ԽՈՀ ԱՄԱՆՈՐՅԱ


Այնպես եմ սպասում առաջին ձյունին,
Ժամադրվել եմ ասես նրա հետ,
Ասես աշխարհում
Ամե՜ն-ամե՜ն ինչ
Կախված է նրա գալուց-չգալուց,
Ասես նա պիտի շղարշներով իր
                գա ու պարուրի
Իմ երազները,
Որ ավելի են ջինջ, եթերային,
Քան եթերն՝ ինքը,
Կամ՝ ձյունն առաջին։
Եվ, ի՞նչ թաքցնեմ, ես, իրավն ասած,
Վերջերս շատ եմ
Դարձել անհամբեր,
Կարծես թե այն նույն Վարդանը ես չեմ,
Որ ձիգ ժամերով կանգնում ափերին
Կասպիականի,
Հայացքը բույն էր դարձնում ճայերի,
Մինչեւ որ կգար
Աղջիկը այն խենթ,
Որ հիմա մայրն է իմ բալիկների։
Առաջին ձյունը...
Համբերությունս
Սպասումներում եմ կորցրել երեւի
Եվ ինձնից, արյան ժառանգության պես,
Չհամբերելս է իմ մանկանց անցել։
Նրանք էլ ահա հանգիստ չեն տալիս.
- Ինչո՞ւ է տեսնես ուշանում, հայրի՛կ,
Առաջին ձյունը ինչու՞ չի գալիս,
Որ Ձմեռ պապը մեր տուն այցելի...
Ի՞նչ ասեմ հիմա այդ խենթուկներին,
Որ հիանում են
                 ո՛չ նվերներով,
Այլ Ձմեռ պապի մորուքով ճերմակ,
Ասես թե՝ հյուսված ձյունով սարերի...
Ի՞նչ ասեմ նրանց,
Մեր տունը լիքն է խաղալիքներով,
Բայց սպասում են նրանք անհամբեր
Ձմեռ պապիկի
Բերած նորընծա խոսք ու մաղթանքին...
Բառեր չեմ գտնում,
Այլ միանում եմ իմ բալիկներին,
                Նրանց հետ խաղում,
                Նրանց հետ ճչում
«Հայրի՛կ» կանչելով,
Մանուկներից էլ անհամբեր դարձած,
Ճամփան եմ պահում Ձմեռ պապիկի...