Խմբապետ Շավարշը

I

Փողոցում լռություն էր ու թանձր խավար,
Առավոտը մոտ էր, բայց դեռ չէր բացվում—
Իսկ հյուրանոցում խմբապետ Շավարշը
Խմում էր, խմում ու մուժով լցվում։

Խմբապետ Շավարշը։— Մի հաղթ տղամարդ,
Երեսին՝ վերից վար՝ դաշույնի հարված.
Այդ հարվածն համարում էր իր դեմքի զարդը՝
Մանավանդ, երբ դժգոհ էր ու մի քիչ հարբած։
Այդ Շարվածն— ու բեղերը։— Դեղին, ոլորած,
Երկու խուրձ հրեղեն, երկու առու,
Որ, ծանր, իջնելով կզակի վրա—
Նրան տալիս էին «քաջի» համարում։
Եվ մռայլ աչքերը՝ բիբերում արյուն,
Եվ խիտ հոնքերի գերանդին...
Նա իրեն համարում էր— անհաղթ արու,
Որպես հրաշք՝ ելած հայ ցեղի արգանդից։
Շավարշը խմում էր։— Լուռ, մռայլ բազմած,
Սեղանի գլուխը, որպես ամպ՝ ծանր.
Եվ ամեն մի բաժակը քամած
Նրան դարձնում էր ավելի համր։
Մենակ չէր Շավարշը։— Նրա հետ նստած
Նրա քաջ խոխեքը, իր խմբի տղերքը՝
Իրենց խմբապետի հռչակին վստահ՝
Անվերջ խմում էին— ու հոսում էր երգը։
Իգդիրցի Եգորը, Ղարսեցի Հարոն,
Մշեցի Թաթիկը ու Սաքոն Ղաչաղ,
Որոնցից վախենում էր անգամ ինքը— Դրոն,
Որ իրենց կանչել էր առավոտը վաղ։
Նա նրանց կանչել էր առավոտ վեցին,
Շավարշին կարգադրել էր, որ բերի իր խումբը.
Գիտեին, որ ուզում է ուղարկի գործի,—
Եվ ահա Շավարշը մինչև այդ— խմում էր։
Շավարշը մռայլ էր։ Մի մթին կասկած
Օձի պես կրծում էր նրա սիրտը.
Սեղանի գլուխը մութ, մռայլ բազմած՝
Անդադար խմում էր ու հայացքը— բիրտ էր։
— Կանչել է Դրոն առավոտ վեցին,—
Մտածում էր Շավարշը,— բայց ինչո՞ւ է կանչել,
Ասաց՝ ղրկելու է կարևոր գործի—
Եվ թողեց, որ կասկածը մինչև լույս տանջե
Եվ ուտի իր սիրտը։— Ինչո՞ւ չասաց,


Թե այդ ի՞նչ գործի է ուղարկում նա.
Ուղեղում վխտում էր կասկած հազար.
Մտածում էր՝ գնա՞, թե չգնա։
Ո՞վ գիտե Դրոյին։ Այո՛։ Ո՞վ գիտե:
Կարող է սարքել հազար դավ։ Դրոն։
Դժվար է կռվել հետը։
Չուզեց խաթրով անի— կանի զոռով։
Կհանի իր վրեժը։— Երեկ չէ՞ր միթե,
Որ Շավարշն սպառնաց շտաբը քանդել։
Ինչո՞ւ։— Որովհետև
Ռուսահայ սպաներն են իշխում այնտեղ:
Ռսացած սպաները։— Օսլայած տղերք,
Ձեռքերին՝ ձեռնոցներ, դեմքերին՝ պուդրա՛։
Ո՛չ զենք են տեսել, ո՛չ կռիվ։— Մերկ
Աղջիկներ են միայն տեսել դրանք...
Եվ դրանք ահա, այդ լակոտները,
Որոնց ինքը կարող է տանել բաղանիք—
Ուզում են, որ խմբապետները
Իրենց ձեռքին դառնան կույր խաղալիք։
Ուզում են տիրանան երկրին, բանակին,
Հաստատեն ռսացած մի իշխանություն.
Բայց ո՞նց նա կռանա դրանց տակին.
Կնի՞կ է ինքը, թե կատո՞ւ...
Իսկ Դրոն, իգդիրցի այդ խմբապետը,
Որ եղել է հերոս, անվախ տեռորիստ
Դրոն— նրանց հետ է
Եվ ուզում է դառնա մինիստր։
Ռազմական մինիստր։— Լա՛վ։ Լա՛վ։
Հետո՞։ Ի՞նչ պիտի անի հետո նա։
Դե, որ մինիստր դառավ—
Կարող է բոլորին տա գետնովը։
Կարող է հավաքի իգդիրցիներին,
Բռնոտի բոլորին, զինաթափի,
Սպանի, ջանդակները շներին քցի,
Որ ծաղկի իր շտաբը...
Խռնվեցին մտքերը Շավարշի գլխում.

Գլուխը ծանրացավ, լցրեց ու խմեց։
Սրտում մրմռացող կասկածը խուլ
Դառնում էր հետզհետե մեծ։
Դե, Դրոն— թագավոր է։— Դեռ երեկ էր
Սպանեց իր տղերքից երկուսին,
Որովհետև, այդ տղերքը
Հարբած՝ թքել էին մեկի երեսին։
Կառքից իջեցրել էին ու դեմքին թքել.
Հետո դուրս էր եկել, որ մինիստր է...
Դե, տղերքը— հարբած են եղել.
Հարբածին— էլ ի՞նչ մինիստր։
Թքել էին դեմքին ու նստել նրա կառքը,
Մինիստրի կառքը,— վա՛յ, հարամզադեք[1]...
Բայց հո չկործանվե՞ց աշխարքը.
Մինիստրը աշխա՞րք էր ազատել...
Իհարկե, սխալ էր։ Իհարկե, Դրոն
Վարվել էր անվայել, վարվել էր տմարդի.
Խաբելով կանչել էր նրանց միլիցիատուն—
Այդպես չի վարվի տղամարդը։
Խաբելով կանչել էր, թե կների.
Տղերքն էլ եկել էին,— և ահա միամիտ
Նրանց հանել էին կամերից[2]
Ու կռնակից խփել... Միայն մի
Ինչ-որ հարբած մարդու ներկայությամբ...
Սուս ու փուս։ Գաղտագողի։ Անձեն։
Ո՞վ գիտե Դրոյին... Ինչքա՜ն է նա
Այդպես գաղտագողի հնձել...
Մեկը— Թևիկն էր, Եգորի եղբայրը.
Եգորը Դրոյին կների՞։— Ո՛չ։—
Ահա նստել իր մոտ— խմում է անդադար
Ու հարբած՝ համբուրում է ընկերոջը—
Ղարսեցի Հարոյին։— Լա՛վ։ Լա՛վ։
Եգորը իր մարդն է այսուհետե։
Եղբոր պես լինելու է մոտիկ, հալալ,

Նույնիսկ կռվեն եթե։
Ա՛յ քեզ մինիստր... Ա՛յ քեզ Դրո։
Ա՛յ քեզ խմբապետ քաջ...
Ձեռքը խփեց սեղանին Շավարշը—
Հողը դողաց։
Խփեց ու խմեց։ Նորից խմեց։ Մռայլ։
Ու ոչ մի բառ չասաց։ Գլուխը
Ծանր՝ դրեց կրկին իր բռունցքի վրա.
Այդպես անշարժ— մնաց։ Իսկ շուրջը աղմուկ էր։
Երգում էր Ղաչաղը։— Բայաթի՞ էր, թե՞ երգ։
Թուրքերեն, որ լսել էր Շավարշը.— ե՞րբ։
Գլխում ծանրացել էր մի թանձր մեգ.
Սրտում խլրտում էր կասկածը դեռ։
Ուզում էր բարձրանա, թքի հացին,
Իրենց կերած հացին. շուռ տա սեղանը։—
Արդեն մոտենում էր լուսաբացը.
Իսկ նա դեռ տատանվում էր. չգիտեր,
Թե կատարի՞ արդյոք Դրոյի հրամանը:
Ուզում էր տասնոցը հանի, կրակի,
Բայց իրեն զսպում էր. մտածում էր:
Վերջապես տղամարդի վարտիք է հագին,
Երակներում— արյուն է, և ոչ թե— մածուն է։
Դե, Դրոն թագավոր է։— Ու թո՛ղ լինի։
Բայց հո չի՞ կարող այդ մարդը
Ինչ ուզենա— անի.—
Բա իրա՞— Շավարշի՞— աշիրա՞թը[3]։
Իր հետ է աշիրաթը։— Շավարշը հիշեց,
Ուղեղում բացվեց լայնանիստ—
Ալագյազը... դուման... անաստղ գիշեր...
Շների ոռնոց անհանգիստ...
Անցնում են գյուղերից։ Առջևից— տավարը՝
Հայկական, թուրքական գյուղերից քշած։
Գյուղերում— ընկել է հավարը.
Լաչա՞կ էր էդ գյուղերի գլխին քաշած...
Ճռճռում են սայլերը, ձիերը դոփում։

Սայլերին— երեխեք, կնանիք. բեռ...
Դումանը շոյող է, ինչպես զեփյուռ,
Ձիերի դոփյունը, ինչպես երգ...
Առջևից— տավարը, հետևից— աշիրաթը՝
Շավարշի աշիրաթը.— խնուսցիներ,
Որոնց տեղական էր արել—
Պատերազմի թաթը—
Ու աշխարհում ցրել։
Շատերը՝ կորցրած տուն, տեղ,
Ընտանիք, երեխեք, հայր, մայր,—
Այժմ պատրաստ էին ամեն ինչ քանդել
Մի լավ ձիու, կամ մի բեռ ալյուրի համար։
Ով էլ հանդիպեր, ումն էլ լիներ.
Ռսի, թուրքի, հայի— միևնույն չէ՞։
Միայն թե քաղցից չոռնար կինը.
Միայն թե երեխեն շունչը չփչեր։
Խնոթսից— Ալաշկերտ։ Հետո Ղարս։
Ցուրտ, մերկ, սով, տիֆ։
Ինչքա՜ն, ինչքա՜ն մեռան,
Քաղցից, կամ ետ չեկան ֆրոնտից։
Ամբողջ ճանապարհը— դիակներ, մահ:
Ով որ մնաց՝ մնաց։ Հասան վերջապես
Այն ռսի երկիրը, որի համար
Այնքան արյուն էին իրենք թափել...
Հասան։ Թափվեցին կիսամերկ։ Եվ ի՞նչ.
Մնացին երկնքի տակ բաց,
Ցուրտը հետևից, քաղցն առջևից—
Ոչ օգնություն, ոչ բան։
«Ռուսահայ եղբայրնե՜րը»... հա՜–հա՜...
Ընդունեցին— թուրքից էլ վատ, այո՛.
«Ռուսահայ եղբայրնե՜րը»... «Հայրենի՜ք». «Հայ»,
Կուշտ, ականջները դինջ, ապահով։
Բայց ինչո՞ւ ընդունեցին այդքան վա՛տ, վա՛տ,
Օտարի, թշնամու, գրողի պես.
Դե, հայեր են լիրբ, մուխաննաթ[4],—
Մտածում Էր Շավարշը— հայեր են գեշ,

Այլասերված հայեր, ռսացած.— ոչ
Կռվի երես տեսած, ոչ կռվի ահ.
Եվ դա չէ՞ր պատճառը, որ
Ոչխարների նման սարսափահար,
Նրանք փախան ֆրոնտից, տվին Էրզրումը,
Հետո Ղարսն, Ալեքպոլը... վա՛յ ձեզ, հայեր...
Շավարշի գլուխը մտքերից եռում էր.
Շավարշը դառը ծիծաղեց.
Խմեց, ու հոսեցին կրկին մտքերը—
Իրարից ավելի պղտոր ու ծանր,—
Իսկ Ղաչաղը երգում էր, դեռ երգում էր,
Հոսում էր դառնությունը համր...
Եվ հանկարծ Շավարշը— այնքա՜ն պարզ—
Կարծես դեմը լիներ, կարծես կենդանի—
Հիշեց.— առավոտը բացվում էր, թարմ,—
Շրջապատել էին թուրքական Թալինը։
Երեք օր էր արդեն— կռվում էին.
Շրջապատել էին գյուղը, չորս կողմից խիտ.
Մարմանդ լուսաբաց էր, երբ
Գյուղը զարթնեց հանկարծ թանձր ծխից,—
Շավարշի տղերքը գիշերը
Վառել էին գյուղը մի ծերից— ու հիմա
Չորս կողմից խուժեցին նրանք ներս՝
Փռելով իրենց շուրջը ահ, մա՛հ, մա՛հ։
Աղմուկ, ճիչ, լաց, սմբակների շռինդ.
Ինքը, նստած սև ձին, ձեռին մաուզեր,
Փափախը թեք դրած, մի ձեռով պինդ
Գրկած ձիու բաշը՝ արշավում էր...
Եվ հանկարծ... ծառս եղավ Շավարշի ձին. ի՞նչ,
Ի՜նչ զարմանալի հրաշք, Շավա՛րշ...
Դիմացից դուրս թռավ մի հրեշտակ, չէ՛, կի՛ն.
Ձին սանձեց Շավարշը— ու մնաց։
Ջաննաթի[5] փերի էր, կին չէ՛ր, չէ՛.
Չէր տեսել Շավարշը այդպիսի կին.
Սարսափած աչքերով կինը նայեց շուրջը—

Աչքերը սև էին, սև ու ջինջ։
Սև մազերը թափված ուսերին, կուրծքը բաց,
Ալաբաստրե, ճերմակ ձյուների նման
Շողշողում էր կուրծքը, ինչպես լուսաբացին
Ալագյազը, երբ ցնդում է դումանը։
Շավարշը սանձել էր ձին, քարացել.
Ազդեցիկ էր տեսքը՝ հագի
Կաշվե սև զգեստը, ձին տակի,
Որ սարսափահար ծառացել՝
Խփում էր մի ոտքը հողին, վրնջում էր,
Աչքերից թափում էր բոց, շանթ, ադամանդ, ծուխ,—
Շավարշը լսում էր իր ձիու վրնջյունը
Եվ ուռչում էր կուրծքը, ուռչո՛ւմ, ուռչո՛ւմ, ուռչո՛ւմ...
Տեսարանը շքեղ էր. ինքը— զարհուրելի,
Ծառացած կնոջ առջև, ինչպես սուրբ Գևորգ.
Ու կնոջ աչքերը՝ սարսափով լի,
Աչքերը, որպես գիշեր։ Ու թվում էր— ցնորք է:
Մի վայրկյան էր միայն, որ տևեց
Երկար, ինչպես դարը։— Շավարշը մի պահ միայն
Ուզում էր բաց թողնել ձին հետևից,
Վախենալով, որ կինը կանէանա,
Կտեսլանա հանկարծ, կցնդի,
Կդառնա գարնանային մշուշ, ամպ, ցող—
Ու կմնա լոկ ինքը ու ձին՝
Գյուղամիջին ահից խրխնջացող.—
Բայց պատահեց հանկարծ զարմանալի.
Զարմանալի մի բան.— Կինը, հևիհև,
Ինչպես ճերմակ փրփուր, ճերմակ ալիք—
Փլվեց, փռվեց Շավարշի նժույգի առջևը.—
«Կուրբան[6]»,— կանչեց կինը.— կուրբան սյանի.
Սյան մյանըմ իգիթըմ, սյա՛ն մյանի ալ.
Մյան սյավարըմ սյանի, իգիթ էրմյանի»[7]
Ձայնը՝ աղբրի՛ նման, աղբրի՛ նման զուլալ...
Ի՞նչ էր, ի՞նչ էր, ի՞նչ էր. ցնո՞րք էր, զառանցա՞նք, տե՞նդ.

(Քրտինքի մեջ կորած ձին
Լիզում էր թաց ընդերքը
Եվ հազիվ էր դիմանում սանձին) —
Երբ դիմացից հանկարծ, դիմացի խրճիթից
Դուրս թռավ մի զինվոր՝ ձեռքին դաշույն,—
Հետո հիշում է Շավարշը մի զարհուրելի ճիչ,
Հետո մշո՛ւշ, մշո՛ւշ, մշո՛ւշ...
— Չե՛մ տա,— գոռաց զինվորը,—չեմ տա. Շավարշ, իմն է—
Իմ ձեռքերից փախավ շան քածը...
Վրա պրծավ մռայլ,— ու շողշողաց դաշույնը,
Ու Շավարշին թվաց, թե հարբած է։—
Ու հիշում է Շավարշը— կինը՝ վերքը կողքին՝
Թավալվում է իր կարմիր արյան մեջ— և—
Իր մաուզերի շո՛ղքը, իր մաուզերի շո՛ղքը,
Ու զինվորի դիակը— իր ձիու սմբակների առջև...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Այն ի՞նչ Էր, ի՞նչ Էր, ի՞նչ Էր. ցնո՞րք Էր, զառանցա՞նք, տե՞նդ.
Խենթի պես, նրանց դիակների վրայով, քշեց իր ձին,
Այրեց, ջարդեց, թափեց, քանդեց, քանդեց,
Գյուղը դաշտ դարձրեց կարմիր հնձի։
Կոտորեց, չհարցրեց ծեր, կին, աղջիկ, մանուկ,—
Մինչև ուշ գիշեր, մինչև ուշ գիշեր ասպատակեց.
Հետո լուսինը կարծես արյան մեջ էր լողանում,
Իսկ գյուղը դիակ էր կարծես՝ կապված իր ձիու ասպանդակից։
Ուղեղում մշուշ էր— կարմիր, ալ, արյունարբու,
Ուղեղում թուրք կնոջ մարմինը վառվում էր, որպես վերք.
Հետո հարբեց Շավարշը, գայլը արյունով է հարբում,
Իսկ Շավարշը— մի գայլ էր, որ կորցրել էր մի էգ—
Մի սպիտակ, մի մաքուր, մի հրաշալի...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Շավարշը
Բռունցքը խփեց սեղանին, խմեց. և երբ
Սրբեց բեղերը բռունցքով— հիշեց իր ձիու բաշը,
Իսկ Ղաչաղը երգում էր դեռ։

II

Արդեն փողոցում ցրվում էր խավարը,
Մոտենում էր առավոտը, պղտոր բացվում,—
Իսկ խմբապետ Շավարշը
Դեռ խմում էր, խմում էր ու մուժով լցվում։
Տղերքն հարբել էին։— Թաթիկը՝
Սիրեկանի նման գրկած Հարոյին՝
Համբուրում էր նրան հարյուրապատիկ—
Իսկ Եգորը հայհոյում էր Դրոյին։
Շավարշը մտածում էր։— Մտքերի թելը,
Որ այնպես տարածվել էր Ղաչաղի երգից՝
Թողնելով հիշողության, անցյալի ելը՝
Դրոյի շուրջը ոլորվեց կրկին։
Արդեն բացվում էր առավոտը.— արդեն
Բաց-կարմիր թանաքի նման Երևանի վրա
Թափվում էր հորանջող ու մգլած այգը—
Եվ Եգորի հայհոյանքն էր ողջունում նրան,
Միայն այդ հայհոյանքը։— Քաղաքում դեռ
Մարդիկ քնած էին ծանր, տագնապալի քնով,
Եվ բացվող առավոտը անտանելի մի բեռ էր,
Որ իջնում էր կրկին իր անմխիթար հունով.—
Քաղաքը դեռ քնած էր լուռ, համր, ծանր,
Ներքևը միայն, հյուրանոցի առջևը, փողոցում
Կանացի՞, մանկակա՞ն, թե՞ պառավային մի ձայն
Վնգստալով օդն էր սղոցում.—
Շավարշը մտածում էր. հարկավոր էր իսկույն որոշել՝
Հարկավոր էր գնալ, կամ չգնալ, մնում էր
Մի-երկու ժամ միայն։— Եվ նա որոշեց.—
Նա կգնա, բայց մենակ, խումբը՝
Կազմ, պատրաստ՝ կսպասի քաղաքից դուրս,
Փարաքարի մոտի այգիներում. հետո—
Հետո հայտնի կանի։— Զինվորներից լոկ չորսը
Կգնան իր հետ առավոտուն.—
Եգորը, Ղաչաղը, Թաթիկը, Հարոն.—
Հենց սրանք— բավական են. կարո՞ղ է՝
Թող հարձակվի Դրոն.—
Բայց ո՞վ է... նրա ձեռքը... պահողը...
Կարող է բանտարկի։ Կարող է հանկարծ
Սպանի տղերքից սրան, կամ նրան։
Ոլորեց Շավարշը իր պղտոր հայացքը—

Հիշեց արյունոտ այն տեսարանը.—
Միլիցիատան բակում, ավազին
Իրար կողքի ընկած— երկու դիակ.
Իգդիրցի Թևիկը և Աղասին՝
Լուռ, արնաշաղախ. միայն
Ծոծրակների վրա— փոքրիկ վերքեր,
Խփված էր կռնակից... Այդպե՛ս։—
Դեպի մաուզերը տարավ Շավարշը իր ձեռքը.
Արյունը գլուխը խփեց—
Հարբեց...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Դա ո՛չ թե քամին է փողոցում շաչում,
Եվ ոչ էլ թրթիռը հրդեհում խավարը,—
Իր խմբի տղերանց հետ դա հյուրանոցում
Խմում, աղմկում է խմբապետ Շավարշը։
Այդ նա էր, որ տարավ ձեռքը մաուզերին,
Հանեց, քաշեց.— և վաղ առավոտվա մեջ
Չարագուշակ, դաժան երգեց մաուզերը
Արյան, մուժի, մահի, ասպատակի երգ...
Հետո ձայնակցեցին նրան մյուսները՝
Եգորը, Թաթիկը, Ղաչաղ Սաքոն,—
Իսկ քաղաքը, սմքած, դեռ քնել էր
Ու զառանցում էր մաուզերի կրակոց։—
Ինչպես տիֆով հիվանդի զառանցանքում հրե,
Նախճիրի[8] պես բացվող առավոտվա ֆոնին
Գծելով տագնապի հնչնագրեր—
Երգում էր մաուզերի սիմֆոնին։
Կրակում էին տղերքը— բաց պատուհանից.
Իրար կողքի կանգնած, հայացքները դեպի լուսաբացը.
Համազարկը թռչում էր տանիքից— տանիք,
Առավոտվա միջով, որ նրանց պես հարբած էր։
Պղտոր առավոտվա միջով, առավոտվա մեգին,
Քաղաքի վրայով, որ զառանցում էր,—
Սավառնում էր խմբապետ Շավարշի հոգին,
Հարբած, մռայլ, դաժան, ինչպես ձյունը,
Որ բուք դարձած՝ խեղդում է, տրորում,
Դարձնում աշխարհը, կյանքը, ամեն ինչ— տենդ.
Կրակում էր խումբը ու նայում հեռուն՝ աչքերում
Արյան, մեգի, մահի, տագնապի նախճիրներ...
Շուռ եկավ հետո Շավարշը. մաուզերը ձեռին—
— Գնա՛նք,— գոռաց տղերքին,— ու պրծավ դուրս.
Խռպոտ՝ հորդեց կոկորդից քրքիջը,
Հետո— հայհոյանքը. հետո—
— Եգոր,— կանչեց,— լսո՞ւմ ես. մեզ Դրոն ուզել է,
Ուզում է ուղարկի երկինք՝ եղբայրներիդ քով...
Ու կրկին շառաչեց Շավարշի մաուզերը—
Ասպատակի, մահի, արյան երգով։
Ահռելի էր Շավարշը, ձեռին մաուզեր՝
Օրորվելով, գնում էր մեգի միջից.
Հետևից — իր տղերքը, բոլորի ձեռքին— զենք,
Բոլորն էլ— իր նման հարբած։— Առաջից
Քայլում էր, որպես սպառնալիք, ինքը. կողքեկողք
Ընկնելով— գնում էր. այրում էր սիրտը տապը.
Հետո բռնեց նրան մի խեղդող դող.
Գլուխը շուռ եկավ, սիրտը թափեց—
Հենց այնտեղ, փողոցի մայթերին։— Տղերքը
Բռնել էին նրան։— Փողոցում,
Ուր դադարել էր արդեն մաուզերների երգը—
Մի ծանր խռպոց էր միայն օդը սղոցում։—
Մեկը, մոտիկ ընկած, մեռնում էր երևի.
Կի՞ն էր, տղամա՞րդ էր, երեխա՞,— անհայտ էր.
Ո՞ւմ ինչ, թե նաիրյան ծագող արևին
Խռպոցով էր դիմավորում այդ մարդը։—
Հանգստացավ Շավարշը։— Եվ երբ,
Բեղերը սրբելով, անցավ առաջ— երկու
Զառանցանքի նման երեխաներ,
Աչքերով ամեհի, ահարկու—
Ինչպես շները սովամահ, դաշտում դեգերող,
Հղի կանանց նման փորներն ուռած,
Մագիլների նման ձեռքերով
Հարձակվեցին Շավարշի փսխածի վրա —

Եվ սկսեցին լափել ագահաբար՝ ընկած
Երեսնիվայր մայթին, ինչպես շներ,—
Ու նրանց աչքերում պսպղում էր քաղցը՝
Անասնական, անեզրական, անեզր...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Գնում էր փողոցով խմբապետ Շավարշը,
Հետևից— տղերքը, իր նման հարբած։
Արդեն արթնանում էր զառանցող քաղաքը,
Արդեն առավոտ էր դառնում լուսաբացը։
Տներից ելնելով հետզհետե՝ մարդիկ
Անխոս գնում էին՝ դեմքերին հոգս։—
Անցնում էր Շավարշը, իր խմբով, մայթից,
Տարածում էր շուրջը զարհուրանք, դող։
Եվ հանկարծ— կրկին նա քաշեց մաուզերը,
Առաջին հանդիպած մարդուն հրամայեց.
— Դեպի պա՛տը ռեխդ, դե շո՜ւռ տուր երեսդ,
Տեսնո՞ւմ էս՝ անցնում եմ մայթից— ահա ե՛ս։—
— Շավա՛րշն է անցնողը։— Տղերքը զվարթ
Հռհռացին բարձր, հայհոյեց Հարոն,—
Ու շուռ եկավ մարդը, նայեց դեպի պատը,
Եվ անցավ Շավարշը՝ հայացքը արյուն։
Եվ հետո— ինչքան նա հանդիպեց մարդու՝
Բոլորին հրամայեց նայել պատին.
Բոլորի դեմքերին նա վախ էր կարդում
Եվ դա համարում էր— բարձր պատիվ,
Եվ այդ պատճառով էլ— չափազանց հպարտ էր:
Մի ամբողջ փողոց նա այդպես անցավ,
Մինչև հանդիպեց մի մարդու,
Որ երեսը շրջել չկամեցավ...
— Երե՛սդ,— գոռաց Շավարշը,— դեպի պատը,
Թե չէ՝ ռեխ-մռեխդ հիմի կջարդեմ...—
Բայց այդ զարմանալի մարդը
Մաուզերը քաշեց— ու կանգնեց նրա դեմ։
Շավարշը շվարեց, երա՞զ էր, տե՞նդ,—
Ուզեց մաուզերի բլթակը քաշի,
Երբ հանկարծ հետևից մի ծանր ձեռք

Բռունցքով խփեց Շավարշին։
Շավարշը օրորվեց, ընկավ մայթին.
Փողոցը երերաց աչքերում, մթնեց.
Ու թվաց Շավարշին, թե այդ մարդը
Քաշեց իր ուղեղում երկաթե պատնեշ...
Չլսեց էլ Շավարշը իր խմբի տղերանց
Մաուզերների ձայնը և չզգաց անգամ,
Թե ինչպես Եգորը հանկարծ
Քարի պես ծանրածանր — իր վրա ընկավ։
Չտեսավ Շավարշը և այն, թե հետո
Իր խմբի մնացորդը ոնց նահանջեց.
Լոկ թվում էր նրան, թե մեկը երկաթով
Այրում է իր ականջը։
Եվ տանը միայն, երբ աչքերը բացեց,
Ուշքի եկավ մի քիչ — հասկացավ, որ այդ մարդը,
Որին հանդիպել էր — եղել է իր մեծ
Խաչեղբայր — խմբապետ Սմբատը։
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

1928


  1. հարամզադե — ապօրինի ծնունդ, խարդախ, նենգավոր սրիկա:
  2. կամեր (կամերա) — սենյակ, խուց, բանտախուց, մենախուց:
  3. աշիրաթ, աշիրեթ — արաբ. քրդական ցեղ, որ ենթարկվում է մի ցեղապետի, այստեղ` ազգ, ցեղ, ժողովուրդ:
  4. մուխաննաթ — նենգ, նենգություն:
  5. ջաննաթ, ջեննեթ — մահմեդական կրոնում` դրախտ:
  6. կուրբան — թրք. մադատ:
  7. Դո՛ւ իմ իգիթն ես, դո՛ւ ինձ առ.

    Ես սիրում եմ քեզ, իգիթ հայ։
  8. նախճիր — կոտորած, արյունահեղություն: