III

Կառքը կանգնեց քաղաքի լայն փողոցներից մեկի վրա գտնվող երկհարկանի նորաշեն տան առջև։ Դյուրաշարժ Պետր Ստեփանիչն արագապես ցած թռավ կառքից և օգնեց ցած իջնելու Կատերինա Կարլովնային ու նրա մորը։ Նա, առաջնորդելով տարավ նրանց ներս և ցույց տվեց բակի ներսի շինության ներքին հարկում մի բնակարան, որ բաղկացած էր երեք սենյակներից։

— Այ, այս եմ պատրաստել տվել ձեզ համար։ Բավակա՞ն է ձեզ, Մարիա Իվանովնա, երեք սենյակ, թե՞ չէ, — հարցրեց Պետր Ստեփանիչը պառավից, միևնույն ժամանակ նայելով աղջկա երեսին։

— Ցավդ առնեմ, ինչ կանենք այդքանը, չորս հոգուս համար երկուսն էլ բավական էր, — պատասխանեց Մարիա Իվանովնան, թեև հոգով շատ ուրախ կլիներ, եթե բնակարանն ավելի ընդարձակ լիներ։

— Կարլ Մարկիչը գիշերները գործարանումն է լինում։ Արտեմ Կարլիչին էլ նշանակել եմ կառավարիչ Բալախանի, ուրեմն քաղաքում մնալու եք դուք և Կատերինա Կարլովնան և ոչ թե չորս հոգի։ Բայց վնաս չունի, թող ձեր տեղը լայն լինի, ես խոմ վարձով չեմ տալիս։ Տունն իմն է, ինչպես ուզում եմ, այնպես էլ անում եմ։

— Ցավդ առնեմ, շատ ապրես, բայց, Պետր Ստեփանիչ, Արտեմիս համար քաղաքում որ տեղ տաք — լավ կլինի։ Առանց նրան սիրտս կնեղանա։

— Հեշտ բան է, թող մի քիչ այնտեղի գործերի հետ ծանոթանա, հետո նրան քաղաքում մի լավ պաշտոն կտամ։

— Չէ, մամա, Բալախանին լավ է, ասում են այնտեղ զարմանալի բաներ կան, — մեջ մտավ Արտեմ Կարլիչը։

— Իհարկե, ինչ որ կա այնտեղ է, օդն էլ ավելի առողջարար է, քան թե այստեղ, քաղաքում, ուր փոշու և ծխի մեջ խեղդվում ենք։

— Ինչպես ձեր քեֆն է, այնպես արեք, մենք էլ ձերն ենք, Պետր Ստեփանիչ, — ասաց Մարիա Իվանովնան և սկսեց դիտել բնակարանը։

Քառորդ ժամ նորեկները Պետր Ստեփանիչի հետ միասին պտտեցին սենյակները, հետո խոհանոցը, ուշադրությամբ զննելով ամեն մի անկյուն։

— Այ, մամա, այս իմ սենյակը կլինի, — ասաց օրիորդը, — կանգնելով սենյակներից մեկում։ Ես այս պատուհանի տակ կդնեմ իմ դաշնամուրը։ Իսկ դու և պապան մյուս սենյակում կապրեք, այն կողմինն էլ Արտեմի համար կսարքենք։

Բոլոր ժամանակ Պետր Ստեփանիչն յուր հայացքը չէր հեռացնում Կատերինա Կարլովնայից։ Նա հափշտակված էր օրիորդի իրանի նուրբ կազմվածքով, պարզ և հրապուրիչ դեմքով, փայլուն աչքերով, նազելի շարժվածքով։ Ամեն անգամ օրիորդը խոսելիս, նա աչքերը հառում էր նրա երեսին և ագահությամբ նայում։ Այդ ժամանակ նրա ամբողջ մարմնով, կարծես, անցնում էր էլեկտրական ցնցում, և նրա փոքրիկ կապկային աչքերի մեջ փայլում էր անասնական կիրքն յուր բոլոր ուժով։ Նա անդադար աչքերը կուչ բերելով, քաղցրությամբ ժպտում էր օրիորդի երեսին, և այդ ժամանակ նրա դեմքը մի ինչ-որ անախորժ, ինչ-որ զզվելի, վավաշոտ, արտահայտություն էր ստանում։ Օրիորդը, կարծես, այդ չէր նկատում և անտարբերությամբ խոսում էր նրա հետ։ Սակայն երբ մի անգամ Պետր Ստեփանիչը շարունակ նայեց նրա երեսին և բոլորովին անտեղի և անժամանակ ժպտաց, գլուխը թեքեց դեպի կուրծքը, և նրա դեմքը թեթև կարմրեց։ Մարիա Իվանովնան դիմեց յուր որդուն․

— Վազի՛ր Արտեմ, շուտուվ ապրանքը հավաքիր շոգենավից ու բեր։

— Իսկ դուք, Կատերինա Կարլովնայի հետ գնանք ինձ մոտ ճաշելու, — մեջ մտավ Պետր Ստեփանիչը։

Մարիա Իվանովնան համաձայնվեց, և Դոլմազովը, յուր տան հասցեն տալով Արտեմ Կարլիչին և նրանց հետ միասին կառք նստելով, շտապեց տուն։

Իրիկնադեմ էր, երբ նորեկները ճաշելուց հետո կրկին վերադարձան իրանց բնակարանը։ Արտեմ Կարլիչը բոլոր իրեղենները արդեն բերել էր։ Նրանք սկսեցին կարգի բերել իրանց բնակարանը։ Մարիա Իվանովնան յուր որդու հետ պատրաստում էր վերջին սենյակը, իսկ Կաւտերինա Կարլովնան նույնպես պատրաստում էր յուր սենյակը Պետր Ստեփանիչի օգնությամբ։ Չնայելով օրիորդի թախանձանքին, որ նա նեղություն չքաշի աշխատելու ու գնա հանգստանալու, հոգատար Պետր Ստեփանիչը քայլ անգամ չէր ուզում հեռանալ օրիորդից և ոտքի-ձեռքի ընկած մեծ պատրաստակամությամբ օգնոււմ էր նրան։ Հետզհետե Կատերինա Կարլովնան սկսեց ձանձրանալ նրա օգնությունից։ Պետր Ստեփանիչն այնքան չէր օգնում, որքան յուր ծանր ու խոր հայացքներով և անտեղի քաղցրախոսությունով ձանձրացնում էր օրիորդին։

Կատերինան այդ հայացքներն ընդունում էր իբրև սովորական քաղաքավարության արտահայտություն երիտասարդի կողմից դեպի մի օրիորդ, բայց երբ Պետր Ստեփանիչը սկսեց անցնել սովորական չափավորության սահմանը, այն րոպեից օրիորդի սրտում ծագեց ինչ-որ կասկած։ Պետր Ստեփանիչի ներկայությունը սկսեց նրան ճնշել, և նա աշխատում էր խույս տալ նրա հայացքներից։

Պատահեց մի դեպք։ Կատերինա Կարլովնան յուր հագուստեղենները տեղավորում էր պահարանի մեջ։ Նրա մայրն ու եղբայրը մյուս սենյակումն էին։ Պետր Ստեփանիչն անշարժ կանգնած, նայում էր օրիորդին։ Երբ Կատերինան, վերջացնելով գործը, կամենում էր կողպել պահարանը, բանալին մի քանի անգամ շուռ տվեց ու չկարողացավ կողպել։ Պետր Ստեփանիչի սուր հայացքն իսկույն այդ նկատեց։ Նա շտապով մոտեցավ օրիորդին։

— Թույլ տվեք, որ ես կողպեմ, Կատերինա Կարլովնա, դուք ուժ չունեք, ափսոս է, ձեր քնքուշ ու գեղեցիկ մատները կցավեն։

— Ոչ, խնդրեմ նեղություն մի՛ քաշեք, այդ պահարանը բացի ինձանից ոչ ոք չի կարողանում կողպել և բանալ։

— Ես կարող եմ, այ, տեսնո՞ւմ եք, ձեր ձեռները ինչպես կարմրեցին։

Այս ասելով, Պետր Ստեփանիչը ձախ ձեռով սիրալիր հեռացրեց օրիորդի ձեռը բանալիից, իսկ աջով սկսեց պտտեցնել բանալին, միևնույն ժամանակ մյուս ձեռում սեղմած պահելով օրիորդի աջը։ Օրիորդն աշխատեց զգուշությամբ ազատել յուր ձեռը, բայց չհաջողվեց։ Պետր Ստեփանիչը նրան շատ ամուր էր սեղմել։ Օրիորդը չգիտեր ինչ աներ։ Նա մի անգամ ևս փորձեց դուրս բերել ձեռը նրա ձեռից, բայց, չկարողանալով, սկսեց դողալ։ Պետր Ստեփանիչի մեջ եռաց բուռն կիրքը։ Նա, շարունակելով բանալին ոլորել կողպեքի մեջ, յուր շրթունքները զգուշությամբ մոտեցրեց օրիորդի երեսին և կամենում էր․․․ Բայց զսպեց իրան։

Այդ վայրկյանին ներս մտավ Մարիա Իվանովնան։ Փոքր անցած՝ գնդակի նման ներս գլորվեց մի լղար, կարճահասակ մարդ ճերմակ մազերով։

— Պա՛պա, պա՛պա, — գոչեց Կատերինա Կարլովնան և, առաջ վազելով, ընկավ ծերունու գիրկը։