ԽՈՀ ՏԱՐԵՄՈՒՏԻ


Վերջին թերթիկը պոկելուց առաջ
Եղավ մի վայրկյան,
Որ վերապրեցի մի ամբողջ տարի։
Եվ այդ տարվա մեջ վերջ տվի իսպառ
Նյարդեր լարող
Մարդկային բոլոր թուլություններին.
Խաղաղությունը որպես լույսի փունջ,
                Խնդության ալիք,
Իմ սրտի միջով ծավալվե՜ց, փռվե՜ց,
Աշխարհի վրա՝
Պսակված լույսով հավիտենության։
Վերջին թերթիկը պոկելուց առաջ
Իմ ձեռքը դողաց,
                Ետ պահվեց մի պահ
Եվ ակամայից հոգիս պաշարեց
Օրվա պես դանդաղ հեռացող-մարող,
Ինձ ծանոթ մի կանչ...
Շրջվեցի. դեմս հեռացող տարվա
                Օրերը ասես
Շարք էին կանգնել...
Ու ամեն մի օր իր փայլը ուներ,
Հրաժեշտի իր խոսքն էր ասում։
Վերջին թերթիկը պոկելուց առաջ
Սիրտս «ծանրացավ» մի օրվա վրա
(Առաջին օրը նոր բացվող տարվա),
Որ կգա շուտով
Ակունք դառնալու
Թեւավոր ու նոր խիզախումների...
Ահա թե ինչու դողում եմ հիմա,
Ինչպես դողում են սիրահարները՝
Գուշակման ծաղկի
Վերջին թերթիկը պոկելուց առաջ։