IV

Ներս վազողը Կարլ Մարկիչ Պոպովն էր, Կատերինայի հայրը։ Մի քանի րոպե հայր ու աղջիկ իրարու գրկած համբուրվում էին։ Վերջապես, Կարլ Մարկիչն ազատեց աղջկան յուր գրկից և նույն կարոտությամբ ընկավ որդու, Արտեմ Կարլիչի գիրկն ու մի քանի համբույրներ դրոշմեց նրա ճակատին։ Հետո բարևեց ամուսնուն, մի անգամ միայն, համբուրելով նրա բերանի անկյունը։ Պետր Ստեփանիչն ինչևիցե օտար էր, համեստությունը Կարլ Մարկիչին ստիպեց չափավորել յուր ամուսնական զգացմունքները։

— Ես պարտավոր եմ հազար անգամ շնորհակալություն հայտնել ձեզ սեմեյստվոյիս խաթրու, — դարձավ Կարլ Մարկիչը Պետր Ստեփանիչին, որը մի կողմ քաշված նայում էր այդ ընտանեկան տեսարանին։

Կարլ Մարկիչը քիչ մոտեցավ նրան, ձեռները քարշ ձգեց կողքերին, ոտները կպցրեց իրարու և, մեջքից երկու ծալ թեքվելով, երիտասարդական աշխուժությամբ մի քանի անգամ գլուխ տվեց նրան։

— Չարժե, չարժե, — արտասանեց անտարբերությամբ Պետր Ստեփանիչն, յուր հայացքը չհեռացնելով Կատերինա Կարլովնայից, որն այդ ժամանակ ինչ-որ բանի մասին խոսում էր յուր եղբոր հետ։

— Մարիա, Կատյա, Արտեմ մոտեցեք, շնորհակալություն արեք Պետր Ստեփանիչին, էնդուր որ նա է րասպորյաժենիյե արել ձեզ Բաքու բերելու։

Կարլ Մարկիչի ընտանիքը սեղմեց Պետր Ստեփանիչի ձեռը։ Դա առաջին շնորհակալությունն էր, որ ստացավ բարեսիրտ խնամատարն երախտագետ ընտանիքից։

— Տեսնում ես, Մարիա, ինչ աղավարի քվարթիրա է, — շարունակեց Կարլ Մարկիչը, պտույտ գալով Պետր Ստեփանիչի առջև։ Ես Պետր Ստեփանիչից շատ շնորհակալ եմ, շա՛տ․ իմ պարտքս է ստարայտցա իլիլ նրան չեսնո, բլագորոդնո ծառայելու, էնդուր որ նրա պես խոզյային ես գրանիցայումն էլ չեմ կարող գտնել։

Կարլ Մարկիչը խոսելու ժամանակ ձեռներով, գլխով և ուսերով այնպիսի շարժումներ էր անում, որ, կարծես քսանուհինգ տարեկան երիտասարդ լիներ, այնինչ մոտ վաթսուն տարեկան էր։

Պետր Ստեփանիչն ուշադրություն չէր դարձնում յուր կառավարչի շատախոսություն վրա։ Նա խորասուզված էր ինչ-որ մտածողության մեջ։ Սակայն այդ երկար չտևեց․ հանկարծ նա դիմեց Մարկիչին լուրջ ձայնով․

— Գործարանն այսօր բանե՞լ է։

— Ի՛նչպես չէ, ի՛նչպես չէ, աղա ջան։

— Ո՞վ կա այնտեղ այժմ։

— Ամենքն այնտեղ են։ Ես, աղա ջան, զավոդը պորուչիյտ արի գլավնի պրիկաշչիկին մինչև էգուց առավոտը։

— Հը՛մ, — արտասանեց միայն Պետր Ստեփանիչը, կրկին մտածողության մեջ ընկնելով և բեղերը կրծոտելով։

Կարլ Մարկիչը քիչ շփոթվեց։

— Բեզպոկոյիտցա մի՛ լինեք, աղա ջան, ամեն ինչ պորյադկայով կգնա։

— Առավոտը շուտով գնացեք, որ գործարանը չդադարի, եթե ոչ, գիտեք, որ մի օրվա դադարելն ինձ կզրկի հազար մանեթ աշխատանքից, — ասաց Պետր Ստեփանիչը քիչ հրամայական եղանակով, աշխատելով յուր դեմքի հպարտությունը պահել։

Պետք է ասած, որ Պետր Ստեփանիչը մի քիչ սուտ ասաց։ Գործարանն առանց Կարլ Մարկիչի ևս կարող էր վաղը գործել և եթե դադարեր էլ, մի օրվա վնասը երբեք հազար մանեթ չէր կարող լինել։ Բայց նա այդ ասաց առաջինը նրա համար, որ Կարլ Մարկիչի վրա ունեցած յուր իշխանությունը ցույց տա նրա ընտանիքին և երկրորդ, մի օրվա վնասը քսան անգամ ավելի ցույց տալով, լուր հարստությունով մի փոքր փոշի փչի այդ ընտանիքի աչքերին։ Այս պարզ էր, ըստ որում, յուր հրամանը կրկնելուց հետո, նա մի առանձին ինքնաբավականությամբ նայեց բոլորին հերթով, որ տեսնի, ինչ ազդեցություն արին յուր խոսքերը լսողների վրա, իսկ նամանավանդ Կատերինա Կարլովնայի վրա։ Եվ հիրավի նա մասամբ չսխալվեց։

Լսելով նրա խոսքերը, Մարիա Իվանովնան այնպես զարմացավ, որ աչքերը ճլզեց և բերանը բաց մնաց։ «Օրական հազար մանեթ փող է աշխատում, երանի նրան, որ սրա նման փեսա կունենա», — անցավ իսկույն նրա մտքով, և գլուխը թեքեց կրծքին, ձեռները խաչաձև ծալեց ծոցում և սկսեց ագահությամբ նայել Պետր Ստեփանիչին։ Պակաս չզարմացավ և Արտեմ Կարլիչը։ «Օրական հազար մանեթով կարելի է թագավորի պես ապրել արտասահմանում, այն էլ Փարիզի մեջտեղում, ախմախն ինչո՞ւ է այստեղ քամու ու փոշու մեջ խեղդվում», — այսպես մտածեց նա և սկսեց նույնպես նայել Պետր Ստեփանիչի երեսին։

Միայն Կատերինա Կարլովնան էր, որի վրա կարծես ոչինչ ազդեցություն չարին Պետր Ստեփանիչի փքուն խոսքերը։ Նա երեսը շուռ տվեց և անցավ մյուս սենյակը։

— Առավոտը, խորոզը կանչելիս, ես զավոդում կլինեմ, աղա ջան, ես չեմ թողնիլ, որ ձեզ ուբիտկա լինի, — միամտացրեց Կարլ Մարկիչը Պետր Ստեփանիչին։

Կատերինա Կարլովնան մյուս սենյակ անցնելուց հետո Պետր Ստեփանիչի դեմքն ավելի փոխվեց։ Սովորական ուրախ ու կեղծ ժպիտը նրա դեմքից անհետացավ։ Նա կնճռեց ճակատն և առանց այն ևս քացախած երեսն ավելի թթվեցրեց։

— Նստեցե՛ք, պոժոլստա, Պետր Ստեփանիչ այսօր շատ եք նեղացել, — առաջարկեց Կարլ Մարկիչը, վերին աստիճանի խոնարհությամբ և երկյուղով մոտեցնելով աթոռներից մեկն և ոտները սենյակի հատակին քսքսելով։

— Ո՛չ, ես գնում եմ, դուք կարգի դրեցեք բնակարանը, ես վաղը դարձյալ կգամ։ Թո՛ղ Արտեմն առավոտն ինձ մոտ գա, որ ճանապարհեմ Բալախանի․ իսկ դուք, Կարլ Մարկիչ, շուտ կզարթնեք և կգնաք գործարան։

— Նեպրեմեննո, նեպրեմեննո, ի՛նչ ասել կուզի, աղա ջան, բաս չայ անուշ չե՞ք անում։ Կատյա, Պետր Ստեփանիչի համար չայ զավարիտ արա բեր։

— Շնորհակալ եմ, ես գործ ունիմ, գնում եմ, մնաք բարով։

Պետր Ստեփանիչը ձեռ տվեց միայն Մարիա Իվանովնային, իսկ Կարլ Մարկիչին և նրա որդուն միայն թեթև գլուխ տվեց։

— Ցտեսություն, Կատերինա Կարլովնա, — ասաց նա, մոտենալով մյուս սենյակի դռներին և այնտեղից ձեռն ուղղելով օրիորդին։

— Գնաք բարով, — սառնությամբ պատասխանեց վերջինն, յուր մատների ծայրերը տալով նրան։