Իմ սպասումի օրը զուլալ է,
Իմ սպասումի գետը պայծառ է,
Իմ սպասումի արեւը վառ է
եւ համբերատար լինելուց՝ հեռու։
Իմ սպասումը ծնեց լռություն,
Եվ այդ լռության դիմանկարը
գծելու համար
Նվիրեց գույներ,
որ քո աչքերից փոխառված էին։
Բայց ես լռության մասին մոռացած,
Պատկերեցի ծով,
այնքան անվրդով,
որ մի պղպջակ թե պայթեր անգամ
ջրերի վրա,
լսելի էր պարզ՝
երազիս ձուկն է շնչում խորքերում։
Իմ սպասման մեջ ես դարձա մի գետ
ու գնում էի,
Ուշքս՝ դեպի հետ.
Քեզ թողել էի անցած օրվա մեջ,
Բայց դու ընդառաջ եկար գալիքից,
Այնտեղից, որտեղ ես դեռ չեմ հասել...
Սերը, ասում են, հետքով չի գնում
Ու չի հետեւում սերը ոչ մեկին,
Նա ընդառաջ է գալիս միմիայն...