Լույսերի խաղը
Մեղեդիներ է պոկում ձորերի
մանուշակներից
Ու գարնան բույրով
Հասնում իմ հոգուն։
Ծառերի կանաչ սաղարթների մեջ
Թե մի չորունկ կա,
Նրա վիշտն է լռին ամոքում...
Լույսերի խաղը
Կակաչ է՝ բուսած քարերի կրծքին,
Առաջին սիրով վառվող աչքերից
Պահված մի նշխար
Ու տաղիկ սիրո,
Որ երազների փոշի է մաղում
Քո սիրտը մտնող,
Իմ սրտից բխող արահետներին...
Լույսերի խաղը
Քո անզուսպ սիրո արտացոլումն է,
Որ թաքուն ծնված ցանկության նման
Ծաղկի տեսք առնում,
Ապրում է իմ մեջ գարնանավարի.
Եվ միշտ ձգվում է ոստերի վրա
(Ինչպիսի անմեղ միամտություն),
Տեսնելու... ծայրը անծայր աշխարհի։