Խոսք՝ Հայաստանի անկախության երրորդ տարեդարձի առթիվ կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ



[էջ]

ԽՈՍՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

խմբագրել
(21 սեպտեմբերի, 1994 թ.)

Սիրելի հայրենակիցներ,

Մեծարգո հյուրեր,

Շնորհավորելով ձեզ հայ ժողովրդի ազգային մեծագույն տոնի առթիվ՝ սկզբից եւեթ ուզում եմ շեշտել Անկախության երրորդ տարելիցի խորհրդանշական իմաստը. երեք տարին, իհարկե, կարճ ժամանակ է որեւէ երկրի կայացման ճանապարհին, բայց մեր դեպքում պարունակում է հատուկ խորհուրդ, քանի որ արդեն իսկ ավելին է, քան տեւել է Հայաստանի առաջին հանրապետության կյանքը։

Այլոց թերեւս այդպես էլ մինչեւ վերջ անհասկանալի մնալու[1] դատապարտված կամ աննշան թվացող այս իրողությունը, դժվար չէ պատկերացնել, թե իրականում հպարտության ինչպիսի աղբյուր է՝ ավելի շատ իր անցյալով ապրող հայ ժողովրդի համար՝ անկախ գոյության եւ սեփական ուժերին ապավինելու հոգեբանական արգելքը հաղթահարելու տեսակետից։

Հայաստանի ներկա անկախությունն, ըստ այդմ, արդեն ժամանակի փորձությանը դիմացած փաստ է, հետեւաբար՝ անշրջելի եւ անկորնչելի իրողություն։ Եւ թող ոչ ոք պատրանքներ չփայփայի, թե շահարկելով առժամյա դժվարությունները, իր սին, եւ ըստ էության հակազ
[էջ]
գային նպատակներին հասնելու համար, կարող է հայ ժողովրդի վզին կրկին փաթաթել օտարի մերժված լուծը, մերժված իսպառ, մերժված հավիտյան։

Եթե ժողովուրդը չունի այս գիտակցությունը, եթե ամեն դժվարության առջեւ շարունակելու է ետ-ետ նայել, նշանակում է՝ նա ընդունակ չէ կերտել իր ապագան, ավելին՝ դատապարտված է կործանման։

Կարծում եմ, սակայն, որ Եւրոպայում շրջող հայտնի ուրվականով այլեւս հնարավոր չէ գայթակղեցնել հայ ժողովրդին, քանի որ, ի տարբերություն այլ երկրների, այդ ուրվականը Հայաստանում ունի ոչ թե սոցիալական, այլ բացառապես հակազգային բովանդակություն, այսինքն՝ այն ուղղված է նախ եւ առաջ Հայաստանի անկախության դեմ։ Կարծում եմ նաեւ, որ ժամանակն է՝ այդ ուրվականի վտանգից խուսափելու համար համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության «Հանրաքվեի մասին» օրենքում՝ բացառելով այդ միջոցով Խորհրդային Միության վերականգնման, հետեւաբար՝ անկախության կորստի հնարավորությունը։

Վստահ եմ, որ ազգային բոլոր առողջ ուժերը, վերանալով ներքին տարաձայնություններից ու քաղաքական պայքարի հոգեբանական պայմանականություններից, կպաշտպանեն օրենսդրական իմ այս նախաձեռնությունը՝ հանուն անկախության պահպանման, հանուն Հայոց պետականության ամրապնդման, որից ավելի վեհ խնդիր այսօր գոյություն չունի համայն հայության համար։

Իսկ որ Հայոց պետականությունը, բոլոր չար գուշակություններին հակառակ, կայանում ու քայլ առ քայլ ամրապնդվում է, որ հանրապետությունը գործնական հետեւողականությամբ ապացուցում է իր հավատարմությունը ժողովրդավարությանն ու տնտեսական բարեփոխումներին, որ Հայաստանն առայժմ հաջողությամբ նավավարում է տարածաշրջանային ու միջազգային հարաբերությունների բարդ օվկիանոսում՝ արդեն իսկ իրողություն է, որը ոչ ոք չի կարող ուրանալ՝ առանց մեղք գործելու ճշմարտության եւ սեփական խղճի հանդեպ։

Պահպանելով ժողովրդավարական ձեռքբերումներն ու ներքին կայունությունը՝ Անկախության երրորդ տարվա ընթացքում Հայաստանը նկատելի հաջողությամբ շարունակեց իր առջեւ կանգնած երկու կարեւորագույն խնդիրների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կար
[էջ]
գավորման ու հանրապետության տնտեսական վիճակի բարելավման դժվարագույն գործը։

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ծավալած ձմեռային երկարատեւ ու լայնամասշտաբ հարձակման լիակատար ձախողումից հետո, որն ի վերջո երկու կողմերին պատճառած անհամար զոհերից ու վիրավորներից բացի՝ ռազմաճակատի գծի որեւէ փոփոխության չհանգեցրեց, արդեն ավելի քան չորս ամիս է, ինչ պահպանվում է Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ձեռք բերված զինադադարը՝ տեւողությամբ աննախադեպ պատերազմի ողջ ընթացքում։

Զինադադարը երկու անգամ վերահաստատվել է հակամարտող կողմերի կամքով, եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել այն շարունակել մինչեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը նվիրված համապարփակ քաղաքական պայմանագրի կնքումը։

Բացի զինադադարի երկարատեւ պահպանման ինքնին արդեն խոսուն փաստից, ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ հիշյալ վերահաստատումներն ու պայմանավոր վածությունները կայացել են բացառապես հակամարտող կողմերի միջեւ ընթացող ուղղակի բանակցությունների միջոցով՝ հանգամանք, որ խնդրի ռազմական լուծումից հրաժարվելու նրանց պատրաստակամության ամենացայտուն վկայությունն է։

Սա է, ահա, Լեռնային Ղարաբաղում կայուն խաղաղության հաստատման պատմական պատեհությունը, որից օգտվելու պատասխանատվությունն արդեն, ըստ իս, ընկնում է ոչ այնքան հակամարտող կողմերի, որքան միջնորդ երկրների ու միջազգային կազմակերպությունների վրա, որոնց միջեւ ծագած լուրջ տարաձայնություններն առայժմ, դժբախտաբար, չեն հարթված։

Այդ տարաձայնություններն, ըստ էության, վերաբերում են երկու հարցի. առաջին՝ ո՞վ է խաղալու կենտրոնական դերը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման խաղաղարար ծրագրում՝ ԵԱՀԽ-ն, ԱՊՀ-ն, թե՞ Ռուսաստանը, եւ երկրորդ՝ ինչպիսի՞ կազմ են ունենալու հակամարտության գոտում տեղակայվելիք անվտանգության միջազգային ուժերը։

Ստեղծվում է այն տպավորությունը, որ միջնորդ երկրներն ու միջազգային կազմակերպությունները շահագրգռված են ոչ այնքան բուն
[էջ]
հակամարտության կարգավորմամբ, որքան նրա հետ կապ չունեցող սեփական հաշիվներ ու հարաբերություններ պարզելով. այսինքն՝ նրանց հետաքրքրում է ոչ թե պատերազմի դադարեցումը, այլ դրա հետեւանքով առաջացող նոր իրավիճակն Անդրկովկասում։

Իսկ մեզ համար, ինչպես արդեն առիթ ունեցել ենք հայտարարելու, կարեւոր է ոչ թե այն, թե ով է խաղաղություն հաստատելու Լեռնային Ղարաբաղում, այլ այն, թե որքան արագ է հաստատվելու այդ խաղաղությունը, այլապես հիշյալ տարաձայնությունների շուրջ ընթացող անվերջ բանակցությունները կարող են վտանգել առկա փխրուն զինադադարը, որի ամրապնդման համար միջազգային հանրությունն առայժմ ոչ մի գործնական քայլ չի ձեռնարկել։

Հուսով եմ, սակայն, որ առաջիկայում այդ հակասությունները վերջապես կվերանան, եւ միջազգային հանրությունը, ներդաշնակելով բոլոր միջնորդական ջանքերը, հանդես կգա Լեռնային Ղարաբաղում կայուն խաղաղության հաստատման միասնական ծրագրով, որի էությունը հավանաբար կլինի հետեւյալ բանաձեւը. Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի բաժանարար ուժեր (թերեւս նաեւ մի քանի այլ երկրների ուժերի խորհրդանշական մասնակցությամբ), գումարած՝ ԵԱՀԽ-ի եւ ՄԱԿ-ի դիտորդներ, գումարած՝ ՄԱԿ-ի մանդատ։

Համենայն դեպս, առայժմ մոտավորապես այս լուծումն է ենթադրում ընթացող բանակցությունների եւ դիվանագիտական շփումների տրամաբանությունը։

Ինչ վերաբերում է երկրորդ՝ Հայաստանի տնտեսական վիճակի բարելավման խնդրին, ապա այստեղ էլ առկա են ակնհայտ եւ հուսադրող կայունացման միտումներ, որոնք արտահայտվում են Անկախության երրորդ տարվա ընթացքում արձանագրված հետեւյալ իրողություններով.

- սկսած 1993թ. հունիս ամսից՝ կասեցված է տնտեսական նախընթաց անընդհատ անկումը,

- ամսեամիս ապահովվել է արտադրության ծավալների թեկուզ դանդաղ, բայց պարբերական աճ,

- աշխուժացել է արտաքին առեւտուրը, մեծացել են արտահանումների եւ ներմուծումների ծավալները,

- համակարգվել է բեռնափոխանակումների իրականացումը,

- սանձվել է արժեզրկումը, կայունացել դրամի կուրսը,
[էջ]
- կրճատվել է բյուջեի դեֆիցիտը։

Այս ամենը, որով Հայաստանը շահեկանորեն տարբերվում է ԱՊՀ մյուս երկրներից, ձեռք է բերվել բացառապես հանրապետության ներքին կարողությունների առավելագույն օգտագործման շնորհիվ՝ առանց արտաքին ներարկումների, չհաշված մարդասիրական օգնությունը, որի նշանակությունը բոլոր դեպքերում, սակայն, չպետք է թերագնահատել։ Սակայն ներքին կարողությունների սահմանափակության պատճառով՝ հանրապետության տնտեսական վիճակի հետագա բարելավումն անհնար է պատկերացնել առանց միջազգային ֆինանսական կազմակերպությունների լուրջ օժանդակության եւ շոշափելի օտարերկրյա ներդրումների։

Այս առիթով գոհունակությամբ պետք է նշել հանրապետության կառավարության վարած հաջող բանակցությունները Միջազգային արժութային ֆոնդի եւ Համաշխարհային բանկի հետ, որոնց արդյունքում Հայաստանը, ամենայն հավանականությամբ, առաջիկա տարեմուտից վերջապես կստանա այնքան սպասված ու անհրաժեշտ ֆինանսական օգնությունը։

Իսկ օտարերկրյա ներդրումների հոսքը ակնհայտորեն կախված է խաղաղության գործընթացի խորացումից ու շրջափակումների վերացման հեռանկարից։

Թե՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, թե՛ հանրապետության տնտեսական վիճակի բարելավման ասպարեզում, այսպիսով, ես հակված եմ տեսնելու դրական տեղաշարժեր, որոնց ամրապնդումն ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում եւ ապագայում մեծապես պայմանավորված է Հայաստանի ներքին կայունությամբ, որն ընդհանրապես պետության բնականոն գործառնության միակ գրավականն է։

Պետք է նկատի ունենալ նաեւ, որ Հայաստանի քաղաքական կայունությունը, ներքին նշանակությունից բացի եւ որոշ առումով նրանից առավել, ձեռք է բերել տարածաշրջանային կայունության գործոնի կարեւորություն, որը համարժեքորեն էլ ընկալվում է միջազգային հանրության կողմից՝ ըստ էության հանդիսանալով մեր պետության հիմնական քաղաքական կապիտալներից մեկը՝ ժողովրդավարության եւ տնտեսական բարեփոխումների շարքում։
[էջ]
Եւ ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը ոչ մի դեպքում չի կորցնի իր այս ամենաթանկարժեք ձեռքբերումը, որովհետեւ դրա կորուստը հավասարազոր է ազգային աղետի, ինչպես ցույց է տալիս նորանկախ պետություններից շատերի օրինակը։

«Հայաստանի Հանրապետություն», 22 սեպտեմբերի, 1994 թ.։
Հրատարակված՝ «Հայոց պետականությունը կայանում եւ ամրապնդվում է» վերնագրով։

ՀՀԱՆԱ, 28/21.09.94։ Բնագիր։ Ինքնագիր։


  1. Տպագրում՝ մնաց, փոխանակ՝ մնալու։ Ուղղում ենք ըստ ձեռագրի։