Լ. Ն. Տոլստոյի մահվան առթիվ

Լ. Ն. Տոլստոյի մահվան առթիվ
Աղբյուր. ԵԼԺ հ6, էջ 260
ծ. ― էջ 613

<Լ.Ն. ՏՈԼՍՏՈՅԻ ՄԱՀՎԱՆ ԱՌԹԻՎ>

Ընկավ ռուսական վիթխարի հանճարը ու մահվան բոթից թնդում է լայնածավալ Ռուսաստանը մի ծայրից մինչև մյուսը։ Թնդում է և ամբողջ լուսավոր աշխարհքը, որովհետև, ինչպես ճշմարիտ մեծ մարդ, կրելով կատարյալ իր ժողովրդի հոգին ու պատկերը, հանդիսանում էր իր ժամանակի գեղարվեստական գրականության այն հոյակապ ուժը, որ կարող էր մի հայացքով ու մի գրվածքով ամփոփել կյանքը ահագին տարածության վրա՝ վերևից մինչև ներքև, արտաքին կեղևից մինչև հոգու ամենածածուկ խորշերը, հանդիսանում էր իր ժամանակի հսկա փիլիսոփան, որ աշխատում էր լուծել կյանքի առեղծվածը, խորամուխ լինել, հասկանալ ու պատասխան գտնել, թե ինչո՜ւ է ապրում մարդը և փիլիսոփայական խաղաղությամբ նայելով մահվան պաղ ու խորունկ աչքերին՝ ուզում էր հաշտություն ստեղծի նրա ու նրա առջև սարսափող հոգիների մեջ։

Գերագույն ապավեն էր որոնում, Աստված էր որոնում տառապող ու դժբախտ մարդկության համար և գտնում էր նրան ոչ թե ուժի մեջ, այլ արդարության, ճշմարտության, ներքին, բարոյական մաքրության և այն սիրո մեջ, որ հավասարեցնում ու եղբայրացնում է մարդկանց, թշնամի չի ճանաչում աշխարհքում, չի հակառակում նույնիսկ չարին. և ազատությունն էլ հենց սրա մեջ էր դավանում։

Մահվան հանդեպ հաշվելով մարդու կարճօրյա կյանքի օրերը՝ իջեցնում է նրա արժեքը ու քարոզում է այն էլ նվիրել սիրո ու բարության Աստծուն։

Դեռ երիտասարդ հասակից նրա միտքը քաշում է դեպի բնությունն ու գյուղացին — մուժիկը։ Այնտեղից տարածվում է բոլոր արհամարհվածների ու զրկվածների վրա ու մի օր էլ բացականչում է. «Չեմ կարող չտեսնել մերկերին ու քաղցածներին»։ Իհարկե, այս այն տեսնելը չի, որ տեսնում են սովորական աչքեր ունեցողները։ Եվ այսպես տեսնելուց հետո ութսունական թվականներին գրում է. «Քաղաքային կյանքը, որ առանց այն էլ խորթ էր իմ հոգուն, զզվեցրել է արդեն և փարթամ կյանքի վայելքները, որ երբեմն հաճույք էին տալիս, այժմ տանջանք են դարձել ինձ համար»։

Եվ ահա նա վաղուց խորշում էր այս կյանքից ու սրա վայելքներից, որ հիմնված են ուրիշների տառապանքների վրա, վայելքներից, որ նա համարում է կեղծ քաղաքակրթության արդյունք ու ընդհանուր առումով կոչում է անառակություն։

Բայց խորշում էր շրջապատված այդ վայելքներով, ապրում էր իր համոզմունքներին հակառակ պայմաններում — մի ծանր դրամա, մի ներքին կռիվ, որ պետք է մի օր մի լուծում, մի ելք ունենար։

Այսպես առաջ գալով մենք գտնում ենք, որ նրա գործերից ամենամեծն ու բնորոշը, նրա գլուխ գործոցը եղավ վերջին փախուստը — ելքը Եգիպտոսից²։

Նրա դժգոհ հոգին այլևս չկարողացավ հանդուրժել այս կյանքին, կամ, ավելի ճշմարիտը՝ կյանքի այս եղանակին, ու մեջքն արավ նրան, երեսը դեպի անապատ, այն մեծ դժգոհների նման, որոնք անապատ են քաշվել իրենց հոգու հետ այնտեղ ապրելու և խորհելու, այնտեղ վայելելու այն ցանկալի խաղաղությունը, որ ստեղծագործող ու բարի հոգիների հայրենիքն է, այնտեղ մտածելու կյանքի անառակության ու մարդու փրկության վրա։

Այդ ճանապարհին էլ գտավ իր մահը։

Տրտմության օր է համայն Ռուսաստանի և ամբողջ լուսավոր մարդկության համար, տրտմության օր է ռուսական, այլև համաշխարհային գրականության համար, տրտմության օր է բոլոր նեղվածների ու ճնշվածների համար, որոնք իրենց նեղության մեջ սովոր էին լսելու նրա հուժկու ձայնը, տրտմության օր է բոլոր բարի սրտերի համար, որոնք գիտեին, որ դեռ կենդանի է Տոլստոյը...

Ընկավ մեծ գեղարվեստագետը, մեծ քարոզիչը ու մեծ դժգոհը։

Երախտագետ սրտով ու խորին պատկառանքով խոնարհվում ենք մեծ մարդու հիշատակի առաջ։