(Ժողովրդական մոտիվներով)
Աղջկա պես թուխ ծամերով եւ աչքերիդ շող ու հակինթ,
Իմ երազից ձեռագործված գարնանագեղ շորեր հագիդ,
Կանգնել ու ջերմ ժպտում ես ինձ... Եկ, հարս տանեմ, խաղողենի,
Անուշաբույր մանուշակի արմատներով խաղողենի։
Մի արմատդ իմ սրտի մեջ, մի արմատդ խորունկ հողում,
Հայոց երկրի իղձերն են սուրբ հայացքիդ մեջ փայլում, շողում,
Գրկենք ամուր ու պինդ պահենք լեռները մեր, խաղողենի,
Անուշաբույր մանուշակի արմատներով խաղողենի։
Քեզնով են իմ բախտը բացում ողկույզներդ լալ-թալիսման,
Իմ պապերի շեն օջախից ճառագայթած լույսի նման,
Դու իմ անուն, իմ մայր հողի մայր զարկերակ, խաղողենի,
Անուշաբույր մանուշակի արմատներով խաղողենի։
Արեւն ահա թել է ձգել, բռնիր շողը, վեր բարձրացիր,
Որ արեւը ուր էլ գնա, որ արեւը ուր էլ անցնի,
Քեզնով հավերժ կապված մնա Ղարաբաղիս, խաղողենի,
Անուշաբույր մանուշակի արմատներով խաղողենի։