ԼՎԱՑՔԱՏԵՂԵՐ


Բուրմունքների քանի՜- քանի քար ու մեղեդի,
գետի հատակում աջուձախ խայտացող,
աղջիկների մարմիններից հարբած ու իրենց հոսքը
խաթարած ձկներ,
տաք քամու տեղի-անտեղի հարցումներ,
լվացքաքարերի մանուշակոտ հովտում
գետը դառել է ճյուղատար ու վիթխարի մի ծառ,
որի վերին «հարկերում» մեղվատան ժիր
գվվոց կա։
Գետի լայնքով փռված
գորգեր նախշուն, որոնց վրա ափերի ծաղկախաղերը
շարունակվում են անվերջ։

Ոչ ոք չգիտե վայրն այն,
 ուր ես մեկնում եմ։

Երբ բոլորը տնավորվեն ստվերների մեջ
ու նինջ մտնեն բաց երկնքի տակ,
կհագնեմ ես գետը՝ որպես թալիսմանների վզնոց,
աղոթքիս բառերը մոռացած՝մի պահ կկանգնեմ
հին վանքի պատերի տակ՝ ճակատս հենած մի քարի,
կփորձեմ հիշել, թե ինչու եմ ծնվել։

Իսկ հետո աննյութական աղավնին , որ ամեն ինչ գիտե,
կտուցով կբռնի թելը
զանգակատան մեջ,
կբերի ինձ ու միասին կհնչեցնենք զանգերը,
որոնցով պիտի հեռացած բոլոր աղջիկները, ձկները, ջրերը
վերադառնան ակունքներին։

Մենք միշտ պտտվում ենք աշխարհով մեկ՝ մաքառումներում
բզկտելով մեր հոգին,
ուր ամեն վայրկյան մեզ տեղավորում ենք որպես
նոր վերաբնակներ։