեց նիստ։ Մի քանի երիտասարդի մասնակցությամբ եղել է երեք ներկայացում, որոնց մուտքը ձրի է եղել. միայն թե կամավոր կերպով հավաքվել է մի գումար` լրագրի համար:
Աշակերտներից փոխադրվել են 25 հոգի, մնացել են 8 տղա` զանազան պատճառներով։ Այս տարի թույլ է եղել գրավորը` տետրակի սղության պատճառով։ Մի տողանի տետր բնավ չի եղել. տետրակները ծախվել են 10 կոպեկով։
Ողորմելի է դպրոցի բյուջեն. մուտք` Բաքվի երիտասարդությունից` 100 ռուբլի, թոշակադրամներից՝ 156 ռ, եկեղեցուց` 40 ռ., ուխտատեղուց` 40 ռ., գրքերի վաճառումից` 9 ռ., ընդամենը` 345 ռ.: Ելք` ուսուցչի ռոճիկ` 300 ռ., բնակ. վարձ` 30 ռ., թեմական տուրք` 10 ռ., դիվանական ծախք՝ 20 ռ., ընդամենը՝ 360 ռ., նվազուրդ (դեֆիցիտ) 15 ռ.։
Այս տարի Վեհափառ կաթողիկոսը բարեհաճել է դպրոցական ֆոնդի գումարներից տարեկան 200 ռ. նպաստ նշանակել։ Գյուղացիներն էլ ծխական ժողովում որոշել են ծխական տուրք տալ ըստ չափի կարողության։ Հասարակությունը դիմում է ուղարկել Վեհափառ Հայրապետին` Որոտնա ավերակ վանքի կրկնազատկի ուխտի օրվան եկամուտը հատկացնելու դպրոցին։ Հոգաբարձությունն էլ դիմել է Գրոզնու և Բաքվի երիտասարդությանը և խնդրել է, որ իրենց ռոճիկների մի որոշ տոկոսը հատկացնեն դպրոցին։ Դիմել են տ. Շ. Տեր-Մարգարյանին, որպեսզի վերջինս էլ մի որոշ նպաստ հատկացնի։ Տ. Շ. Տեր-Մարգարյանը իր ծնողների հիշատակը հավերժացնելու համար տարիներ առաջ իր հայրենի դպրոցին 300 ռ. է խոստացել, բայց մի թյուրիմացության շնորհիվ մերժել է իր նպաստը։ Հոգաբարձությունը խնդրել է, որ հարգելի տիկինը ուշադրության չառնի նման թյուրիմացությունները և շարունակի իր նպաստը։ Մի դիմում էլ ուղարկված է գրոզնիաբնակ եղբ. Փանյաններին։
Սպասվելիք այդ գումարներով պիտի շենքի պակասները լրացնեն և հնարավորություն եղած դեպքում դպրոցը երկդասյան դարձնեն:
Կրթե՛նք գեղջուկի որդուն հայ ոգով, որ հավիտյան վառ մնա հայի օջախը, հուրը՝ անշեջ: