Սերը — ահա՛ նրա միակ մեղքը։

ՕՎԻԴԻՈՍ ՆԱԶՈՆ

Շա՜տ էր լեցուն հոգվույս, ո՛վ Տեր,
բազմազեղումն այս շրջասփյուռ...

ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ

Ես մարդ եմ, պոետ ու քաղաքացի,
Ապրում եմ ահա լենինյան դարում,
Գրում եմ երգեր, գնում եմ գործի,—
Ապրում եմ այնպես, ինչպես աշխարհում
Ապրել է մարդը բազմաթիվ դարեր.
Իմ երակներում արյունն է եռում
Եվ սիրում եմ ես «աշխարհ ու արև»։—
Իմ սրտում ունեմ ես անթիվ սերեր.
Ու ցանկություններ, ու խոհեր բազում.—
Ես ինձ հետ այսօր աշխարք եմ բերել
Հազա՛ր մտորում, հազար զգացում։—

Եվ այնպես, ինչպես բոլո՛ր դարերում
Կապված է եղել մարդը իր դարին,—
Ես իմ մեջ այսօր տենչերն եմ կրում
Մեր ժամանակի անդուլ պայքարի։
Եվ ինչպես ճորտը շվայտ Հռոմում
Պատրիկների հետ չի՛ նստել ճաշի—
Այնպես ես այսօր, լենինյան դարում,
Չե՛մ կարող լինել բռնակալ դասի՝
Պատրիկների հետ... Հազա՛ր թելերով
Կապված եմ ես այս հսկա պայքարին—
Եվ մաքառումի այս ճանապարհին
Ես ամե՛ն տանջանք տարել եմ սիրով։

Ես դարիս ահեղ փորձության պահուն
Ո՛չ միայն հատու երգեր եմ կռել,
Այլ մարտ եմ մղել կյանքի ու մահու,
Որպես մի զինվոր։— Պատրաստ եմ կրել
Ես կրկի՛ն սվին, երբ օրերը գան.
Հազար թելերով քաշում է ներկան
Ինձ հորձանուտը իր լուռ պայքարի.—
Իմ բոլո՛ր, բոլո՛ր նյարդերով, որ կան,
Ես կապված եմ իմ վիթխարի դարին։—

Բայց չե՛մ մոռանում ես երբե՛ք, երբե՛ք,
Որ տրված է ինձ մարդկային մի սիրտ,
Տրված են սերեր, կարոտներ, կրքեր,
Եվ կա աշխարհում... մի «հիմար լուսին»։—
Վարդե՜ր կան կյանքում, կրքե՜ր կան անանց,
Կան գրքե՜ր, գրքե՜ր հազարաչքանի,
Մրգե՜ր կան հասուն, մարգե՜ր կան կանաչ—
Եվ ես աշխարհում ապրում եմ քանի,—
Չե՛մ կարող սիրով, սրտով իմ անհագ
Զգացմունքներիս հորձանքով բեղուն
Չսիրել կյանքի լիությունն անհաս,
Ամբողջությունը այս բազմաբեղուն...

Հազար հույզերով հուզում է ներկան
Ու փռում իմ դեմ հուզումների բերք.—
— Ողջո՜ւյն քեզ, կարո՛տ, ու խո՜հ, ու պայքա՛ր,
Ողջո՜ւյն քեզ, կյանքի բազմալեզու ե՛րգ:
Պայծա՜ռ եմ նայում աշխարհին հիմա,
Իմաստություն է իմ սրտին իջել.
Հնձի եմ ելել հնձվորի նման—
Եվ ո՛չ մի ցողուն չե՛մ ուզում զիջել։
Չե՛մ ուզում լինել արճիճ ու երկաթ,
Այլ, սիրտս սրբած վաղվա հավատով՝
Ընդունում եմ ինձ այնպես, ինչպես կամ՝
Իմ ոգու ամբո՛ղջ տենդով ու տապով։

Եվ դո՛ւ, գալիքի երջանի՛կ ընկեր,
Համաշխարհային դու քաղաքացի.
Լսո՞ւմ ես՝ մարտիկ լինելուց բացի
Ես է՛լ քեզ նման մի մարդ եմ եղել։
Ես է՛լ քեզ նման ունեցել եմ բյուր
Կարոտներ, կրքեր ու զգացմունքներ,
Տքնել եմ, հոգնել, պայքարել անքուն,
Թափել խնդության, ցավի արցունքներ,—
Սիրել եմ, սիրվել, ատել ու ներել,
Ընկել եմ հաճախ, բարձրացել էլի՛—
Եվ բազմապիսի երգեր եմ գրել՝
Խոհով, պայքարով ու կրքերով լի՛։—

Եվ երբ հուշ դառնա այսօրվա ներկան,
Ու դարը այս մեծ փոխվի երազի,
Եվ դու, իմ հեռու, գալի՛ք բարեկամ,
Կարդալու լինես իմ կյանքի մասին,—
Իմացի՛ր, որ մեր օրերի խորքում
Ե՛ս էլ եմ եղել կրքերի գերի,—
Հասկացիր սրտիս հույզերը հորդուն
Եվ պայծա՜ռ նայիր անցած պատկերիս...